Ազատ մարդը ստրուկից ներքուստ տարբերվում է մեկ հատկանիշով' արժանապատվությամբ: Պատվի մասին գաղափարը, անձնական ու առավելերս ազգային, պետական արժանապատվությունը բնածին գաղափարներ չեն, դա հատուկ պետք է սերմանել ու դաստիարակել մանկուց: Մեծ Բրիտանիայում տարիներ առաջ այցելել էի երկրի հնագույն համալսարաններից մեկը' Իթոն, որտեղ անգլիական ազնվականության սերնդներ էին կեռտվում: Ինձ ցույց տվեցին միջնադարյան շինության մեջ տեղավորված ճաշասենյակը ուսանողների համար ու ասացին, որ սա համալսարանի սրբատեղն է: Մոտեցա հին տաշած գերաններից սարքված երկար սեղաններին ու նստարաններին, նկատեցի, որ դանակով փորագրած բազմաթիվ գրառումներ կան, հիմնականում նախկին ուսանողների անունները, ինչպես աշխարհի շատ այլ ուսումնարաններում: Զարմացա, որ նման խիստ ու ավանդական հաստատության պատերոմ թույլատրվել ու պահպանվել էր տղայական այս չարաճճիությունը:

 

 

Ուղեկիցս էլ ավելի զարմացրեց ինձ, ասելով, որ դա անգամ խրախուսվում էր ու դիտվում որպես մեծ պատիվ ինչպես շրջանավարտների, այնպես էլ դպրոցի համար: մոտեցա եւ կարդացի փորագրությունները. Մեծ Բրիտանիայի լավագույն ու փառահեղ ընտանիքնեչի ազգանուններն էին, կոմսեր ու արքայազներ… Սակայն, պարզվեց, որ հատուկ հպարտության առարկան ոչ թե դրանք են, այլ հենց սեղանն ու նստարանները, որոնց վրա իրենց հետքերն էին թողնում երիտասարդ բրիտանական վերնախավի սերնդները: Պարզվեց, որ սեղանի ու աթոռների կոպիտ մշակված փայտե գերանները բերված էին այստեղ դեռեւս 1588 թվականին, երբ անգլիական նավատորմը ջախջախեց ու ոչնչացրեց իսպանական «Մեծ Արմադան»' հարյուրից ավելի ռազմանավեր, որ հարձակվել էին Բրիտանիայի վրա: Իսպանական նավերի փշրանքները հանվեցին ջրից ու մի քանի գերաններից աթոռ ու սեղան սարքեցին, որպեսզի ապագա բռիտանական վերնախավւ մանկուց սեփական հետույքներով զգա ու կլանի իր Հայրենիքի փառքն ու հաղթական ոգին... Ես ապշել էի:

 

 

Այնպես չէ, որ մեր հազարամյա պատմության մեջ չկան հաղթանակներ, որ համեմատելի լինեն անգլիացիների սույն սխրանքի հետ: Արտաշեսից մինչեւ Խետում, Տիգրան Մեծից մինչեւ Կիլիկիա, իրանահայ խոջաներից մինչեւ Մխիթարյան միաբանություն, Սարդարապատից մինչեւ Շուշի' մենք այդքան բան ունենք ավելացնելու մեր պատմահոր համեստ հպարտությանը... Սակայն ինձ ցնցել էր հենց հարցի դրվածքը' անգլիացիները ամենայն լրջությամբ, բնազդի մակարդակից դաստիարակում էին իրենք ազգի ու պետության վերնախավը, դրա ասպետությունն ու հպարտությունը, խիզախությունն ու ազնվականությունը:

 

 

