Չգիտեմ սխալ եմ թե ոչ, բայց մի դիտարկում եմ արել
Սովետի ժամանակ մենք անաստված էինք, բայց դաստիարակվում էինք դպրոցում կոմունիզմ կառուցողի կոդեքսով, պիոներ դառնում էինք, երբ երդվում էինք չդավաճանել ընկերոջը, սիրել հայրենիքը և այլն: Չգիտեմ, ովքեր էին այդ կոդեքսը որպես ճշմարիտ խոսք ընդունում, ովքեր ոչ, և իհարկե ճշմարտությունն այն էր, որ այն շատերի համար թղթի վրա էր միայն գրված, սակայն սովորեցվում էր և հավատացվում նաև, որ այն հիմնված է քրիստոնեական սկզբունքների վրա: Ամեն դեպքում անաստվածության շրջան էր: Հետո եկավ անկախությունը, և մենք բոլորս սկսեցինք Աստվածաշունչ կարդալ /չնայած ես այն ազգային գրադարանի ընթերցասրահում վաղուց արդեն որպես գրական ստեղծագործություն կարդացել էի, քանի որ բանասեր էի/ և կարդալով դարձանք աստվածապաշտ: Սկսվեցին զանգվածային կնունքերի և քրիստոնեացման տարիները: Ու մեծ հույս էր արթնացել, որ կմաքրվենք աղտերից ու լույս կբացվի մեր հոգիներում, եթե կարդում ենք Աստվածաշունչը: Սակայն այդպես էլ Մի սպանիրը, մի գողացիրն ու մի ստիրը չներթափանցեց մեր հոգու ամենախորը ծալքերը և ընթերցանությունն ու մեր պարանոցներից կախված խաչերը մեզ չփրկեցին:: Եվ մենք չառողջացանք:Հետո ավելի աղտոտվեցինք ու սկսեցինք մեր խիղճը 5 տարին մեկ վաճառքի հանել: Ու խրվեցինք: Այսօր արդեն սպառվել է Քրիստոնյա լինելու ձգտումը և սկսվել է հակառակ պրոցեսը: Աստիճանաբար ՛՛անտիխրիստ՛՛ ենք դառնում և շատ շատերը ատում են եկեղեցին և համարում Քրիստոնեությունը ներմուծված աղանդ: Մենք նորից հեռանում ենք դեպի անաստվածություն, ինչպես առաջ էինք: Այսօր չկա կոդեքս և չկա հավատ: Ու ես չեմ խոսում պատճառների մասին: Ես միայն փաստն եմ արձանագրում:

 

Սյուզան Սիմոնյան