Վերջերս եմ զգում, որ սկսում եմ չհավատալ սոցցանցային կյանքին : Ու ինչքան չեմ հավատում, այնքան ավելի շատ սխալներ եմ նկատում այնտեղ : Գալիս է մի պահ , երբ քեզնից անկախ կտրվում ես վիրտուալից, տառակույտերը սկսում են չհետաքրքրել: Զեմֆիրան երգերից մեկում մի լավ տող ունի . ”Я стала старше на жизнь” : Աչքիս դա է, որ կա . մեծանում եմ )))) Բավականին մեծ փոփոխություններ կան վիրտուալ կյանքումս: Վերջերս սկսել եմ սոցցանցերում շփվել այն մարդկանց հետ, ում իրական կյանքում էլ եմ ճանաչում : Իմ չաթ-զրույցների 98 % -ը զբաղեցնում են այն մարդիկ, որոնց հետ ես կարող եմ շփվել նույնիսկ այն դեպքում, եթե ֆեյսբուքը հենց հիմա վերանա աշխարհի երեսից: Մնացած երկու տոկոսի հիմնական մեծ մասը ընթերցողինն է : Ընթերցողի հետ շփումը շատ եմ կարևորում , սոցցանցերն այստեղ իրոք փրկություն են ինձ համար: Ինձ համար կարևոր է անընդհատ կապի մեջ լինել ընթերցողիս հետ:

 

 

Իսկ մնացած մասը պատկանում է ընդամենը մեկ-երկու մարդու, ում հետ շփումը զուտ սոցցանցային է : Եվ վերջ: Սա որպես նախաբան էր: Անցնենք բուն գրառմանը:
Դուք երբևէ մտածե՞լ եք, թե ինչ ծիծաղելի եք կողմնակի աչքի համար : Հա, հա, հենց ծիծաղելի: (ի դեպ. չմտածեք,որ ես սրբերի սուրբն եմ, եթե խոսքս ձեր մասին է,դա չի նշանակում, որ ինձ մոտ ամեն ինչ իդեալական է : Մի լավ խոսք կա ՝ խրատը խոստովանություն է: Այնպես որ ՝ գրածս զգացել եմ ) : Եկեք անկեղծ լինենք. սուտ է, երբ մենք հավաստիացնում ենք, որ մեր ՛՛ստատուսը՛՛ բոլորի համար է: Ցանկացած ՛՛ստատուս՛՛ գրվում է որոշակի մարդկանց խմբի համար : Մեծամասամբ ՝ ստատուսը նվիրվում է միմիյայն մեկին ու եթե անկեղծ լինենք ՝ մենք թքած ունենք բոլոր այն ՛՛լայք՛՛-երի ու ՛՛քոմմենթների՛՛ վրա, որոնք գրում են մնացած սոցմարդիկ: Ցանկացած ՛՛ստատուս՛՛ ունի ինչ-որ բան ՛՛լսացնելու՛՛ առաքելություն: Մեզ դուր եկած մարդկանց համար մենք ՛՛ստատուսում՛՛ գրում ենք հոգիդ քրքրող ինչ-որ տողեր: Հիմնականում այդպիսի տողերը ռուսերեն են լինում:
Հմ, ի՞նչ գրեմ: Լավ, սպասեք մտածեմ: Օրինակ՝

 

 


Даже тот, кто сейчас далеко, может быть рядом, если он в твоём сердце…

հը՞ , հավանու՞մ եք : Եկեք մի տարբերակ էլ փորձենք….