Եւ Բրիտանական պատմության ամենամռայլ ու դաժան օրերին, 1940 թ. երբ գերմանական օդանավերը ռմբակոծում էր Լոնդոնն, իսկ Ստալինը դաշնակցում էր Հիտլեին, մինչդեռ ԱՄՆ պահպանում էր չեզոքությունը, երբ Փարիզը, Բրյուսելը, Օսլոն, Սթոքհոլմը, Վարշավան, Պրահան զավթված էին ֆաշիստների կողմից, միայնակ մնացած Մեծ Բրիտանիայի վարչապետ Չերչիլը, որն իմիջիայլոց ավարտել էր հենց Իթոնի քոլեջը որպես կոմս Մարլբորո, հայտարարեց, որ իր երկիրը մարտնչելու է ու չի հանձնվելու: Եւ նա ասաց պատմության մեջ հավերժացած խոսքեր. “Եթե անպատվության ու պատերազմի միջեւ դուք ընտրելու եք անպատվությունը, ապա կստանաք եւ անպատվություն, եւ պատերազմ”:

 

 


Պատիվ, արժանապատվություն… Ես կարծում եմ, որ ամենից շատ Հայաստանին ու հայերին այսօր անհրաժեշտ է արժանապատվությունը: Հացից ու գազից, զենքից ու փողից ավել: Բնական ռեսուրսների ու հանքավայրերի մեջ, մեր հասարակության ու մտավորականության մեջ, իշխանության ու ընդդիմության մեջ արժանապատվության ճչացող պակաս է զգացվում: Ինրո’ւ է այսպես ստացվել, ե’րբ է սկսվել այս ազգակործան մղձավանջը? Վաղ միջնադարում թուրքական սուլթաններից մեկը տարօրինակ թվացող օրենք էր արձակել, որն արգելում էր հայերն… ձի նստել: Անհեթեթ թվացող այս որոշումը խորագույն իմաստ ուներ, քանզի հեծյալը, ձիավորը' ազատ մարդ է, իսկ հայերին պետք էր ստրկացնել, մոռացության մատնել նրանց փառապանձ այրուձին, որը հիքսոսների ժամանակից մինչեւ Բյուզանդական դարաշրջան հայոց բանակի հոգին էր ու հաղթական ուժը: Ձիուց հանելով հայերին թուրքերը ձգտում էին զրկել մեզ ասպետությունից ու ազնվականությունից սերմանել ստրկությունն ու վախը, կախվածությունն ու հնազանդությունը: Նրանց օրինակին հետեում էին մեզ վրա իշխող նաեւ այլ տիրությունները:

 

 

Հայաթափումը անպայման չէ որ մարդասպանություն է: Այսօրվա ստրկատերերին շատ ավելի ձեռնտու է պահպանել հային որպես աշխատուժ ու հարկատու, միայն հարկավոր է թափել նրա միջից ազգային ու անձնական արժանապատվությունը: Երբ Հայաստանի երկինքն ապականվում է թուրքական մուղամի կլկլոցով կամ ռուսական գողական “շան-սոնով”'դա հայաթափություն է, դա հայի ստրկացում է, դա նրա շղթայացումն է:

 

 


Ես դեռ մի քանի տարի առաջ զայրանում ու զարմանում էի, թե ինչու իմ Հայրենիքում րեն ցուցադրվում հայոց պատմության ու մշակույթին նվիրված իմ պատմական ֆիլմերը: Հակապես սրտնեղում էի, որ առ այսօր անհայտ է մնացել Տիգրան Մեծին նվիրված, հայոց պետականության, դիվանագիտության, բանակի ստեղծման ծավալուն, մեկուկեսժամանոց “Տիգրանակերտ” վավերագրական կինոնկարը, երեք տարվա աշխատանքիս արդյունքը: Հետո հասկացա, որ դա գործիս լավագույն գնահատականն է, քանի որ նման ֆիլմը մահացու վտանգ է պարունակում այսօրվա իշխանությունների համար: Չէ որ իրեն արքայական ժառանգ զգացող ժողովուրդը երբեք չի հաշտվելու ստրուկի կարգավիճակի հետ: Իսկ այն, որ մենք այսօր ստրուկներ ենք եւ մեր հայրենիքը վերածվել է ստրկատիրության' պարզ է բոլորին:

