- 2010 թվականի նոյեմբերի 26-ին Ռուսաստանի Վարչապետ Վլադիմիր Պուտինը Գերմանիա կատարած այցի ժամանակ հյուրընկալվելով Süddeutsche Zeitung-ին կարդում է դասախոսություն ժամանակակից աշխարհաքաղաքական խնդիրների վերաբերյալ և առաջարկում Եվրոպական Միության հետ ստեղծել Վլոդիվոստոկից մինչև Լիսաբոն ազատ առևտրի գոտի: Պուտինի առաջարկը առերեսվում է բավականին սառը վերաբերմունքի և մնում անպատասխան, թերևս մինչև երեկ:


- Հայտնվելով վտանգավոր արտաքին տնտեսական երկարաժամկետ խնդիրների առաջ, նույն Վ. Պուտինը 2011-ին ռուսական թերթերից մեկում տպագրում է իր հոդվածը, որում արվում է առաջարկ ստեղծել Եվրասիական տնտեսական միություն, որը ազատ առևտրի գոտու և մաքսային միության գործառույթ պետք է իրականացնի հետխորհրդային միշարք երկրների միջև:


- Ուկրաինական ճգնաժամը մեծապես պայմանավորված է տնտեսական խնդիրներով: Ուկրաինացիները մինչև մայդան անկեղծորեն ցանկանում էին երկիրը բարեփոխել և ստեղծել ժամանակակից եվրոպական տնտեսություն ու արժեքներ, իսկ ռուսները այդ քայլերը դիտարկեցին իբրև տնտեսական սպառնալիք:


- Երեկ երեկոյան, Դավոսում տեղի ունեցած տնտեսկան ֆորումի ժամանակ Կանցլերուհի Մերկելը (CDU) և Տնտեսության նախարար Գաբրիելը (SPD) առաջարկեցին ԵՄ-ին և Ռուսաստանին սկսել երկխոսություն միասնական առևտրային տարածք ստեղծելու վերաբերյալ, ըստ Կանցլերի, Գերմանիան պատրաստ է: Սա, ոչ այլ ինչ է, քան պատասխան Վ. Պուտինի 2010-ի առաջարկին… դրական պատասխան:


- Կարող ենք հայտարարել, որ ուկրաինական պատերազմն ավարտվեց, ըստիս պատերազմի տեխնիկական ավարտին ականտես կլինենք արդեն այս տարի:


Ինչ է սա նշանակում Հայաստանի համար և ինչ պետք է անի Հայաստանը


- ԵՄ-Ռուսաստան ազատ առևտրային տարածքի ստեղծումը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից, ավելին, տարածաշրջանային անվտանգության, առևտրատնտեսական խնդիրների բոլոր լուծումները կարելի է ակնկալել միայն այս եզակի հնարավորության տիրույթում:


- Ռուսաստանը, երբ սկսի բանակցել, հանդես է գալու Եվրասիական Միության անունից: Հայաստանը, անկասկած, այս նախագծում ներկայացված կլինի իբրև կարևոր գործոն:


- Եթե համադրվեն Ռուսաստանի և ԵՄ առևտրատնտեսական շահերը, կլուծվի նաև ԼՂՀ խնդիրը և Թուրքիայի հետ սահմանի բացման խնդիրները:


- Հայաստանի Հանրապետությունը, քաղաքացիական հասարակությունը և սփյուռքը պետք է իրենց ջանքերը և էներգիան ուղղեն դեպի ԵՄ-Ռուսաստան մերձեցմանը:


- Պետք է բացառվի այսպես կոչված «ռուսամետների» և «եվրոպամետների» միջև փոխադարձ քարկոծումը, պիտակավորումը, ատելության քարոզչությունը և լարվածության ստեղծման բոլոր փորձերը, իրենց հակասությունները մեր հակասությունները ՉԵՆ, իրենց մերձեցումը կդառնա մեր ՀԱՂԹԱՆԱԿԸ: Անհրաժեշտ է միավորվել!


- Կարևորագույն դեր ու նշանակություն ունի ԱՄՆ-ը, սակայն կարելի է կռահել, որ գերմանացիները առանց ԱՄՆ-ի հետ համաձայնեցնելու նման հայտարարություններ չէին անի: Թեման արժանի է ավելի խորը վերլուծության:


Հ.Գ. Անցած տարվա Հոկտեմբերի 26-ին Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղված իմ ակնարկում գրել էի հետևյալը. «Եվրասիական միությունը և Եվրոպական միությունը դեռևս կհասցնեն համագործակցել, ինտեգրվել և ինչու ոչ միաձուլվել, մեծագույն սխալ կլինի Եվրոպական միության կամ եվրոպական միության կողմնակիցների հանդեպ ատելություն կամ անհանդուրժողականություն տարածելը»:


Հ.Գ. 2. Այս թեմայի շուրջ պատրաստ եմ ցանկացած ձևաչափի երկխոսության և բանավեճի:

 

 

Վիկտոր Ենգիբարյան