Չէի ուզի որևէ մեկին վնաս հասցնել այս գրառումով, բայց և մի երկու տող կգրեմ: Հաղթանակի օրվա կապխակցությամբ ռուսական շքերթի համար Գյումրիում եմ դեռ ու կվերադառնամ հավանաբար վաղն առավոտ: Սակայն սա չէ կարևորը: Ուրեմն առիթ ունեցա Գյումրիի երթուղային տաքսիներից օգտվելու: Քսանութ համարի երթուղիից ավելի կոնկրետ: Ուրեմն նախ մոտ կես ժամ ստիպված էի սպասել կանգառում, մինչև կմոտենար գազելը, թեև ընդամենը երեք կանգառ էի գնալու, ինչպես հետո պարզվեց, -որովհետև Գյումրիին ծանոթ չեմ գրեթե ու ինձ ուղղակի խորհուրդ են տվել, որ նստեի այդ համարի երթուղիով գնացող գազելը- : Հետո, ներսում' սրահում, ասեղ գցելու տեղ չկար, ես մի կերպ սողոսկեցի ու կանգնեցի համակարգչի պայուսակս երբեմն դարձնելով հենման կետ, որպեսզի փողոցների խորդուբորդություններով անցնելիս չհայտնվեի ասենք միջնաստարանային տարածքում փափուկ վայրէջք կատարած վիճակում: Այդ երեք կանգառների ընթացքում ես հացրեցի իմանալ տեղի մի քանի հիմնարկներում սպասվող օպտիմիզացիայի հետ կապված ներքին խոհանոցային մանրամասներ, որոշ ախշատողների օրվա ճաշի ընդմիջման ճաշացանկը, առերեսվեցի հավանաբար ռուսական դպրոցում աշխատող մի գլամուր ուսուցչուհու հետ, ով թեև ինձանից պակաս հայերեն չգիտեր, սակայն որովհետև կողքին տղա էր նստած, սկսեց խոսել ռուսերենով տիպիկ լենինականյան ակցենտով, ու այսպես շարունակ: Ու հետաքրքրականն այն է, որ այդ գազելւը այնպիսի ընթացքով էր շարժվում, որ մի պահ թվաց թե էքստերմալ սպորտի մրցույթի եմ մասնակցում առանց կյանքի ապահովագրություն անցնելու:
Ինչևէ:
Կուզենայի, որ Գյումրիի տեղական իշխանությունների պատկան մարմինները գոնե արձագանքեին հասարակ մահկանացուիս ու ասեին, թե ինչ չվացուցակով է աշխատում քսանութ համարի երթուղին սպասարկող գազելները, առավելագունը քանի ուղևոր է կարելի տեղավորել, ուշադրություն չեմ ասում խցկել, այլ տեղավորել այդ գազելում, և քաղաքի մեջ հանրային սպասարկող տրանսպորտի միջոցը մինչև ինչ արագություն կարող է զարգացնել, երբ գոնե իմ անցած երեք կանգառների ճանապարհին կային երկու դպրոց մեկ հիվանդանոց -ստացիոնար- ու մեկ մանկապարտեզ: Եվ վերջապես թույլատրվում է արդյոք տարբեր համարներ սպասարկող գազելներին, եթե ճանապարհները համընկնում են, իրար հետ մրցավազքի դուրս գալ:
Ի դեպ գիտեմ նաև գազելի համարը, և չեմ բարձրաձայնում տվյալ վարորդին չվնասելու համար:
ՀԳ - Սույն գրառմանը չարձագանքման դեպքում չի բացառվում, որ ստիպված կլինեմ ավելի ուշադիր լինել այսօր մինչև Երևան վերադառնալս, ու հավաքածս տեղեկատվությունը արդեն ամենայն մանրամասնությամբ ներկայացնել ՀՀ Տրանսպորտի ու կապի նախարարության համապատասխան մարմնին պատշաճ կերպով հարցին լուծում տալու համար:

 

 

Հարություն Հարությունյան