 

 

Ուրեմն ստրկատերերը ոչ մի դեպքում չպետք է թույլ տան մեզ վերհիշենք ու վերապրենք ազատ մարդկանց արժանապատիվ ու անհաշտ կերպարն ու կեցվածքը: Առավելեւս, որ նրանք վաճառվել են ու մեզ են վաճառել ավագ ստրկատիրոջը' Ռոեւսաստանը զավթաց գաղտնի ծառայությունների վերնախավին, որի համար մենք անգամ ծառա չենք, այլ իրենց ստրուկների ստրուկներ ենք: Սերժիկի ու Սաշիկի, Լիսկայի ու Մուկի, Լֆիկի ու Շմայսի իշխանությունը, վարքը, տեսքը, մականունները հանդուրժող ազգը այլեւս չունի արժանապատվություն: Իսկ արժանապատվությունից զրկված մարդն ու ժողովուրդը ստրուկ է: Ի’նչ ենք անում, հայեր? Ո’ւմ ենք թողնում մեր երկիրը, մեր հողը, մեր կանանց, մեր զավակներին? Եթե նախնիներից չենք ամաչում, գոնե երեխաներից ամաչենք… Ամաչելու ունակությունը' մարդկանց եզակի առանձնահատկություն է բնության մեջ: Կենդանիները չեն ամարում, միգուցե որովհետեւ ամոթալի բաներ չեն անում: Իրենք ստրկություն չեն տանում, գերադասում են կռվել ու մեռնել:

 

 


Իսկ մենք? Ժամկետներ ենք դնում. հոկտեմբերի տասը, ապրիլի քսանչորսը… Ողորմելի ենք: Ստրկության մեջ անցկացրած ամեն օրը ոչնչացնում է մեր հոգին, զրկում է մեզ պատվից, հայաթափում է մեզ: Լիսկայի նշանակումը ստրկատերերի հմուտ հաշվարկ է' հաշտվել նման ապտակի հետ նշանակում է հանդուրժել ու կրել ստկության դրոշմակնիքը: Եթե մեր հոգին ու սիրտը չի այրվում ստրկության դաջվածքներից, ուրեմն մենք ընտելացել ենք, ուրեմն մեզ հետ ամեն ինչ կարելի է անել:

 

 


Պատիվ, պատիվ եմ պահանջում…Ո’ւր են պոետները, ո’ւր են ասպետները հայոց երկրի? Տիկնայք հայոց փափկասուն, ինչո’ւ եք դուք հանդուրժում այս լուծը? Մերժեք ձեր ամուսիններին ու սիրեկաններին, մի ընդունեք նրանց ձեր անկողիններում, քանզի մեզնից բոլորիցս ստրուկի հոտ է գալիս այսօր: Զզվեք մեզնից ու ստիպեք, որ մենք ինքներս մեզնից զզվենք: Երեխաներ մի ծնեք մեզնից, քանզի ստրուկից միայն ստրուկ է ծնվելու… Դուրս քշեք տղամարդկանց, դուրս եկեք ինքներդ փողոցներ ու հրապարակներ, մկրտվենք կրկին ազատության օրրանում, բայց ասենք այս անգամ ճիշտ հակառակը դրա, ինչ պահանջում են հովիվները հոտից: Ասենք երեք անգամ ' “Հնազանդ չեմ, հնազանդ չեմ, հնազանդ չեմ…” Մենք հոտ չենք, մենք ստրուկ չենք: Ազատությո'ւն, հայեր: Անհնազանդությո'ւն, համաքաղաքացիներ: Արժանապատվությո'ւն, ազգակիցներ: ՈՒրիշ ելք, ուրիշ մուտք, ուրիշ ճանապարհ չկա:

 

 

 

 

Տիգրան Խզմալյան