Պարզ է, որ Յանուկովիչը Ուկրաինայի ժողովրդի լավագույն առաջնորդը չէր, հավանաբար նաև ճգնաժամային լավագույն կառավարիչը չէր, սակայն իմ խորին համոզմամբ նրա' իշխանությունը պահելու սկզբունքայնությունն ու հետևողականությունը կարող էր բերել ավելի մեծ ավերածությունների և, գուցե իր երկրի համար անդառնալի կորուստների: Սա այն դեպքն էր, երբ նա պետք է հեռանար… Համաձայն եմ նաև որոշ դիտարկումների հետ, որ նա կարող էր ավելի արժանապատիվ հեռանալ, բայց մի շարք ճակատագրական սխալներից հետո այդ հնարավորությունը այլևս կորած էր:
Դե իսկ Ռոստովում Յանուկովիչի այսօրվա ասուլիսը, ըստ էության, ավելի շատ նման էր Ուկրաինայի ժողովրդին պաշտոնական հրաժեշտի արարողության: Սրանով հանդերձ փաստ է, որ նրա հեռանալով Ուկրաինայում քաղաքական ճգնաժամը հազիվ թե հաղթահարվի, և դատելով ներկայում տեղի ունեցող գործընթացներից, այն հնարավոր է տեղափոխվի նոր' անկառավարելի քաոսի փուլ: Այս ամենին մի կողմից կարող է հանգեցնել իրական իշխանություն ունեցող ռադիկալ ազգայնականների և ֆորմալ իշխանություն ունեցող խորհրդարանական ուժերի միջև անտագոնիզմը, իսկ մյուս կողմից պրոռուսական և արևմտամետ ուժերի ու տարածքների իրար նկատմամբ դրսևորող ընդգծված անհանդուրժողականությունը: Իսկ ավելի շոշափելի գործոնը Ուկրաինայի պարագայում աշխարհաքաղաքական հիմնական խողացողների հավակնություններն ու շահերն են, որոնք մի շարք առանցքային հարցերում կարող են նաև չհամընկնել: Նման պայմաններում Ուկրաինայի հասարակությունը կոնսոլիդացնելու բավականին փոքր հնարավորություն, թերևս միայն Յուլյա Տիմոշենկոն ունի, բայց այս անգամ Ուկրաինայի “երկաթե լեդին” չափազանց մեծ ջանքեր պետք է գործադրի: Բոլորովին չպետք է բացառել նաև նոր լիդերների մեծ քաղաքականություն մուտք գործելու հնարավորությունը:
Գերասիմ Բարսեղյան