Что нужно мне??? Любительнице грез,сжигающей мосты: твое сердечко,ты – за дверью…и цветы :)

Իսկ սա՞ : Սա էլ էր լավը, չէ՞ : ՆԱ եթե սա կարդա ՝ հաստատ կքրքրվի :D
Լավ, եկեք շատ չջրիկանանք, լուրջ գործի համար ենք հավաքվել. ՆՐԱ համար ստատուս ենք գրում:
Մի խոսքով, կընտրենք այսպիսի մի սրտաճմլիկ նախադասություն ու կհրապարակենք : Գոյություն ունի ”закон подлости” . նա չի տեսնելու այդ ՛՛ստատուսը՛՛ : Այդ գրառումը ՛՛Կլայքի՛՛ ու կմեկնաբանի ձեր ամբողջ ֆռենդլիսթը՝ բացի պետքական մարդուց:

 


Համարենք, որ ես մեկն եմ քո ֆռենդներից : Ես, իհարկե, չեմ էլ հասկանում, թե ով է ստատուսի հերոսը , ում է այն նվիրված : Համենայն դեպս դու ինձ մոտ կթողնես… խղճուկ մարդու տպավորություն : Ինչու՞ : Որովհետև ես կողմնակի աչք եմ ու ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ դու սիրո հիվանդագին կարիք ունես : Այդ ՛՛ստատուսներովդ՛՛ կարծես ասես . ՛՛Ով ուզում ա լինի, մենակ մեկին բերեք սիրեմ, էլի՜ : Մեղկ եմ, մարդ չկա, ոչ ՛՛ուզող՛՛ ունեմ, ոչ՝ հավանող: Ո՜վ ուզում ա թող լինի, մենակ թե մեկին գտեք՛՛ : Չէ, չէ, ես հասկանում եմ, որ դա ամենևին էլ այդպես չէ: Որ ՛՛ստատուս՛՛-ը հատուկ ՆՐԱ համար է , դու սիրելու հիվանդագին մոլուցք չունես, ՛՛տանը մնացած՛՛ չես : Գիտե՜մ : Բայց հասկացիր. ես մարդ եմ, ով բացարձակ ոչինչ չգիտի: Մեկն եմ քո հարյուրավոր ֆռենդներից : Ու դու ինձ մոտ քո այդ ՛՛ստատուսներով՛՛ կթողնես խղճուկ, միայնակ ու լքված մարդու տպավորություն, ով պատրաստ է սիրել ցանկացածին , միայն թե մենակ չմնա:

 


Դու քեզ դնում ես վատ դրության մեջ ու ծիծաղելի ես դառնում իմ ՝ երրորդ անձիս աչքերում :
Հիմա հարց. արդյո՞ք արժեր հասնել սրան: Հանուն մի ստատուսի , հա՞ : Կամ լավ, արժե՞ արդյոք այդքան շատ կոտրատվել հավանածդ տղայի կամ աղջկա դիմաց : Չէ՞ որ դու այդպես կանխատեսելի ես դառնում: Դառնում ես հասարակ,պարզ, մեկը բոլոր նրանցից, ովքեր ուժ չունեն իրենց զգացմունքներն արտահայտելու ու ստիպված ՛՛ստատուսով լսացնում են՛՛ :

 


Ինչու՞ պետք է հարյուրավոր աչքեր կարդան, որ դու վատ տրամադրություն ունես, կամ սիրելիդ քո նկատմամբ անուշադիր է:
Ինչու՞ պետք է բոլորն իմանան քո տրամադրության ցանկացած տատանումի մասին:
Մի՞թե նա արժանի է նրան, որ դու առավոտից երեկո օնլայն մնաս : Ո՞րն է իմաստը: Երկու-երեք խղճուկ բառերով նամակագրություն: ՛՛Լայք՛՛ ինչ-որ հղմանը…Ու ի՞նչ : Դուք դրանով երջանկանու՞մ եք: Ախր դա նման է ողորմության…Կարծես աղաչեք, որ ձեզ վրա ուշադրություն դարձնեն:
Թքած , թե ինչ կմտածի երրորդ անձը: Բայց մի՞թե դուք ճիշտ եք վարվում ինքներդ ձեզ հետ, դուք իրավունք ունե՞ք նվաստացնելու ձեր անձը…
Հա, հա, հենց նվաստացնել: Բա եթե բոլոր գործերը մի կողմ եք թողել, թքել եք սեփական կյանքի վրա ու առավոտից մինչ երեկո սոցցանցերում ՆՐԱՆ եք փնտրում ՝ նվաստացում չէ՞ : Դուք թքում եք ձեր կյանքի վրա, հանուն մեկի, ում նույնիսկ չեք ճանաչում : Ես սոցցանցային շփումը ծանոթություն չեմ համարում : Ինչպե՞ս կարող ես համարել ,որ ճանաչում ես ինչ-որ մեկին, եթե երբևէ նրա աչքերի մեջ չես նայել….

