Հայ տաղանդավոր նկարչուհի, քանդակագործուհի Նվարդ Զարյանը ծնվել է 1917-ին՝ Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում։ Նրա հայրը նշանավոր գրող Կոստան Զարյանն է (իսկական անունը' Կոստանդին Եղիազարյան), մայրը՝ դաշնակահարուհի Թագուհի Շահնազարյանը։ Սովորել է Միլանի «Scuola di Brera» ակադեմիայում, ավարտել Վենետիկի «Liceo Artistico»-ի դասընթացները: Հռոմի գեղեցիկ արվեստների ակադեմիայում աշակերտել է քանդակագործ Անջելո Ձանելլիին։ 1936-ին Իտալիայի կառավարությունը նրան հատկացրել է օտարազգի ուսանողների համար սահմանված կրթաթոշակ։ Նույն թվին, 19-ամյա Նվարդը Նեապոլում շահել է դիմանկարի մրցույթի առաջին մրցանակը։ 1965-ից դասավանդել է Հռոմի գեղարվեստի ակադեմիայում: Քանդակագործությունից բացի զբաղվել է նաեւ փայտագրությամբ ու գծանկարչությամբ: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել բազմաթիվ երկրներում: 25 գործ նվիրել է Հայաստանի ազգային պատկերասրահին:

 

Սանտա Մարինելլայի թանգարանի վերածված իր գեղեցիկ տան առանձնության մեջ ապրող ու ստեղծագործող հայ քանդակագործուհին քաղաքի ճանաչված ու գնահատված արվեստագետներից էր: 1982 թ. Սանտա Մարինելլայի լեռնասահքի աղետից զոհվածների հիշատակին նվիրված քանդակի համար քաղաքի բնակիչները նրան դիմեցին։ 2000 թ. աշնանն իր «Փոքրերի շուրջպարը մեռած ծառի շուրջը» աշխատանքը տեղադրվեց Սանտա Մարինելլայի հրապարակներից մեկում:


Նվարդ Զարյանի վերջին ցուցահանդեսը կազմակերպվեց 1996 թ. Սանտա Մարինելլայի ծովափին գտնվող միջնադարյան սքանչելի բերդի մեջ․․․

 

 


Հայե՛ր, գիտե՞ք, որ