Հաճախ ենք ակնդիրներն ու ունկնդիրները լինում հաղորդաշարերի, ուր ,,գիտական,, հայացքով ոչ գավառամիտներ բարձրաձայնում են, չասելու համար աղաղակում են շատ մտահոգ և լուրջ հայացքներով, որ մեր երիտասարդ սերնդին հարկավոր է սեռական դաստիարակություն, ուր բացատրվի որ տղան իր ունեցածով է տղա, իսկ աղջիկն էլ իր չունեցածով է աղջիկ, որ 5 տարեկան երեխան անպայման իր ,,փշատիկի,, հետ խաղա և զգա պարգևը հաճույքի, նույնը և սովորի աղջիկը։ Բա, իզուր տեղը չի, որ մեր ոչ գավառամիտ ազգասերները գրանդների օգնությամբ գրքեր են հրատարակում, օտար ափերից միսիսզ-ներն ու միսթեր-ները գալիս են մեր 12-15 տարեկաններին սովորեցնում ամենակարևոր բարներին, որ ոչ թե ուսման մասին է հարկ մտածել, այլ սեռական կամ լատիներեն ասաց սեքսի դաստիարակության մասին։ Այլապես նրանք չեն կարող ապահովել ոչ սերունդ, ոչ ազգ և ոչ էլ հայրենիք, քանի որ այս կարևոր արժեքների հիմքը՝ սեքսն է։ Ահա թե ինչու աշխարհի բոլոր բանաններն ու ապահովիչները հավաքած, մեր օտարերկրյա ,,դաստիարակ-պրոֆեսորները,, Հայաստանի գյուղական շրջանների երեխաներին սովորեցնում են, տղաներին խոպան գնալուց ինչպիսի վերաբերմունք ցուցաբերել ոչ գավառային մակարդակը ապահովելու համար, իսկ աղջիկներին ինչպիսի ,,խոհարարական,, խնդիրների տիրապետել, եթե տղամարդը գնացել է արտերկիր աշխատանքի, այնպես ինչպես մեր սուպերմոդեռն հոգեբաններից մեկը, որը ,,դասավանդում,, էր հեռուստացույցից, թե խոպանչիների կանայք պետք է անպայման ամուսնու բացակայության ժամանակ մեկին ունենան, ,,եթե ուզում են, (իբրև թե) ընտանիքը ամուր մնա,,։

