Թուրքական մամուլում շարունակվում են Թուրքիայի զինված ուժերը Սիրիա մտցնելու սցենարների հետ կապված տեղեկությունների հրապարակումները: Սիրիայի հիմնախնդրի վերաբերյալ կայացած մի շարք քննարկումներից հետո նախօրեին կայացել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստը, որի օրակարգային գլխավոր հարցը եղել է Սիրիայի հյուսիսում վերջին զարգացումներն ու իրավիճակը: Ուշագրավ է ԱԱԽ-ի նիստից հետո տարածված հաղորդագրությունը, որտեղ հստակ շեշտվում է Սիրիայի հյուսիսում «դեմոգրաֆիական պատկերի փոփոխմանն ուղղված գործողությունների» նկատմամբ թուրքական կողմի անհանգստությունների մասին: Իհարկե, սա ուղղված է Սիրիայի հյուսիսում այսպես ասած «քրդական միջանցքի» ձևավորմանը, ինչի մասին հայտարարել էր նաև Էրդողանը:

 

Ներկայում մեծ թվով զրահատեխնիկա է կենտրոնացված սահմանին: Իշխանություններին մոտ կանգնած լրագրողներից մեկը ԱԱԽ-ի նիստից հետո գրել էր, որ օրակարգային խնդիրը «անվտանգության գոտու» ստեղծումն է, որի տարածքում էլ նախատեսվում է իրականացնել ընդդիմադիր զինյալների ուսուցումը: Անվտանգության գոտին նախատեսվում է ստեղծել 110 կմ սահմանի երկայնքով, սակայն դեպի Սիրիա խորության մասին դեռևս, կարծես, որոշում չկա:

 

Քննարկվում է 5 կամ 10-15 կմ խորության տարբերակները:
Այս հարցում Թուրքիան ակտիվ բանակցում է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ' Իրանի և Ռուսաստանի հետ: Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների' արտգործնախարար Չավուշօղլուն ԱՄՆ-ին է ներկայացրել Թուրքիային ուղղված սպառնալիքները, անվտանգության գոտու ստեղծման անհրաժեշտությունը և առաջարկել ԱՄՆ-ի հետ միասին քայլեր իրականացնել այդ ուղղությամբ, հակառակ պարագայում' Թուրքիայի կողմից ինքնուրույն նման գործողության գնալու հնարավորությունը:

 

Լևոն Հովսեփյան