Այսօր բավական հետաքրքրական ու սթափեցող տվյալներ է հրապարակել Ահարոն Ադիբեկյանը: Ըստ այդմ արժութային անկումը, որն այս պահին նկատվում է ողջ հետխորհրդային տարածքում և ոչ միայն և հիմնականում կապված է ռուսական ռուբլու գնանկման հետ, Հարավային Կովկասում առավել ցավոտ կարող է լինել միայն մեր համար, քանի որ ՀՀ-ն իր տնտեսական համակարգով գտնվում է չափավոր ազատ տնտեսություն ունեցող երկների մեջ և զբաղեցնում է 42-րդ տեղը, սակայն շուկայական հարաբերություններով բավականին հետ է: Բացի այդ, Հայաստանի շուկայական տնտեսությունը գտնվում է սկզբնական փուլում, իսկ Ադրբեջանի, Վրաստանի շուկայական տնտեսությունը գտնվում է միջանկյալ փուլում և ավելի քիչ հնավարություն ունի հակազդելու կամ դիմադրելու: Ընդ որում, Ադիբեկյանը մի չարագուշակ կանխատեսում ևս կատարել է. ըստ այդմ, եթե պետությունը քայլեր չձեռնարկի, ապա երկրի բնակչության կեսը' մեկ միլիոն մարդ, Հայաստանում կհայտնվի ֆինանսատնտեսական բավական ծանր ու ցավոտ վիճակում /մարդը միամիտ բերանից թռցրել է, որ Հայաստանի բնակչությունը երկու միլիոն է/: Եվ երրորդ չարագուշակ կանխատեսումն էլ այն էր, որ դրամի արժեզրկումն առաջին հերթին կհարվածի "բյուջետային"-ներին ու սոցիալապես արդեն իսկ խոցված խմբերին ու պետական սոցիալական քաղաքականության պաշտպանության ներքո գտնվողներին:  


Թերևս սա այն դեպքերից է, երբ Ադիբեկյանը ճիշտ է խոսել և իրոք վիճակը մոտ է կատաստրոֆիկին: Ու ինքնին հասկանալի է, եթե այս կանխատեսումներն իրականանան, ապա Հայաստանի գլխին ռեալ կախված կլինի սոցիալական ընդվզման հեռանկարը:

 

 

Գևորգ Գրիգորյան