Այսօր Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում և Եվրոպայում հաշվում են մի քանի հարյուր հազար քաղաքական խորհրդատվություն մատուցող խոշոր և միջին կազմակերպություններ: Վերջիններս, հիմնվելով քաղաքական խորհրդատվության կայուն ձևավորված փորձի վրա, մասնագիտացված ծառայություններ են մատուցում դրա կարիքն ունեցող կուսակցությունների և այլ քաղաքական ուժերի: Նման պրոֆեսիոնալ մոտեցումը մեծապես նպաստում է ընտրությունների անցկացման բարձր մակարդակին և ընդհանուր հաշվով հանդիսանում է դեմոկրատիայի պահպանման երաշխիք, քանզի քաղաքական խորհրդատվության մեջ առկա տեխնոլոգիաները՝ մաքուր թե կեղտոտ, այնպիսի հմտությամբ են օգտագործվում, որ հասարակության մեջ կարծիք է ձևավորվում, որ ընտրություններն անց են կացվել ազատ և արդար: Այսօր մեր երկրում տիրում է մի իրավիճակ, երբ ծառայություններ մատուցում են բոլորը, բացի այդ ոլորտում մասնագիտացված անձանցից: Եվ նման ոչ պրոֆեսիոնալ գործունեությունից բխող հետևանքներն էլ մեծապես ստվեր են գցում քաղաքական խորհրդատվության վարկանիշի վրա: Աշխարհը այնպիսի մի շրջան է թևակոխել, որտեղ բոլոր տեխնոոգիաները չափից դուրս արագ են զարգանում: Նայելով աշխարհի փորձին, հանգում ենք այն եզրակացությանը, որ մենք բավականին հետ ենք մնացել այդ գործընթացներից: Կարող ենք ենթադրել, որ մեր հասարակության զարգացման դանդաղ տեմպերը հանդիսանում են Խորհրդային միության կողմից թողած ժառանգություն: Ինչպես գիտենք ԽՍՀՄ-ի անդամ բոլոր երկրների կյանքը գտնվում էր ստատիկ վիճակում, այսինքն չկային արմատական փոփոխություններ, գրեթե յուրաքանչյուր ոլորտում տիրում էր status quo -ն: Բայց, այնուամենայնիվ, վերջին տասնամյակում նկատելի են որոշակի տեղաշարժեր դեպի առաջ, իհարկե կրիայի քայլերով: Սակայն, հարկ է նշել, որ ավելի լավ է կրիայի քայլերով հաստատուն կերպով առաջ ընթանալ, քան վագրի թռիչք կատարել և հետո ռեվերս ապրել: Դեպի առաջ քայլեր կատարելիս պետք է բավականին խորն ուսումնասիրել հաջողված փորձերը և այնտեղից ընտրել միայն այն հատիկները, որոնք կարող են ծիլեր տալ հենց մեր պահպանողական մտածելակերպ ունեցող հասարակության մեջ: Այժմ մեր պահպանողական երկիրն այն վիճակում է գտնվում, որ այն ոչ թե նորարար է, այլ պարզապես փոխառում է նորարար երկրների փորձը: Սակայն նորամուծություններն էլ չպետք է արհեստական բնույթ կրեն: Եթե հասարակության ընկալմանը նման նորամուծությունները հարիր չեն, ապա նման դեպքւմ պետք է զգուշություն ցուցաբերել, հակառակ դեպքւմ ամեն ինչ սխալ կնկալվի և բացասական վերաբերմունքի կարժանանա: Բերեմ մի պարզ օրինակ՝ PR հասկացությունը մեր հասարակության մեջ ընկալվում է որպես կեղտոտ տեխնոլոգիա, առանձ հաշվի առնելու այն հանգամանքը, որ PR-ն ունի տարբեր գունային դրսևորումներ: Պետք է հիշել, որ յուրաքանչյուր ազզ ունի իրեն բնորոշ մշակույթը, իրեն բնորոշ մենթալիտետն ու ավանդույթները: Ուստի Արևմուտքի փորձի արհեստական ներմուծումն ու կիրառումը ցանկալի էֆեկտ չի կարող ունենալ: Մեր նպատակը պետք է լինի ոչ թե ատասահմանյան փորձի արհեստական պարզապես կրկնօրինակումը, այլ դրանց հարմարեցումը մեր հասարակությանը, նրա արժեքային համակարգին, ընդհանուր մտածելակերպին, քաղաքական կուլտուրային և այլն: