Սիրելի ուսանողներ,


Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ուսանողության միջազգային օրվա առթիվ: Աշխարհի շատ երկրներում այս օրը նշվում է նաև որպես երիտասարդության համախմբման ու միասնականության օր: Բոլոր ժամանակներում էլ ուսանողների պարտականությունը ուսման մեջ հնարավորին գիտակ ու հաջողած լինելն է: Ուսանողությունն այն հենասյունն է, որին հենվում է յուրաքանչյուր հաջորդ սերունդ՝ ապահովելով սեփական երկրի առաջընթացը՝ ուստի որքան գրագետ, կազմակերպված ու համախմբված լինի ուսանողությունը, այնքան հաջողած ու ապահով կլինի երկրի ապագան:


Լինելով ուսանող դուք՝ նաև չգրված պարտականություն եք ստանձնում, քանզի ուսանողությունը հասարակությունն առողջացնող այն ուժն է, հասարակական այն շերտը, որը, չնայած կենսական սակավ փորձին, դառնում է ողջ հասարակության շարժիչ ուժը։ Ձեր կյանքում հիմա անչափ կարևոր ու պատասխանատու շրջան է. հենց ուսանողական տարիներին է մարդն սկսում պաշարել հետագա ամբողջ կյանքի համար անհրաժեշտ գիտելիքն ու կենսափորձը, իրերին ու իրադարձություններին սկսում նայել նորարարական մտածողությամբ:


Ամեն տարի մայրաքաղաքի տարբեր բուհեր հազարավոր երիտասարդներ են ընդունվում ոչ միայն Երևանից, այլև հանրապետության տարբեր մարզերից և, ըստ էության, առնվազն ուսանելու տարիներին, դառնում մեր մայրաքաղաքի լիիրավ բնակիչը: Ուրախ եմ, որ դուք ձեր ակտիվ մասնակցությունն ենք բերում մայարաքաղաքում տեղի ունեցող գրեթե բոլոր միջոցառումներին, ավելին, հաճախ նույնիսկ դառնալով այս կամ այն միջոցառման նախաձեռնողը:


Սիրելի ուսանողներ, մաղթում եմ ձեզ քաջառողջություն, տոկունություն, որ չվարանեք ձեր նախընտրած գործում, կամքի ուժ, նորանոր հաջողություններ՝ ի բարօրություն մեր սիրելի մայրաքաղաքի ու պետության։

 

 

Տարոն Մարգարյան