 


Դուք կասեք, որ դա սեր է, որ դուք սիրահարվել եք, որ ես ուղղակի չեմ հասկանում ձեզ…
Իսկ ես կհակաճառեմ: Սիրո ժամանակ մարդ չի թքում իր արժանապատվության վրա : Չի իջնում այնքան, որ ՛՛ողորմություն՛՛ խնդրի դիմացինից ՝ ՛՛լայքելու՛՛ կամ ՛՛մեկնաբանելու՛՛ տեսքով: Սիրել չի նշանակում ՛՛մեկնաբանել՛՛ կամ չաթով նամակ գրել !
Չեն սիրում օնլայն :D -երը : Սիրում են իրական ժպիտը:Այն նույն ժպիտը, որը տեսնելիս բառերն ուղեղում իրար են խառնվում :
Չեն սիրում ՛՛քոմենթները՛՛ , սիրում են մարդու մեկնաբանությունը՝ իր իսկ ձայնով ,դեմքի միմիկաներով ու ձեռքերի շարժումներով:
Մարդու մարմնի հոտն են սիրում, ոչ թե չաթի կանաչ կետը :

 


Ես չեմ մեղադրում, անկեղծ : Ու վիրավորելու նպատակ ամենևին չունեմ : Ներողություն եմ խնդրում, եթե մի փոքր ավելի կոպիտ խոսեցի:
Ուղղակի խնդրում եմ…
Վերջ տվեք:
Հերիք է: Հերիք է ձեր կյանքը խորտակեք ու ժամանակ սպանեք հանուն անպետք ու տափակ նամակագրության:
….Իսկ եթե ՆՐԱՆ թեյ խմելու հրավիրել, հը՞ :

 


Իսկ միգուցե հեռախոսի համարը խնդրել:
Տղաներ, չե՞ք ուզում ցույց տալ ձեր հավանած աղջկան, թե ինչքան գեղեցիկ ու վստահ եք ձեզ պահում հակառակ սեռի կողքին : Ի դեպ ՝ աղջիկները ինքնավստահ տղաներին շատ են սիրում : Ձեր վստահ պահվածքը շատ ավելի կգնահատվի, քան թե սիրուց մղկտացող բառակույտերը:

 


Կամ աղջիկներ, չե՞ք ուզում տղային ցույց տալ կանացի ձեր հմայքը, աչքերի խաղն ու հետաքրքիր սանրվածքը : Հանդիպեք երիտասարդի հետ ու ձեզ այնքան կանացի ու հմայիչ ներկայացրեք, որ ոչ թե չաթում քրքրվի, այլ ՝ ռեալ կյանքում , ձեր աչքի դիմաց: Հը՜, բա մի հատ երիտասարդի խելքը չուտե՞նք :D
Կամ եթե թեկուզ ձեր շփման մեջ ոչ մի ՛՛տողատակ՛՛ չկա, մի՞թե ավելի հաճելի չի լինի շփվել մարդու հետ իրական կյանքում, ճանաչել նրան սոցցանցից դուրս , միգուցե դուք կարող եք շատ լավ ընկերներ դառնալ : Իրական ընկերներ:

 

 


Մտածեք այս ամենի մասին : Ու ամեն անգամ ՛՛ստատուս՛՛ գրելիս , ժամերով նկարներ թերթելիս նախ հիշեք ինքներդ ձեր անձի առջև ունեցած պատասխանատվության մասին ու միքիչ էլ ՝ երրորդ աչքի մասին: Մի մոռացեք ձեր անելիքների ու պարտականությունների մասին:
Չմոռանաք, որ Լավագույն սոցցանցը կյանքն է :
Հ.գ. Ես արդեն բավական ժամանակ է, ինչ տեղափոխվել եմ իրական կյանք, գալի՞ս ես …))))

 

 

 

Սյունե Սևադա