Արցախի անկախությունը պատմական ու հերոսական իսկական օրինակ է ազատության ու անկախության ձգտող ու դրանց համար մարտնչող անպարտ ժողովրդի համար: Ազատատենչ արցախցին կարողացավ այդ խառնակ, պատերազմական դժվարին ժամանակներում չկորցնել իր հավատը, ոգին, նա արժևորեց իր պապերից ժառանգած փոքրիկ, բայց թանկ, պատմությամբ ու մշակութապես հարուստ հողակտորը, այն մշակեց հայրենասիրական ոգով և իր հպարտ լեռներում շեփորեց անկախության հաղթական քայլերգը: Նա արյամբ օծեց ու քրտինքով մշակեց իր հողը, կառուցեց ու շենացրեց իր գյուղերն ու քաղաքները: Այսօր, ընդամենը 23 ամյա երիտասարդ հանրապետությունը, զարմացնում է իր ապրելու, պետականության ամրացման, զարգացման, կառավարման գործուն ինստիտուտների, անվտանգության պահպանման բարձր պատրաստվածությամբ: Գտնվելով շրջափակման ու գրեթե ամենօրյա պարտադրված պատերազմական գործողությունների մեջ, իր հարևանությամբ ունենալով 20-րդ դարասկզբին բնորոշ բռնապետական երկիր՝ Արցախը տարածաշրջանում դարձել է ժողովրդավարության առաջամարտիկ՝ կենսունակ հասարակության քաղաքական համակարգով, ամուր քաղաքացիական հասարակությունով և իրավական պետության կառուցվածքով: Հեռու չէ այն օրը, երբ քաղաքակիրթ մարդկությունը կսկսի գնահատել այդ ժողովրդի ապրելու ու արարելու կամքը, վճռականությունը և նրա ինքնորոշվելու բացառիկ ու անօտարելի իրավունքը:


Տոնդ շնորհավոր, ազատ ու անկախ Արցախ աշխարհ:

 

 

Հովհաննես Մանուկյան