Շրթնածաղկավորների ընտանիքին պատկանող միամյա բույս է: Ցողունն ուղղաձիգ է, քառանիստ, մինչև 40-80 սմ բարձրությամբ: Արմատն առանցքային է, բազմաթիվ կողային ճյուղավորումներով: Տերևները, ցողունը և ծաղկաբաժակները ծածկված են մազիկներով, որոնց մի մասի բջիջներում կան եթերային յուղեր պարունակող գեղձիկներ: Ծաղիկները սպիտակ, ծիրանագույն կամ բազմերանգ են՝ հավաքված ճյուղերի գագաթային մասում գտնվող հասկանման ծաղկաբույլերում: Պտուղը պարունակում է 4 կլորավուն սերմեր, որոնք ծածկված են ամուր, մուգ գույնի թաղանթով: Սերմը պարունակում է զգալի քանակությամբ լորձ, մոտ 10 տոկոս ճարպայուղ:


Բազմանում է բացառապես սերմերով, ջերմասեր և խոնավասեր բույս է:


Սենյակային պայմաններում սերմը պահպանում է ծլունակությունը մինչև 5 տարի: Բնության մեջ բազմանում է ինքնացան եղանակով:


Տարբերում են ռեհանի 2 հիմնական տեսակ՝ կամֆորային և էվգենոլային: Առաջին տեսակի (Ocimum menthifolium) տերևները նման են դաղձի, հարուստ են կամֆորայով: Բնության մեջ տարածված է Հյուսիսարևելյան Աֆրիկայում և Արաբական թերակղզու լեռնային շրջաններում: Երկրորդ տեսակը (O. gratissumum) պարունակում է էվգենոլ, մետիլխավիկոլ, նաև կամֆորա և բույսին բնորոշ եթերային յուղ օցիմել:


Կա կարծիք, որ էվգենոլային ենթատեսակը ստացվել է դաղձատերևային և երևանյան տեսակների խաչաձևումից: Երևանյան տեսակը լայնորեն մշակվում է Ռուսաստանի հարավային մարզերում: Մեր էնդեմիկ ռեհանի տերևները կապտամանուշակագույն են, բուրմունքը նման է բուրավետ պղպեղի և թեյի խառնուրդին:


Ռեհանը հնագույն ժամանակներից հայտնի է եղել Արևելքի ժողովուրդներին: Հնդկաստանում ռեհանն անվանում են «սրբազան բույս» («տուլսի»), լատիներեն անվանումն է՝ O.basiliqum – «արքաներին արժանի բուրմունք»:


Սերբերը և ուկրաինացիները համարում են, որ ռեհանն օժտված է մոգական հատկություններով: Տարիներ առաջ ինձ նվեր էին բերել նախշազարդված և ռեհանի տերևներով լցված մի պարկիկ: Բացատրեցին, որ Մոնտենեգրոյում նման պարկիկները համարվում են լավագույն հուռութ, որը մարդուց, բնակարանից, այգուց, տնային կենդանիներից հեռացնում է զանազան չարակամությունները: Սերբերը ռեհանի ճյուղ էին դնում ծննդաբերող կնոջ կողքին և նորածին երեխայի բարուրի մեջ, որպեսզի հանգիստ քնի և «չար աչքից» զերծ մնա: Սերբ բուժարարները խորհուրդ են տալիս ռեհանն օգտագործել ցանկացած տեսակի ինֆեկցիաների դեպքում՝ ուղղակի պետք է սեղանի վրա միշտ թարմ ռեհան լինի:


Ուկրաինայում ռեհանը կախել են առաստաղներից: Աբխազները կարծում էին, որ «ով ռեհան է ծամում՝ նա երկար է ապրում»:


Արևմտյան Եվրոպայում ռեհանը հայտնի է 16-րդ դարի սկզբից, ներկայումս շատ մեծ կիրառություն ունի Իտալիայում: Մշակվում է ո՛չ միայն սննդի մեջ օգտագործելու նպատակով, այլև կամֆորա և էվգենոլ ստանալու համար: Ռեհանից ստացվող եթերային յուղը վաճառվում է դեղատներում: Խորհուրդ է տրվում կիրառել բրոնխիտի, գրիպի, մրսածության և սարսուռի, գլխապտույտի, գլխացավի, միգրենի, դեպրեսիայի, նյարդային հոգնածության, տագնապի, ուշագնացության, պարոդոնտոզի, ստոմատիտի, դիսբակտերիոզի, դիսպեպսիայի, կոլիտի, մեթեորիզմի, նախադաշտանային համախտանիշի և դաշտանի խանգարումների, մազաթափության դեպքում:


Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում են թարմ և չորացրած տերևները, ծաղիկը, սերմը: Տերևը հարկ է հավաքել ծաղկման շրջանում, չորացնել օդափոխվող ծածկի տակ, ցանկալի է ոչ լուսավոր տարածքում, որպեսզի պահպանվի գույնը:


