Արդեն երկու օր է Ուկրաինայի արևելքում վերսկսվել են մարտական գործողությունները։ Ճիշտ է, թեժ մարտերը միայն մի կետում են ընթանում՝ Դոնեցկի միջազգային օդանավակայանում ու դրա հարակից տարածքներում, բայց այսօր արդեն կարելի է ասել, որ հրադադարը ավարտվելուն մոտ է։
Մյուս կողմից, իրավիճակի ու ուժերի դասավարովածության կտրուկ փոփոխություն է գնում Կիևում, որտեղ գնալով ավելի է մեծանում անջրպետը խունտայի հարաբերականորեն չափավոր ու ծայրահեղական թևերի միջև։ Ու այս դիմակայությունը ավելի ու ավելի է սրվում՝ գալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։
Չափավոր թևը՝ նախագահ Պորոշենկոյի գլխավորությամբ, փորձում է ձերբազատվել, կամ էլ գոնե հնարավորինս թուլացնել ծայրահեղական թևին, որի ուժային ձևաչափը կամավորական գումարտակներն են՝ բաղկացած Աջ սեկտորի, Ուկրանայի Պատրիոտների, Ռադիկալ կուսակցության ու այլ աջ-ծայրահեղականներից։ Ու եթե չափավոր թևը դեռ պահպանում է հարաբերական հիերարխիա ու անգամ կարելի է խոսել կայացած համագործակցության մասին՝ Պորոշենկոյի ու ազգայնական Սվոբոդայի միջև (Սվոբոդան հիմա 5 նախարարական պորտֆել ունի), ապա մյուս թևում քաոս է. Լյաշկո, Յարոշ, Սեմյոնով և այլն (ու համապատասխանաբար՝ նրանցից յուրաքանչյուր հետևում կանգնած օլիգարխիկ կլանները)։
Ուկրաինայում հիմա բավականին հետաքրքիր իրավիճակ է հասունանում։ Պորոշենկոն ու նրան սատարող քաղաքական ուժերը փորձում են տարբեր լեգիտիմ պատճառներով ցրել ու ռեպրեսսիաների ենթարկել կամավորական գումարտակները։ Ռադիկալներն իրենց հերթին չեն պատրաստվում այդքան հեշտ հանձնվել ու օրինակ Աջ Սեկտորը արդեն քանի օր է «ժողովրդական լյուստացիա» է իրականացնում՝ բռնարարքների ենթարկելով տարբեր պաշտոնյաների, աղբամանների մեջ նետելով տարբեր պատգամավորների։
Սակայն ամենավտանգավորը Պորոշենկոյի ու Ուկրաինայի համար առհասարակ այն է, որ այսպես կոչված կամավորական գումարտակները այդքան էլ հեշտ թիքա չեն ու նրանց մոտ էլ գնալով հասունանում է դժգոհություն, որը կարող է բերել նոր հեղաշրջման։ Ուկրաինայում հիմա զինված այնքան մարդ կա, որ ամենաանպաշտպան շերտը ուկրաինական հասարակությունում երևի ոստիկաններն են։ Բանը հասել է նրան, որ օրինակ Օլեգ Լյաշկոն կարող է հեռուստատեսությամբ ներքին գործերի նախարարին ասի «Դեբիլը դու ես», իսկ ասենք Օդեսսայում ռեգիոնալ պատգամավորին ծեծելուն ու աղբարկղը նետելուն ոստիկանները վախեցել էին միջամտել։
Գնալով ավելի բարձր են դառնում նաև այն խոսակցությունները, որ Պորոշենկոյին ենթական ՊՆ-ն ու ՆԳՆ-ն դիտավորյալ էին սադրել Իլլովայսյան ողբերգությունը, որի ժամանակ շրջապատման մեջ հայտնված հակաահաբեկչական օպերացիայի ուժերը (առավելապես կամավորական գումարտակները) այնպիսի խայտառակ կորուստներ տվեցին, որ զոհերի թիվը ավելի շատ էր, քան մինչ այդ օպերացիայի ողջձ ընթացքում եղած զոհերի թիվը։ Այլ կերպ ասած, ռադիկալները մեղադրում են գործող իշխանություններին՝ դիտավորյալ իրենց ուժային թևին ոչնչացնելու փորձի մեջ։
Ու եթե հիմա այս պրոցեսսները կտրուկ չփոխեն իրենց վեկտորը, ապա խորհրդարանական ընտրություններին, կամ էլ դրանցից անմիջապես հետո Ուկրաինական քաղաքացիական պատերազմում կավելանա ևս մի կողմ ու Պորոշենկոն ոչ միայն ստիպված կլինի մտածել պրոռուսական ապստամբների դեմ պայքարի մասին, այլ շատ ավելի վտանգավոր ու անկանխատեսելի, նացիստական գաղափարներով տոգորված ռադիկալների մասին։ Ու քաղաքացիական պատերազմի նոր փուլը արդեն չի լինի Արևելքն՝ ընդդեմ մնացյալ Ուկրաինայի, այլ կլինի բոլորը՝ բոլորի դեմ ֆորմատով, ընդ որում, նոր կոնյունտուրայում ամենաթույլը կլինի հենց Պորոշենկոյի թևը։
Կոնստանտին Տեր-Նակալյան