Դոլարի պատմությունից

 

1786 թ. ԱՄՆ կոնգրեսն օրենք ընդունեց «դոլարի» ստեղծման մասին: Մինչ այդ Հյուսիսային Ամերիկայում շրջանառվում էին արծաթյա թալերները' հոլանդական, գերմանական, ավստրիական: Թալերը (գերմ. tal – հովիտ) միջնադարյան արծաթե մետաղադրամի անվանում է, որն առաջին անգամ հայտնվել է Գերմանիայում՝ 1519թ.: Թալերից առաջացել են Իտալիայի, Իսպանիայի, Հոլանդիայի, Սկանդինավյան մետաղադրամների անվանումները' daler, dalar,daaler, talero և այլն: Այս բառից է ծագել նաեւ «դոլար» անվանումը: Դոլարի նշանը ($) եւս ունի իր նախապատմությունը, սակայն դրա ծագման մասին միասնական տեսակետ գոյություն չունի: Պաշտոնական վարկածն այն է, որ ժամանակակից դոլարի նշանն օգտագործել է իռլանդացի հարուստ վաճառական Օլիվեր Փոլոքը: Դոլարի նշանի առաջացման առավել հետաքրքիր վարկածներից են «ստրկային» եւ «միստիկ» վարկածները: Ստրկային վարկածը ենթադրում է, որ նշանը գործիքի պատկերն է, որով գամում էին ստրուկներին: Միստիկ վարկածի հեղինակները պնդում են, որ նշանը Իսրայելի Սողոմոն արքայի անվան առաջին տառն է (գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ի հիմնադիրները մասոններ են եղել): Մեկ այլ վարկած. անգլերեն piese of eight-ը (մեկ ութերորդ, ֆունտ) թղթի վրա է հայտնվել որպես ջնջված ութ, որը և արդյունքում դարձել է «$»:

 

Այժմ «դոլար» անվանումը կրում է 27 պետությունների արժույթը: Շարքում վերջինը սինգապուրյան դոլարն է, որը շրջանառության մեջ է մտել 1976թ.: Թղթադրամը գեղագիտորեն է ձևավորված' այստեղ ծաղիկներ են, թռչուններ ու նավեր: