Ասում են՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ ծավալվելիք պայքարում ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, համակարգելու է իր գործողությունները պաշտոնական Դամասկոսի հետ. համագործակցությունն իրականացվելու է երրորդ պետության հատուկ ծառայությունների միջոցով:


Չնայած դիվանագիտական հարթակում տարբեր մակարդակներում պաշտոնապես հետևողականորեն հերքվում է նման փոխգործակցության հնարավորությունն, այսուհանդերձ, նշված տեղեկատվության հավաստիությունը հաստատվում է միաժամանակ մի քանի պետությունների հատուկ ծառայությունների կողմից: Ավելին, նշվում են կոնկրետ օրինակներ, երբ ամերիկյան հետախուզության կողմից սիրիական զինված ուժերին են տրամադրվել հետախուզական տվյալներ Արաբական Հանրապետության տարածքում ԻՊ-ի ղեկավար կազմի հանդիպման մասին, ինչից հետո սիրիական օդուժը ռմբակոծել է տվյալ բնակավայրը:


Գոնե իմ կարծիքով, վերոնշյալ բնույթի ամերիկասիրիական համագործակցություն, ըստ էության, գուցե հնարավոր է ռազմարշավի նախնական փուլում, մինչդեռ մեծ հաշվով՝ այս արշավն ուղղված է նաև Բաշար ալ-Ասադի վարչակարգի դեմ: Ասել է թե՝ նման կերպ՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարելու հարցում իրավական հիմնավորման առկայության պայմաններում ԱՄՆ-ը ձգտում է «մեկ կրակոցով երկու նապաստակ որսալ»՝ մի կողմից ԻՊ-ի դեմ համաչափ պայքար իրականացնել Սիրիայում և Իրաքում, մյուս կողմից՝ վերջ դնել ավելի քան 3.5 տարի ապարդյուն շարունակվող սիրիական ճգնաժամի ընթացիկ փուլին՝ Բաշար ալ-Ասադի իշխանազրկմանն ուղղված գործընթացին:


Միևնույն ժամանակ, ԻՊ-ը հայտարարություն է տարածել, որով կոչ է արել Վաշինգտոնին և նրա դաշնակիցներին՝ հրաժարվել կառույցի դեմ իրականացվելիք գործողություններից՝ հակառակ դեպքում սպառնալով համարժեք պատասխաններ իրականացնել կոալիցիայի անդամ պետությունների դեմ արդեն մերձավորարևելյան տարածաշրջանից դուրս:


Այս դեպքում արդեն հնարավոր է՝ իրականություն դառնա իսլամականների շարքերում նախկինում հանդես եկած, ապա սեփական բնակավայրեր վերադարձած ԻՊ-ի բջիջների ակտիվացման գործընթացն, ինչի մասին արդեն տևական ժամանակաշրջան լուրջ մտահոգություն են հայտնում նաև ինչպես եվրոպական ու ամերիկյան փորձագիտական, այնպես էլ անվտանգության ծառայությունների շրջանակներ՝ արևմտյան բազմաթիվ պետություններում ահաբեկչական վտանգի աճի հետ կապված:

 

 

Արմեն Պետրոսյան