Բուռն քննարկումների առիթ դարձած սահմանադրական փոփոխությունների նախագիծը, առաջին 7 գլուխների հրապարակումից հետո, բավականին լուրջ քննարկումների առիթ դարձավ և քննադատությունների արժանացավ հատկապես քաղաքական տարբեր ուժերի և գործիչների կողմից:
Հարկ է նկատել, որ Սահմանադրության նոր նախագիծը, որն այժմ դրվել է քննարկման, գործող Սահմանադրության համեմատ, բավականին կատարելագործված է, սակայն, ներկայացված նոր նախագծում ևս կան մի շարք դրույթներ, որոնք մտորելու առիթ են տալիս:
Մանավորապես, Սահմանադրության 23-րդ հոդվածում, որտեղ ամրագրված են կյանքի իրավունքն ու մահապատժի արգելքը' գրված է.

 


1. Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք,
2. Կյանքից զրկելը չի համարվում նշված հոդվածի խախտում, եթե այն հետևանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է:

 


Կյանքից զրկելու հիմնավորումներից կարող են լինել, օրինակ, ահաբեկչության ժամանակ՝ ավելի մեծ թվով մարդկանց կյանք փրկելը, մարդու կյանքին ռեալ վտանգ սպառնալը, ինքնապաշտպանական, ինչպես նաև ռազմական գործողությունները (բայց միայն հակառակորդի բանակի հետ բախման դեպքում, ոչ թե խաղաղ բնակիչների ու գերիների):

 

 


Սակայն այս ամենի հետ մեկտեղ, հարկ է նկատել, որ նախագծում չի հստակեցվում, թե որն է բացարձակ անհրաժեշտությունը, և ցանկացած իրավիճակ, այս դեպքում, կարելի կլինի ներկայացնել որպես բացարձակ անհրաժեշտություն:

 


Հ. Գ. Ցանկալի կլիներ, որ այս և նմանատիպ դրույթները ներկայացված լինեին ավելի մատչելի, որը հասանելի կլիներ ինչպես ոլորտի մասնագետների, այնպես էլ հասարակ քաղաքացիների համար, ինչն էլ թույլ կտար հետագայում, իրավակիրառ պրակտիկայում զերծ մնալ չհիմնավորված սահմանափակումներից:

 

 

 

Նարե Սարգսյան