Անցյալ տարվա վերջին ԿԲ-ի խորհուրդը որոշում ընդունեց, ըստ որի 2017թ.-ից բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը պետք է կազմի նվազագույնը 30 մլրդ. դր: Ուսումնասիրելով նորաթուխ որոշման հետևանքները և հնարավոր զարգացումները' պետք է արձանագրենք հետևյալը:


Այս փոփոխությունը կհանգեցնի բանկային համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը, բանկային համակարգի կայունության ու տնտեսական տարբեր իրավիճակներում շոկերին դիմակայելու ունակության ամրապնդմանը, ինչպես նաև կնպաստի բանկային համակարգի կողմից առավել արդյունավետ և մատչելի բանկային ծառայությունների մատուցմանը:


Այս որոշման հետևանքով տեղի կունենա բանկերի խոշորացում: Այս պարագայում ՀՀ-ում գործող բանկերը պետք է ավելացնեն իրենց կապիտալը, կամ գնան միաձուլումների այլ բանկերի, կամ լավագույն դեպքում վարկային կազմակերպությունների հետ: Նման զարգացումները կբերեն բանկային համակարգի ընդհանուր կապիտալի ավելացման մոտ 200 մլրդ. Դրամով: Այսնինքն ներկայիս 500 մլրդ.-ի փոխարեն այն կդառնա մոտ 700 մլրդ. դրամ:


Ուսումնասիրելով այս որոշման արտաքին գործոնները' հանգում ենք այն եզրակացությանը,որ ընդհանուր շեմի բարձրացումը հնարավորություն կտա, որպեսզի արտասահմանյան կապիտալով աշխատող բանկերը ավելացնեն կապիտալը, ինչն էլ իր հերթին հնարավորություն է երկիր լրացուցիչ գումար բերելու համար:


Հաջորդ արտաքին գործոնը, որը ՀՀ տնտեսական քաղաքականության մեջ այսօր առանցքային է, ԵՏՄ տարածքից ներթափանցած բանկերի հետ մրցակցելու հնարավորությունն է: ԵՏՄ որոշումներից մեկով վերը նշված տնտեսական գոտում գործունեություն ծավալող բանկերը հնարավորություն կունենան ազատ տեղաշարժվել միացյալ տնտեսական գոտում, ինչը ենթադրում է ռուսական բանկերի մրցակցային ակտիվացում հայկականների հետ, որի համար և պետք է «զինված» լինել անհրաժեշտ ռեսուրսներով, որը այս պարագայում կապիտալի ավելացումն է :

 

 



Տիգրան Խաչիկյան