Մեր քաղաքական գործիչներից, լրագրողներից, ինչու չէ քաղաքացիներից շատերը կյանքում միայն վատն են տեսնում, ամեն ինչի նայում մութ, սև, ծուռ ակնոցներով…Շատերի մոտ դա արդեն բնավորության գիծ է, խրոնիկ հիվանդություն, կենսակերպ…Ու սփռում են այդ վատը շուրջ բոլոր, թմբկահարում աջ ու ձախ, տարածում, չնկատելով այն ամեն լավը, դրականը, գեղեցիկը, որ կա մեր կյանքում: Իսկ նման բաներ շատ կա, մանրուքներից, մարդկային դրական կերպարներից մինչև լուրջ, դրական գործեր…


Եթե դուք հաճույք եք ստանում ատելուց, ատեք…Բայց տեսեք նաև լավ բաներ ու խոսեք նաև լավից, լավ գործերից, դրական գործերից, արարքներից, դրական լիցքերից…Այդ ժամ գուցե մեր կյանքն էլ փոխվի դեպի լավը, գեղեցիկը, բարին ու թևածի սերն ամենուր…


Առավոտյան շատ զարմացա, երբ Գյուլբենկյան-Ա.Խաչատրյան փողոցների խաչմերուկում կեղտոտ, տձև, անճոռնի, աղբի ու աղտեղության մեջ թաղված կրպակների կույտի փոխարեն տեսա մի դրախտի անկյուն, մի գեղեցիկ պուրակ՝ Գյուլբենկյանի կիսանդրին պատվանդանին, ծառ ու ծաղիկ, նստարաններ, գեղեցիկ լույսեր…Հրաշք մի անկյուն…Իսկ նման հրաշքներ մեր մայրաքաղաքում շատ են կատարվել, հատկապես վերջին տարիներին...


Պայքարենք, ընդվզենք, չինովնիկերին ստիպենք լավ, արդար աշխատել, պետական մտածողությամբ, բայց եկեք լավն էլ տեսնենք, իսկ լավ բան էլ շատ կա մեր կյանքում, ուղղակի տեսնել է պետք…

 

 

Ռոբերտ Մելքոնյան