ՀԱՅ ՎՐԻԺԱՌՈՒՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ կազմակերպիչների դեն
1919 թ., Թիֆլիսի Երևանյան հրապարակում տակավին պատանի Արամ Երկանյանը գնդակահարեց մուսաֆաթական դահիճ Ղասիմբեկովին:
1920 թ. հունիսի 19-ին Արամ Երկանյանը գնդակահարեց Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի խան Խոյսկուն և նրա գործակից, Շուշիի հայերի ջարդարար Սաֆարովին:
1921 թ. հուլիսի 21-ին Ստամբուլում Միսաք Թոռլաքյանը գնդակահարեց Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բեհբութ Ջևանշիր խանին: Թոռլաքյանը Թեհլերյանի նման վարվեց, փախուստի չդիմեց, և անգլիական դատարանը անմեղսունակ ճանաչեց նրան:
1921 թ. դեկտեմբերի 5-ին Հռոմում Արշավիր Շիրակյանը, հընթացս նետվելով կառքը, որով երթևեկում էր երիտթուրքերի կառավարության վարչապետ Սայիդ Հալիմ փաշան, տապալեց նրան և կանգնեցնելով կառքը' հեռացավ:
Մի քանի ամիս անց' 1922 թ. ապրիլի 15-ին նույն Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում, Թալեաթի այրու աչքերի առաջ, սպանեցին Տրապիզոնի հայերի ջարդերի կազմակերպիչ դոկտոր Ջեմալ Ազմիին և Բեհաեդդին Շաքիրին:
1922 թ. հուլիսի 25-ին Թիֆլիսում' Չէկայի շենքի դիմաց Պետրոս Տեր-Պողոսյանը, Արտաշես Գևորգյանը, Ստեփան Ծաղիկյանն ու Զարեհ Մելիք-Շահնազարյանցը սպանեցին Օսմանյան Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար Ջեմալ փաշային:
Երիտթուրք պարագլուխներից «Նեմեսիսի» վրիժառությունից խույս տվեց «Միություն և առաջադիմություն» կուսակցության գլխավոր քարտուղար, Թուրքիայի ներքին գործերի նախարար Էնվեր փաշան: Սակայն Էնվերին 1922 թ.' փախուստի պահին, Միջին Ասիայում գնդակահարեց Կարմիր բանակի հրամանատար Հակոբ Մելքումյանը:
Երիտթուրք մյուս դահիճը' դոկտոր Նազիմը, 1926 թ. մահապատժի ենթարկվեց Թուրքիայում' Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դեմ կազմակերպած մահափորձի համար:
Ինչպես վերը նշվեց, «Նեմեսիս» ծրագրի խնդիրն էր ոչնչացնել ոչ միայն երիտթուրքերի պարագլուխներին, այլև հայ դավաճաններին: Մասնավորապես, 1920 թ. Սողոմոն Թեհլերյանի գնդակով սպանվեց Թուրքիայի գաղտնի ոստիկանության քաղաքական ղեկավար Մկրտիչ Հարությունյանը: Նույն թվականին Արշավիր Շիրակյանը գնդակահարեց Պոլսի հայ մտավորականների ցուցակը կազմած դավաճան Վահե Եսայանին:

 

 

Զոհրապ Եգանյան