Իմ անձնական կարծիքով այսօր մեր քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածի լավագույն քաղաքական գործիչը Նիկոլ Փաշինյանն է։


Փաշինյանի քաղաքական գործունեության հետագծը մի քանի անգամ ավելի ուղիղ է, քան այս պահին ընդդիմադիր դաշտում գործող մնացած գործիչներինն ու քաղաքական ուժերինը։


Բնականաբար, բազմաթիվ տարակարծություններ ունեմ Նիկոլի պատկերացրած արտաքին քաղաքական կուրսի հետ, բայց ներքաղաքական զարգացումների գնահատականների հետ ամբողջությամբ համամիտ եմ։
Փորձեմ թվարկել, Նիկոլի այսպես կոչված, առավելությունները։


1. Նիկոլը հասկացել է, որ այլևս պետք է բացառել ՀՀ քաղաքացիներին կեղծ քաղաքական օրակարգերով հիասթափեցնելը։ Այլ կերպ ասած մարդկանց տարատեսակ կոչերով փողոց հանելն ու ոչինչ չանելը, «ռեժիմը խուճապի մեջ է», «վաղը արթնանալու ենք այլ Հայաստանում», «մի քանի օրից այս իշխանություններից մաքրելու ենք երկիրը» բնույթի հայտարարություններ անելը և այլն։


2. Հայտարարել է քաղաքական պայքարի մասին իր պատկերացումները, որոնք ամբողջությամբ իրատեսական են և արդյունավետ վերջաբան ունենալու հավակնություններ ունեն։


3. Կարևորում է քաղաքական ինստիտուտների ստեղծումը, ինստիտուցիոնալ ընդդիմության կողմնակից է։


4. Ունի «քաղաքական կուսակցություն» հասկացության մասին բավարար պատկերացումներ։ Կարևորում է «նոր սերնդի կուսակցությունների» ստեղծումը և կուսակցական ենթակառուցվածքների առկայությունն ու զարգացումը։


5. 2012-ից սկսած քաղաքական պրոցեսներում բավականին հասկանալի դիրքորոշում է ունեցել, ոչնչով չի խանգարել ներքաղաքական զարգացումներին։


6. Թե՛ մինչև ապրիլի 12-ը, թե՛ 12-ից և հայտնի «ետքայլից» հետո բավականին ադեկվատ դիրքորոշում է հայտնել ։


7. Հանուն նեղ անձնական և գրպանային շահերի չի վաճառվել որևէ քաղաքական ուժի կամ գործչի։


8. Միշտ հանդես է եկել նույն սկզբունքային դիրքերից և երբեք չի արդարացրել նախկինում հանցագործ, թալանչի, քրեաօլիգարխիկ կլանի մասնիկ հայտարարած մարդկանց և նրանց արթուրբաղդասարյանալուց հետո «կրծքով չի պաշտպանել»։


9. Եվ որ ամենակարևորն է ինձ համար՝ ոչնչով չի դավաճանել 2007-ից սկսած համաժողովրդական շարժման գաղափարներին։


Հ.Գ. Չգիտեմ հետագայում ինչպիսի քաղաքական քայլեր կանի Նիկոլը, բայց մինչ այս նրա կողմից որևէ անընդունելի քաղաքական սխալ չեմ նկատել չհաշված այն սկզբունքային տարակարծությունը, որ նշեցի վերը։


Հ.Հ.Գ. Չեմ բացառում, որ եթե օրերից մի օր որոշեմ քաղաքական գործունեություն ծավալել, Նիկոլի հետ տարբեր քաղաքական կառույցներում լինեմ, բայց այն փաստը, որ նա այսօր միակն է քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում, որն ունի վերոնշյալ առավելությունները չեմ կարող չնշել։


Բնականաբար այստեղ նշվածը չի նվազեցնում իմ կողմից հարգված և ընդունելի քաղաքական ուժերի և որոշ քաղաքական կուսակցություններում գործունեություն ծավալող անհատների անգնահատելի ներդրումը։

 

 

Նարեկ Սամսոնյան