Ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանը ԽՍՀՄ-ում ռեակտիվ ավիացիայի հիմնադիրներից է, ծնվել է 1905 թ: Նրա գլխավորությամբ մշակված ինքնաթիռներով սահմանվել են 55 համաշխարհային ռեկորդներ, որոնց զգալի մասը դեռևս մնում է չգերազանցված: Անաստաս Միկոյանը ծնվել է 1895 թ: Նա ավիացիայի ու հումանիզմի հետ կապ չունի, եղել է Ստալինի կամակատարը, բռնապետության սյուներից մեկը: Նրա «շնորհիվ» են այն աշխարհ գնացել հանրապետության շատ ղեկավարներ, այդ թվում՝ Ամատունին, Ակոպովը, Գյոզալյանը: Նա իր ստորագրությունն է դրել հազարավոր մարդկանց մահապատիժների որոշման տակ: Հիմա Երեւանի ավագանին որոշում է կայացրել այս մարդու արձանը կանգեցնել Երեւանում՝ հայտնի չէ ո՞ր արժանիքների ու իր ժողովրդին մատուցած որ ծառայությունների համար: Ի դեպ, 60-ականներին, երբ մի խումբ հայաստանցի մտավորականներ ցանկացել են Արցախի հարցով հանդիպել Անաստաս Միկոյանին, Արտեմ Միկոյանը իրավացիորեն զգուշացրել է, թե իմաստ չունի, որովհետեւ մերժում են ստանալու… Գուցե Երեւանի այսօրվա ավագանին շփոթե՞լ է Անաստաս ու Արտեմ Միկոյաններին եւ հիմա չի կարողանում բարձրաձայն խոստավանել: Կամ գուցե ոչ էլ շփոթել է, ուղղակի ցանկանում է ատելության ու ստորաքարշության պուրակ հիմնել Երեւանում, որի առանցքում կլինի Անաստաս Միկոյանի արձանը:

 

Սերժ Կանայան