Իտալիայում Նոր տարին սկսվում է հունվարի 6-ին: Ըստ ավանդության այդ գիշեր կախարդական ավելի վրա նստած գալիս է Ձմեռ Տատիկը : Լա Բեֆանան, մտնում է այն սենյակները, որտեղ քնած են երեխաները և նրանց գուլպաների մեջ դնում է նվերները: Իսկ այն երեխաներին, ովքեր դասերը լավ չեն սովորել կամ իրենց վատ են պահել, Լա Բեֆանան նվերի փոխարեն բերում է ածուխ կամ մի բուռ մոխիր:

 

Իտալական Ձմեռ Պապիկը Բաբբո Նատալեն է: Իտալացիները գտնում են, որ Ամանորին պետք է ազատվել բոլոր հին և անպետք իրերից: Այդ պատճառով Ամանորի գիշերը իտալացիները պատուհանից դուրս են նետում իրենց բոլոր հին իրերը՝ հին արդուկներ, ծաղկամաններ, աթոռներ, կոշիկներ… (պատկերացնում եք մեկը այդ գիշերը որոշի գնա դուրս՝ ման գալու) :

 

Համարվում է, որ որքան շատ բան թափես, այդքան ավելի հարուստ կլինես նոր տարում: Ամանորյա իտալական սեղանին պարտադիր պետք է լինի ընկույզ, ոսպ և խաղող, որոնք խորհրդանշում են երկարակեցություն, առողջություն և բարեկեցություն:

 

Իտալիայում կա նաև այսպիսի ավանդույթ. հունվարի 1-ի առավոտյան պետք է աղբյուրից ջուր բերել տուն: Իտալացիներն ասում են, որ եթե ընկերների համար ոչ մի նվեր չես պատրաստել, պետք է նրանց նվիրել ջուր և ձիթապտղի ճյուղ: Համարվում է, որ դա երջանկություն կբերի:

 

 

Արթուր Սաֆարյան