Օրերս Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում նախագահությունն փոխանցվեց Ադրբեջանին: Ինչպես հիշում եք նախորդ տարի մայիսին այդ կառույցի նախագահությունը 6 ամսով փոխանցվեց Հայաստանին: Մեր երկիրը հստակ ներկայացրեց իր առաջնահերթությունները վեց ամսյա նախագահության ընթացքում, որոնք ըստ էության շոշափելու էին համաեվրոպական առանցքային խնդիրները: Մենք ի սկզբանե ասել էինք, որ Հայաստանի նախագահությունը հետամուտ է լինելու Եվրոպայում ռասիզմի և այլատյացության դեմ պայքարին, միջմշակութային երկխոսության միջոցով եվրոպական արժեքների խթանմանը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության եվրոպական չափանիշների ամրապնդմանը, ինչպես նաև ժողովրդավարական հասարակությունների խթանմանն ու եվրոպական ճարտարապետությունում Եվրոպայի խորհրդի դերի ամրապնդմանը:
Խնդրում եմ ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ մեր նախագահության ամբողջ ընթացքում մենք ընդհանրապես չենք շեղվել մեր առաջնահերթություններից և մեր համեսը ներդրումն ենք ունեցել վերը նշված խնդիրներին որոշակի լուծումներ տալուն: Ասեմ ավելին ձևաչափով չի էլ նախատեսվում, որ յուրաքանչյուր նախագահող երկիր պետք է իր նախագահության ժամանակահատվածում բարձրաձայնի բացառապես իր երկրին հուզող հարցեր և ըստ այդ սաբոտաժի ենթարկի ընդհանուր կառույցի գործունեությունը: Այս երկար ներածությունից հետո ասածս հետևյալն է' Ադրբեջանն ինչպես երևում է պատրաստվում է առաջիկա 6 ասմիսներն օգտագործել հակահայկական քարոզչության միջոցով եվրոպացիների ուղեղները թմրեցնելու համար:
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար և այսուհետ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Էլմար Մամեմդյարովը երեկ ելույթ է ունեցել տվյալ կառույցի 124-րդ նիստին և չդիմանալով գայթակղությանը կրկին անդրադարձել է իրենց «հին ցավերին»: Բայց մինչ դրանց անդրադառնալը վերջինս ասել է թե, հաջորդ 6 ամիսների ընթացքում իր նախագահության ընթացքում Ադրբեջանը կանի հնարավոր ամեն ինչ՝ Եվրոպայի Խորհրդի նպատակների իրականացման համար: Դե հասկանալի է թերևս, որ անմիջապես չէր կարող անդրադառնալ Արցախյան համակամարտության: Նա մի քանի ևս ֆորմալ հայտարարություններից հետո, առ այն թե Ադրբեջանն իբր հետևողականորեն ժողովրդավարական բարեփոխումներ է իրականացնում և կատարում է Եվրոպայի Խորհրդի առջև ստանձնած բոլոր պարտավորությունները, կարելի է ասել անցել է բուն գործին:
Էլմար Մամեդյարովը քննադատել է ԵԽ-ին և դրան կից գոծող ձևաչափերը մասնավորապես ասելով հետևյալը. «Հարևան Հայաստանի ագրեսիայից տուժած Ադրբեջանի դիրքորոշումը կայանում է նրանում, որ Եվրոպայի խորհրդի և նրա մոնիթորինգային խմբի ներկայացուցիչները հակամարտության գոտիներ կարող են այցելել միայն համապատասխան երկրներից թույլտվություն ստանալուց հետո: Հակառակ դեպքում դրանք խախտում են միջազգյաին իրավունքը և մեր կողմից դիտվում են և առաջիկայում ևս կդիտվեն որպես ոչ իրավաչափ քայլեր»:
Դատելով նախագահության սզբում տեղի ունեցող իրադարձություններից' կարելի է ասել, որ Ադրբեջանն առաջիկա 6 ամսիներին, և´ մեր, և´ Եվրոպացիների ուղեղները սղոցելու է իրենց նկակտմամբ գործած «ագրեսիայի» մասին հեքիաթներով, չնայած առաջին հերթին ամեն դեպքում կսղոցվեն եվրոպացիների ուղեղները: Գիտեք ինչ ամեն հարթակ չէ, որը պետք է օգտագործել սեփական խնդիրները բարձրաձայնելու համար: Ամեն ինչ իր տեղն ու նշանակությունն ունի: Ի վերջո 20 տարուց ավելի է ինչ այդ քաղաքականությունը ցույց է տալիս իր անարդյունավետությունը: Ադրբեջանի ղեկավարությունը թերևս ցանկանում է միշտ ակտուալ պահել հակամարտությունը'զուգահեռ փորձելով ամբողջ աշխարհին համոզել, որ իրենք ագրեսիայի զոհ են, բայց ինչպես երևում է չեն հասկանում, որ նման կեցվածքը միայն արժեզրկում է խնդիր կարևորությունն ու էությունը:
Այնպես որ առաջիկա 6 ամիսներին կփոխվի միայն այն, որ Հայաստանն ու Երվոպան մի քանի անգամ ավելի շատ կլսեն Ադրբեջանի լացուկոծը: Այսքանը և ոչ ավելին:

 

 

Հայկ Թամրազյան