Օրաթերթերից մեկը, հավանաբար օգտվելով ՈՒ.Չերչիլի «Մինչ ճշմարտությունը հագնում է տաբատը, սուտը հասցնում է շրջել աշխարհի կեսը» հայտնի արտահայտության ցավալի ճշմարտացիությունից, անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պատվիրակության Ստրասբուրգ կատարած այցին, ակնհայտ սուտ է տարածել: Ցավոք, օրաթերթը հավատարիմ է մնացել իր անառողջ սկզբունքին և հերթական անգամ փորձել է հերթական սուտը տարածել ԱԺ աշխատակազմի ու նրա ղեկավար Հրայր Թովմասյանի հասցեին՝ գրելով, թե իբր ԱԺ աշխատակիցներին զայրացրել է այն փաստը, որ պատվիրակության 5-6 անդամ ունեցող կազմում ընդգրկված է եղել նաև Աժ աշխակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Սարգսյանի կինը: Օրաթերթի այս ակնարկ-հոդվածն ակնհայտ հերյուրանք է, ավելին՝ զրպարտություն է այն պարզ պատճառով, որ նախ՝ ԱԺ աշխատակիցները քաջատեղյակ են, որ մարտի 19-20-ը Ստրասբուրգում կազմակերպված «Եվրոպական դատարանի որոշումների կատարման նկատմամբ ՀՀ Ազգային ժողովի վերահսկողությունը» խորագրով սեմինարին մասնակցելու նպատակով ԱԺ աշխատակիցների գործուղումը և դրա ծախսերն ամբողջությամբ հոգացել է Եվրոպայի խորհուրդը, ոչ թե ՀՀ պետական բյուջեն: Հավելենք, որ նշված սեմինարն անցկացվել է ամբողջությամբ անգլերենով, առանց հայերեն թարգմանության, իսկ Հայկ Սարգսյանը հանդես է եկել զեկույցով: Թեմային ու անգլերենին տիրապետողները, ցավոք, ՀՀ ԱԺ աշխատակազմում քիչ են: Երկրորդ. ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում ընգրկված է եղել 4 աշխատակից, ոչ թե 5-6, ինչպես որ նշված է հերյուրանք-հոդվածում: Երրորդ. զրպարտությունների շարքը համալրել է նաև այն հերյուրանքը, թե իբր պատվիրակության կազմում ընգրկված է եղել ՀՀ Աժ աշխակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Սարգսյանի կինը: Վերջինս ընդամենը ուղեկցել է ամուսնուն անձնական միջոցներով, նա չէր կարող ընդգրկված լինել պատվիրակության կազմում:


Միաժամանակ հայտարարում եմ, որ այս օրաթերթի էժանագին հերյուրանքներին այլևս չեմ պատրաստվում արձագանքել, քանի որ ինչպես Սենեկան է ասել. «Ստախոսը ստում է նաև այն ժամանակ, երբ դրա համար առիթ չկա. ստում է ուղղակի սովորության ուժով»:

 

 

Արսեն Բաբայան