Վերջին ժամանակները լրատվամիջոցների կողմից քննարկվեց պետական ապարատի պաշտոնյաների բազմաթիվ գործուղումների հարցը: Հաճախ ենք լսում տարբեր միջազգային կառույցներում Հայսատանի կողմից գործուղվող պատվիրակության կազմը, որի քանակը և բովանդակային կազմը բազում հարցեր է առաջացնում՝ արդյո՞ք մեր բյուջեն իվիճակի է առանց ճողվածք տալու իր վրա կրել նման բեռը, կամ էլ կոնկրետ անձի մասնակցության արդյունավետությունը:

 


Այսօր կառավարության հերթական նիստին գործադիրը բյուջետային հատկացումների եռամսյակային վերաբաշխման եղանակով 60 մլն դրամով ավելացրել է «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծախսային ծրագրով նախատեսված առաջին կիսամյակի գումարը՝ անփոփոխ թողնելով նախատեսված հատկացումների տարեկան գումարը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդիր է դրել հնարավորինս կրճատել գործուղումների թիվը: Խոսքն, իհարկե, չի վերաբերում հատկապես կարևոր այցերին, բայց եթե խնդիրը նվազ կարևոր է, պետք է մերժել գործուղման հայտը: Նման հանձնարարություն է տրվել նաև կառավարության աշխատակազմին:

 


Երբ տնտեսական ցուցանիշները մեր օգտին չեն խոսում, բայց կառավարությունը, այնուամենայնիվ, շարունակում է հնչեցնել տնտեսական աճի վերաբերյալ իր խոստումները և այն ապահովելու վճռականությունը, ապա անհրաժեշտությամբ չհիմնավորված գործուղումների և, առհասարակ, պետական ապարատի սպասարկմանն ուղված ծախսերի կրճատումը կարող է հասարակական վստահության հիմք ստեղծել:

 

 

Վաչագան Գևորգյան