Վերջին 2 ամիսներին Սիրիայում թեժացած ռազմական գործողությունները, դատելով դրանց ընթացքից, կարծես ի վնաս վարչակարգի են ծավակլվում: Այս տարեսկզբից և հատկապես մարտ-ապրիլին երկրի հյուսիս-արևմուտքում, հարավում, հարավ-արևմուտքում հակակառավարական խմբավորումների կողմից իրականացված միաժամանակյա խոշորամաշտաբ ռազմական գործողությունները ստիպեցին սիրիական բանակային ստորաբաժանումներին, նաև նրանց հարող այլ ուժերին իրենց ներուժը մասնատել մի քանի ճակատներում, ինչի հետևանքով էլ գրեթե բոլոր ուղղություններով Բաշար ալ-Ասադին հարող ուժերը շոշափելի կորուստներ են արձանագրում:

 

Մասնավորապես հարավում՝ մայրաքաղաք Դամասկոսի դեմ արձանագրված ընդդիմադիրների չդադարող գրոհներից, քաղաքում իականացված ահաբեկչական գործողություններից, իշխող վարչակարգում առկա որոշ տարաձայնություններից և հատկապես հյուսիս-արևմուտքում Իդլիբ և Ջիսր ալ-Շուղուր քաղաքների կորստից հետո սիրիական իշխանությունների համար մեկ այլ գլխացավանք է հասունանում՝ պայմանավորված ալ-Ասադի հայրենի Լաթակիա նահանգի դեմ ընդդիմադիրների կողմից նախապատրաստվող լուրջ գրոհի հնարավորությամբ, ինչը ստիպում է վարչակագին հավելյալ ուժեր կուտակել ծովեզրին հարող շրջանների անվտանգության ապահովման հարցում:

 


Վերոնշյալ հանգամանքը վարչակարգի ներքին և արտաքին ընդդիմադիրները հաջողությամբ օգտագործում են նաև քարոզչական դաշտում՝ միաժամանակ տեղեկատվություն շրջանառելով առ այն, թե սիրիական բարձրագույն իշխանական օղակներում առկա են լուրջ տարաձայնություններ, վարչակարգը սկսել է ճեղքվածք տալ, իսկ Բաշար ալ-Ասադին մերձավոր շրջապատի ներկայացուցիչներն իրենց ընտանիքներն ու կարողությունները հապճեպ կերպով Դամասկոսից տեղափոխում են Լատակիա:
Բացի վերոնշյալից, Սիրիայում վերջին շրջանում ծավալվող գործընթացները պետք է դիտարկել նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում:

 

Մասնավորապես՝ Վաշինգտոնի ակտիվացումը սիրիական հակակառավարական տարբեր խմբավորումներին տարածաշրջանային դաշնակիցների՝ Թուքիայի, Պարսից ծոցի արաբական միապետությունների կողմից առավել առարկայական աջակցություն ցուցաբերելու, նրանց գործողությունները համակարգելու գործում, Իրանի միջուկային ծրագրի հանգուցալուծման հարցում արձանագրվող առաջընթացը, հաջողությունները Իրաքում «Իսլամական պետության» դեմ ընթացող պայքարում թույլ են տալիս կանխատեսելու, որ հստակ մարտավարություն է իրականացվում՝ սիրիական ռազմադաշտում իշխանությունների դիրքերը սասանելու ուղղությամբ, ինչին, չի բացառվում՝ կարող է հաջորդել քաղաքական հարթակում հիմնախնդրի կարգավորմանը միտված ջանքերի վերագործարկումը:

 

 

 

Արմեն Պետրոսյան