ՕԵԿ-ի ընդդիմադիր դաշտ տեղափոխվելով՝ Հայաստանի ներքաղաքական կյանքում ստեղծվում է նոր իրավիճակ. մի կողմից իշխանության ողջ պատասխանատվությունը մնում է ՀՀԿ-ի վրա, իսկ ընդդիմադիր դաշտում առաջանում է իրական պայքար, թե ով է լինելու ընդդիմության լիդերը: Ընդհանրապես, աթոռակռիվ և լիդերության պայքար հիմնականում լինում է իշխանության դաշտում, բայց մեզանում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ընդդիմադիր դաշտում պայքարը լիդերության համար, պայքարը ընդդիմադիր հարթակը մենաշնորհելու ուղղությամբ առավել մեծ է: Թվում էր, թե ընդդիմադիր դաշտում գործող ուժերը պետք է ուրախանան, որ իշխանական բուրգից հեռանում է ևս մեկ կուսակցություն՝ միանալով իրենց քաղաքական պայքարին: Բայց հակառակը, ընդդիմադիր ուժերը մտահոգ են, քանզի ընդդիմադիր հարթակում կարծես թե կանգնելու տեղ չկա և ավելի հին ընդդիմադիրները չեն ցանկանում ընդդիմադիր հարթակը կիսել որևէ մեկի հետ: Մեզանում ձևավորվել է մի տարօրինակ իրավիճակ, երբ ընդդիմադիր լինելն առավել շահեկան և արդյունավետ զբաղմունք է, քանզի դու չես կրում որևէ պատասխանատվություն ժողովրդի առջև, բայց փող, միևնույն է, աշխատում ես. ուղղակի հասկանալի չէ, թե ինչ ճանապարհով:
Հ.Գ. Արթուր Բաղդասարյանը հմուտ քաղաքական գործիչ է և հաստատ կռիվ է տալու ընդդիմության լիդերը դառնալու համար: Արդյոք կհաջողվի՞ նրան, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց մի բան հստակ է՝ նա, ի տարբերություն «ընդդիմադիր քաղաքական այլ գործիչների» իրականում քաղաքական գործիչ է: Իսկ քաղաքականության մեջ հաջողում են հենց քաղաքական գործիչները:

 

Մենուա Հարությունյան