Նոյեմբերի 25-ին Ստոկհոլմի Միջազգային խաղաղության ինստիտուտում ունեցած իր ելույթում նախարար Նալբանդյանը մասնավորապես նշել է. «Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի պաշտպանության բանակի' ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցումը, որը խլեց երեք երիտասարդ զինծառայողների կյանք, Բաքվի վերջին հանցավոր սադրանքներից է: Ադրբեջանական զինուժը գրեթե տասն օր շարունակ ուղղաթիռի խոցման վայրը պահեց ինտենսիվ կրակի տակ' խոչընդոտելով փրկարար խմբերին, ԵԱՀԿ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին՝ զոհված օդաչուների մարմինները տարհանելու գործում։
Առերեսվելով Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի հերթական կոպտագույն խախտմանը' Ղարաբաղի Պաշտպանության բանակը ստիպված եղավ դիմելու հատուկ գործողության՝ տարհանելու խոցված ուղղաթիռի անձնակազմից մեկի դին և մյուս երկու օդաչուների մասունքները։
Բաքուն շարունակում է հակադրվել միջազգային հանրությանը, որը մեկ անգամ ևս ակնհայտ դարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների' ուղղաթիռի խոցման վերաբերյալ հրապարակած հայտարարությանը իր արձագանքից: Ադրբեջանը ակնհայտորեն կորցնում է իրականության զգացումը' օրեցօր խորացնելով անդունդը իր և քաղաքակիրթ աշխարհի միջև»:
Սասուն Հովհաննիսյան