Նոյյան սայլը Արարատ լեռան վրայից սուրում էր ներքև՝ դղրդալով, ճռճռալով, մռթմռթալով ու իր բախտը անիծելով: Կենդանիները ցած թափվեցին սայլից, մնացին կարապը, խեցգետինը և գայլաձուկը: Լեռան ստորոտում սրանք սկսեցին սայլը քաշքշել՝ ամեն մեկը դեպի իր կողմը: Երիտասարդ խեցգետինը ճանկռտում էր հողը, ատամներով կառչում ամեն մի բանից, սուտ խոստումներ տալիս: Կարապը քամի էր անում, օդում կրակում, ասում էր՝ սայլը նորից պիտի հանել սարի կատարը: Գայլաձուկը քաշում էր դեպի «ծովից ծով», իր հարազատ եզերքը, թեև տարիների ընթացքում նա երկկենցաղ էր դարձել. ավելի շատ ցամաքում էր ապրում, քան թե ջրում:
Քաշում են, քաշքշում, սայլը տեղից չի շարժվում: Այդ ժամանակ կարապն ասաց. «Կուզեմ հազար կարճ կարապ, որ կացին բռնեն, հազար երկար կարապ, որ նախարար դառնան, հազար թուխմորուս կարապ, որ երիտասարդական կազմակերպություն հիմնեն, կուզեմ հազար…»: Երբ խեցգետինն ու գայլաձուկը լսեցին կարապի վերջին երգը, իրենց շարքերը համալրեցին: Խեցգետինը թլպատված խաչափառներ ու խռիկաոտներ հրավիրեց Ֆրանսիայից, իսկ գայլաձուկը կանչեց միջազգային կառույցներին սերտաճած սղոցաձկներին, թրաձկներին ու պիրանիաներին:
Քաշում են, քաշքշում, սայլը տեղից չի շարժվում. մեկ էլ… Սայլը երեք կտոր եղավ՝ մեկը թռավ երկինք, մեկն ընկավ ծովը, մյուսն էլ մտավ հողը:
Երկնքից երեք խնձոր ընկավ, բայց երկիր չհասավ:
«9-րդ հրաշալիք»,304, 2004 թ.,ՎԱՍ
Վաչագան Ա.Սարգսյան