Ժողովրդական դեղատոմսեր


Միզապարկի բորբոքում. ծաղկման շրջանի սկզբում հավաքել տերևը և ճյուղերի վերգետնյա մասը՝ չբացված ծաղիկների հետ: Աղալ հումքը, զտել հյութը, քամել թանզիֆով: Հյութը խառնել ջրի և գոլ մեղրի հետ (1:1:1): Խմել 3-ական թ/գ՝ նախաճաշից և ընթրիքից կես ժամ հետո: Խստորեն պահպանել չափաբաժինները և ընդունման կարգը: Շարունակել 10 օր, կրկնել ևս երկու անգամ՝ տասական օր ընդմիջելուց հետո:


Բկաբորբ. 20գ չոր տերևը 7 օր թրմել 200մլ օղու մեջ, քամել: Պահել սառնարանում, խառնել գոլ ջրի հետ (1:5), կատարել ողողումներ:


Անքնություն. 1թ/գ թարմ հյութը լուծել 100մլ կաթի, կեֆիրի կամ մածունի մեջ: Խմել քնելուց առաջ:


Աչքերի հոգնածություն. 1թ/գ չոր (2 ճյուղիկ թարմ) տերևը թրմել 1լ ջրում: Քամել, լվանալ աչքերը հով թուրմով: Պայծառացնում է տեսողությունը: Կատարել օրը 1-2 անգամ, շարունակել 7-10 օր, ընդմիջել 7 օր: Կարելի է դնել թրջոցներ:

Նյարդերը հանգստացնող. 15գ շահասպրամի սերմը (կամ հավասար քանակությամբ վերցված սերմը և տերևը) 30 րոպե տաքացնել ջրային բաղնիքի վրա 200մլ ջրի մեջ, 20 րոպե թրմել, քամել: Լցնել լոգանքի ջրի մեջ (37C)՝ տևողությունը՝ 10-15 րոպե:


Յուղամզվածք. ապակե տարան լցնել թարմ տերևներով (ոչ խիտ), ավելացնել այնքան չզտված արևածաղկի յուղ, որ ծածկի հումքը, 15 րոպե տաքացնել ջրային բաղնիքի վրա (փակ կափարիչով): 30 օր թրմել մութ տեղում՝ կիպ փակված տարայում, քամել, հումքը մզել յուղի մեջ:


Խնդրահարույց մաշկ, կորյակներ. յուղամզվածքով մշակել նախօրոք մաքրված մաշկը, 5 րոպեից մաքրել բամբակե խծուծով:


Եղունգների խնամք. յուղամզվածքը ներմերսել եղունգների մեջ:


Ռևմատիզմ, մկանների բորբոքում. յուղամզվածքը քսել ցավոտ մասին, ծածկել կալկայով, փաթաթել շալով:
Վահանագեղձի հիվանդություններ. յուղամզվածքը կաթեցնել ձեռքի վրա, մերսել կոկորդին և պարանոցին՝ ընդամենը կես թ/գ:


Ստամոքսաբորբ, ստամոքսի, 12-մատնյա աղիի խոց, լյարդի և լեղապարկի հիվանդություններ, դիսբակտերիոզ, ախորժակի անկում. օգնում են շրջանաձև մերսումները որովայնի շրջանում:

Յուղամզվածքը ներմերսում են ժամացույցի սլաքի ուղղությամբ՝ որպես կենտրոն ընդունելով պորտը՝ հետզհետե մեծացնելով շրջանը: Նման բուժումը ճիշտ է, որ կատարի մասնագետը:


Թարախային վերքեր. եռացնել 250 մլ ջուր, 5 րոպե անց լցնել 20 գ սերմ, 15 րոպե թրմել, քամել: Լվանալ վերքերը, թողնել չորանա:


Սրտխառնոց. թարմ կամ չոր տերևները դնել լեզվի տակ, լավ միջոց մեքենայով ուղևորությունը դժվար տանող անձանց:


Մրսածություն. 5գ չոր (30գ թարմ) տերևը 5 րոպե թրմել 250մլ ջրում, քամել: Խմել կիտրոնի և մեղրի հետ:


Ռեհանը լայնորեն օգտագործվում է շատ ժողովուրդների ազգային խոհանոցներում: Չորացրած տերևի փոշին փոխարինում է բուրավետ պղպեղին և վանիլինին: Մարդիկ հնագույն ժամանակներից նկատել են, որ թարմ բույսի բուրմունքը խթանում է մտավոր ակտիվությունը, ամրացնում նյարդային համակարգը, լավ աֆրոդիզիակ է: Թարմ տերևն ավելացնում է կերակրող մայրերի կաթը, օգտակար է վիրուսային համաճարակների, մալարիայի դեպքում: Լավացնում է շնչառությունը, ախորժակը և մարսողությունը, մեղմացնում է ատամի ցավը: Ռեհանն օգտակար է ասթենիայի (անուժականություն) դեպքում:


Զգուշացում. Խորհուրդ չի տրվում ուտել հղիներին, արյան բարձր մակարդելիության, ընկնավորության, ստամոքսի խոցի դեպքում:

 

 


Վրեժ Հովսեփյան