Վրաստանի տարադրամի շուկայում լուրջ խնդիրներ են առաջացել:
Լարին արագ տեմպերով արժեզրկվում է:
Վրաստանի Կենտրոնական բանկի նախագահն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ հավաստիացնելով բնակչությանը, որ վրացական տարադրամի շուկայում տեղի ունեցող զգալի տատանումները, լարիի արժեզրկումը Վրաստանի ֆինանսական և մակրոտնտեսական կայունության վրա բացասական ազդեցություն չի ունենա: Միևնույն ժամանակ, վրացի պաշտոնյան նշել է, որ ազգային արժույթի արժեզրկումը պայմանավորված է ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին գործոններով: Վերջինս, սակայն, դժվարացել է կանխատեսել, թե երբ կկայունանա իրավիճակը տարադրամի հետ կապված:

 

 


Ի դեպ լարիի արժեզրկումն աննախադեպ չափերի է հասել, նախկինում նման տատանումներ չէին արձանագրվել: Ներկայում տարադրամի փոխանակման կետերի մեծ մասը չի գործում կամ հրաժարվում է դոլար վաճառել, իսկ վաճառքի դեպքում սահմանում բավականին բարձր գին: Այս օրերին լարի դոլար հարաբերակցությունը միջինը 2-ը մեկի է, այսինքն 100 դոլարն արժե ավելի քան 200 լարի, որոշ դեպքերում նաև 220:

 

 


Հ.Գ. Նման իրավիճակում հասկանալի է դառնում, ապրանքների գների ամանօրյա ավանդական բարձրացումները աննախադեպ չափերի կարող են հասնել: Ուստի ոչ միայն Վրաստանի այլ նաև մեր պատկան մարմինները պետք է աչալուրջ լինեն և համապատասխան միջոցներ ձեռնարկեն՝ հատկապես կանխարգելելու թե՛ տարադրամի փոխանակմամբ զբաղվող սուբյեկտների և թե՛ վերոնշյալ հանգամանքներից օգտվող շատ-շատ առևտրականների՝ հաճախ արհեստականորեն, անտրամաբանական գնային քաղաքականություն իրականացնելու փորձերը:

 

 

 

Ալիկ Երոյանց