Ամուսնուց ստացված նամակը.

«Աշխեն: Մի զարմանա: Կյանքում տևական ոչինչ չկա: Մենք էլ ժամանակավոր երևույթ ենք այս հանցավոր մոլորակի վրա: Պատահեց այն, ինչ արդեն վաղուց հայտնի է քեզ: Քո զգայուն սիրտը չէր կարող չապրել այս, ըստ իս սովորական կոմեդիայի, իսկ քո կարծիքով՝ ողբերգության վերջաբանը: Ինձ միշտ թվացել է, թե ես շատ քիչ եմ ապրելու այս աշխարհում, հետևապես որոշել եմ կարոտով չչվել հանդերձյալ կյանք: Մեր հանդիպումը, ինչպես և մեր ամուսնությունը, սոսկ մի պատահար էր, և հարկ է մոռացության տալ այն: Ցավում եմ միայն, որ միությունը անժամանակ պտուղներ տվեց, որոնք այնուամենայնիվ, կապրեն: Դաժան բան է ամուսնությունը, մանավանդ ինձ համար: Կարծես բանտումն եմ, ոտքերս ու ձեռքերս շղթայված: Այսպես չի կարելի ապրել: Ես ցանկանում եմ անսահման ազատ լինել, ապրել այնպես, ինչպես ցանկանում եմ, կարդալ այն գիրքը, որը հուզում է ինձ, նայել այն ֆիլմը, որն իմ սրտովն է, ուտել այն, ինչն ախորժակս չի փչացնում, սիրել այն կնոջը, որն իր տվյալներով, իր մտածելակերպով նման է ինձ: Ընդունում եմ, սիրելիս, որ փշոտ վարդ եղա քեզ համար: Վարդը, իմ սիրո վարդը թառամեց և մնացին միայն փշերը, որոնք անողորմաբար քրքրում են քո զգայուն, իրոք սիրով լի սիրտը: Եթե ես քաջություն՝ առավել ևս ասպետական սիրտ ունենայի, այս ամենը չէի գրի քեզ: Այլ շատերի նման, են կոծոծ փշագնդի նման, կկառչեի փեշիցդ ու հետդ քարշ կգայի ամբողջ կյանքում, իբրև ամուսինդ, սիրված քո կողմից, բայց ամայի սրտով, քեզ համար դատարկ սրտով և էությամբ: Ես ամեն ինչ գրեցի: Ատիր ինձ, որովհետև կյանքում տևական, ոչինչ այդ թվում՝ հավերժ սեր չկա: Կա միայն հաճույք, որը վայրկյանական է, և անցնում է, երբ հալվում է այդ վայրկյանն ու լցվում ժամանակի անեզր օվկիանոսը: Ես քայլում եմ դեպի մեծ նպատակը, որ այնպես լայնորեն բացել է իմ առջև իր դռները: Ու հավատա կես ճանապարհին չեմ մնա: Կար ժամանակ, որ ես ոչինչ էի: Իսկ հիմա ամենուրեք ինձ փառաբանում են: Ես սավառնում եմ՝ նստած փառքի անօրինակ ուժեղ թևերին և քանի այդ թևերն ինձ կրում են իրենց վրա, ես անօրինակ երջանիկ եմ, իսկ հետո, ինչպես բոլոր լուսատու աստղերն են ապրել հողագնդի վրա, ու այժմ չկան, չեմ լինի նաև ես: Ես ամեն ինչ ասացի: Դու խելացի աղջիկ ես, արդեն գիտական բարձր աստիճանով: Մի մտածիր իմ մասին: Դու դեռ կգտնես նրան, ով կյանքի մասին քեզ նման է մտածում: Երվանդ»:

 

Գրքամոլ