Խնդրեմ մենք հաճախ ենք մտածում, թե դրսից են մեր տունը քանդում, բանից պարզվում է ,,քլունգահարները,, և ,,շեփորահարները,, հենց մեր կողքին են։ Պուպուշ-ՅԱՆՆ ու չուչուշ-ՅԱՆԸ…։ Եվ ահա այս գործողությունը, որպեսի ավելի արդյունավետ լինի, մեր միջի ,,քլունգակիրները,, այն իջեցնում են բոլոր այն վայրերում, ուր ազգային արժեքներ կան։
Քանի որ բոլոր լորիս արաբիացիներին հայտնի է, որ ամենազորավոր ազգային արժեքի արմատները մխրճված են մեր եկեղեցում՝ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒՄ, ուրեմն ,,հսկաները,, խոսքի ու խղճի, այն իջեցնում են աջ ու ձախ, չխնայելով ոչ մեկին, ոչ մի առիթ, և ոչ մի պատեհ ու անպատեհ հնարավորություն։
Աղանդները կողոպտում են մեր ժողովրդին, քայքայում ընտանիքներ, պատճառ դառնում ամուսնալուծությունների, այս բոլրի պատճառը ոչ թե նրանց գործունեության ծրագիրն է, այլ Հայ Առաքելական Եկեղեցին։ Արևմտյան կողմն աշխարհի առատություն է տեղում նրանց գանձանակին և նրանց ձայնագրման ապարատներն ու ստուդիաները օգտագործում են իրենց բոլոր ,,շանսերը,, ձայնագրելու Ձենով Օհանին կամ տեսահոլովակելու քեռի Թորոսին, մեղավորը ո՞վ է. Հայ Առաքելական եկեղեցին։ Երբ հայ աղանդի կարկառուն ներկայացուցիչը 1.5 միլիոնանոց ձի է նվիրում իր մեծազգի մեծանուն Աստծո խոսնակին, մեղավորը Հայ Առաքելական եկեղեցին է, քանի որ նրա սպասավորին էլ մեկ ուրիշը մեքենա է նվիրել։ Գնա որևէ հեռուստաընկերություն, քեզ հրավիրում են ս. Սարգիսի տոնի մասին խոսելու, դեռ հերթը մեծ սրբին չհասած, հանկարծ անմիջապես հարցնում են, ինչու երկրային սրբակյացների կողքին չէ Հայ Առաքելական եկեղեցու սպասավորը։ Բայց երբ նրանց հնարավորություն է ընդձեռվում սրբակյացությունն ապացուցել ի շահ հավաքական շահի, կյացները թողնում են սրբությունը և ազգությունը մեկ կողմ և մտածում են միայն կացութեան մասին և առատ կացության։ Մեղավո՞րը, ինչպես կարող եք տարակուսել, Հայ Առաքելական եկեղեցին։ Եվ այս անձինք, բոլորը, խոսքները մեկ արած, 300 սպարտացի նետաձիգների նման ուղղությունը վերցրած դեպի Ազգային ամենակարևոր կառույցը, քլունգյան մասնագետներին միացած, հարվածում են ու հարվածում։ Ինչո՞ւ, քանի որ դա է պետք նրանց, ում դա ձռնտու է։
Եվ ինչ, նվաստացրեցիք Մայր եկեղեցին, հայ մարդու հոգում զրոյական աստիճանի իջեցրեցի նրա նկատմամբ ունեցած հավատը, վստահությունը, նվիրվածությունը, քանի որ հազար տարի, երբ երկիրը Հայոց զուրկ էր նախարարներից, զուրկ էր պետական կառույցից, այդ բոլորն իր ուսերին էր վերցրել Հայ Առաքելական եկեղեցին։ Իսկ այսօր նա պետք չէ, քանի որ նրանք որոնց սնում են սնողները, ունեն մեկ հրահանգ, կոտրել ամեն մի կառույց, որը ԱԶԳային հասկացողություն կպարունակի։ Ահա թե ինչու ոմանց համար այդ սրբազան գաղափարը ,,կեղծ կատեգորիա,, է։
Հասկացեք վերջապես, որ եթե Ալեքսանդր Մակեդոնացին իր գրաված անծայրածիր կայսրությունից իր հետ ոչինչ չտարավ, ինչպես և Մանթաշովն ու Արամյանցը, այնպես էլ նրանք, որոնք սնվում են իրենց տերերի սեղանից, ոչինչ չեն տանելու, միայն մեկ բան՝ անեծք և նզովք իրենց 70 պորտ սերնդի հետ միասին…
Իսկ մեր հեռուստահաղորդավաներին էլ մեկ խնդրանք, բավական է փին նետեք մեր սրբություն սրբոցի Հայ Առաքելական եկեղեցու ուղղությամբ, քանի որ առաջինը փինոտվում է նա, ով այն վերցնելով փորձում է այն նետել։
ԹՈՂԵՔ ՄԵՐ ՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՆԱՆ ԻՐԵՆՑ ՏԵՂՈՒՄ, ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՔ ՈՐՊԵՍ ԱԶԳ ԳՈՅԱՏԵՒԵԼ

Հոդվածի գաղափարային շարունակությունը կարող եք կարդալ Զաքար Խոջաբաղյանի
Իմ աչքի առաջ մեր ազգը վարի են տալիս:

 

Կոմիտաս Վարդապետ Հովնանյան