Մեր ԲՈւՀ-երում սովորողների մեծ մասն իգական սեռի գեղեցիկ ներկայացուցիչներ են: Մեր ԲՈւՀ-երում սովորողների մեծ մասն իրականում չի սովորում, դա բոլորը գիտեն: Իսկ սովորողների մեջ մեծ մասն աղջիկներ են: Այ սենց պարադոքսալ վիճակ
Հիմա. եթե մարդ իր արտաքինի վրա ծախսում է շատ ժամանակ (իսկ հատկապես ուսանող տարիներին ոչ միայն աղջիկներն, այլև տղաներն են շատ ժամանակ վատնում այդ գործի վրա), ապա պետք է մի պարզ հաշվարկ կատարել, որ հասկանալ, թե ինչքան ժամանակ է մնում ուսանողին, որ ինքը կարող է տրամադրել սովորելուն:
Այսպես. 24 ժամից հանենք 8, որը մարդ անցկացնում է քնած, կմնա 16 ժամ, հանենք 5-6 ժամ, որն ուսանողն անց է կացնում տնից-ԲՈւՀ և հակառակը, և ԲՈւՀ-ում՝ դասերի վրա, կմնա 10 ժամ, այստեղից էլ հանենք օրեկան առնվազն 2-3 ժամ, որ ուսանողը զբաղված է իր արտաքինը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելով, կմնա 7, սրանից եթե հանենք ևս 3 ժամ, որոնք կծախսվեն ուտելու-խանութում շոր նայելու-հեռախոսով խոսելու-ծնողներին օգնելու վրա, կմնա ընդամենը 4 ժամ:
Եվ սա իրականում առավելագույն ժամանակն է, որ այսօր ուսանողը կարող է տրամադրել գիրք կարդալուն, մտածելուն, ինչ-որ հարց ծնողների հետ քննարկելուն: Օրենակ ընդամենը 4 ժամ՝ սրա վրա է հիմնված մեր կրթական համակարգը, չորս ժամն է հասարակության հույսն ու ապագան, չորս ժամ է օրեկան ուսանողը մտածում որպես ուսանող:
Ասածս ի՞նչ է. գեղեցկությունն ուսանողի հատկություն չէ, լավ ուսանողն այն ուսանողն է, ով քննության է գալիս աչքերը կարմրած, աչքերի տակը սևացած, որովհետև արդեն երկու գիշեր չի քնել, գիրք է կարդացել:

 

Մովսես Դեմիրճյան