Երիտասարդներից շատերին որ հարցնես թե 99 տարի առաջ այս օրը ինչ է տեղի ունեցել, կասեն որ թուրքերը միլիոն ու կես մարդ են սպանել...Մի օրու՞մ, եթե շարունակես հարցնել, կասեն չէ, բայց էս օրը շատ մարդ են սպանել...
Այս օրը 99 տարի առաջ թուրքերը սպանեցին հայի միտքը, հոգին' մտավորականությանը, մշակույթը...Երբ Կոստանդնուպոլսում այս օրը ձերբակալվեց 600 հայ մտավորական որոնցից շատերը գլխատվեցին և սպանվեցին: Թուրքը լավ գիտեր որ հային սպանելու համար հարկավոր է սպանել նրա միտքը, միակ հզոր զենքը, որ չունեն ուրիշ ոչ մեկ... Այսօր կրկին սպանում են հայի միտքը, տեղահանում հայ մտավորականին, վերացնում ապականում և խեղաթյուրում մշակույթը... Թուրքը չի մոռացել որ դա է միակ ձևը իսպառ ձերբազատվելու հայից' վերացրու նրա մշակույթը և մնացած զանգվածը կլուծվի աշխարհի կեղտի հետ ու շատ շուտով կմոռացվի նրա գոյությունը... Սրով, յաթաղանով թե ավելի դանդաղ ու «մարդկային» միջոցներով' մատնելով նրան սովի, զրկելով նրան իր հողի վրա ապրելու և ստեղծագործելու իրավունքից ու հնարավորություններից, օրվա հացի խնդիրը գերնպատակ դարձնելով, և իհարկե ուրիշի' օտարի մշակույթը ներկրելով և տեղականը դրանով խեղդելով կարվի թե մի ավելի նոր եղանակով կարևոր չի: Կարևորը վերջնական արդյունքն է, ինչին մենք շատ ենք մոտեցել, շա՜տ-շատ, վտանգավոր շատ... Ես այսօր Ծիծեռնակաբերդ չայցելեցի, իմ համար տարվա 365 օրը Ապրիլ 24 է: Իմ համար տհաճ է ևս մեկ անգամ տեսնել այն այլանդակությունները որ կատարվում են հուշահամալիրի մուտքից մինչև վերջ, սկսած համբուրգեր, շաքարե բամբակ ու ծաղիկ ծախող առևտրականներից մինչև արևածաղիկի սերմ ուտող աղջիկ կպցնելու կամ տղերքի մոտ «քունջիկլարմ» լինող երիտասարդներից: Ես իմ որդուն տարվա մեջ ցանկացած օր կայցելեմ իմ պապերի հուշակոթողը, հետո իր քեռու գերզմանը Եռաբլուրում, ուր նա անպայման ծաղիկ կդնի նաև իր անհայտ քեռիների հուշարձանին: Եթե ուզում ենք իսպառ չվերանալ ապա փրկել է պետք հենց մեր մշակույթը որը այսօր հոգեվարքի մեջ է...

Արշակ Զաքարյան