Սյունե Սևադան գրել է.

«Երբեք չեմ լսել՝ պապիկը տատիկին ասի, որ սիրում է։ Երբ Արցախից ռմբակոծության տակ փրկվեցին ու կյանքը սկսեցին էստեղ զրոյից կառուցել, երկու մանկավարժներով ստիպված էին շուկայում առևտուր անել։ Հերթափոխով աշխատում էին, ու ցերեկը պապիկն անպայման պատրաստում էր ընթրիքի ճաշերը, կամ գոնե կիսաեփ անում, որ երբ տատիկի տուն գալու հերթը գա՝ շատ ժամանակ չվատնի։ Ընթացքում դարակ ու աթոռ էր սարքում, վարագույր կարում, պետք լինի՝ հատակն ավլում, ինձ հետ դաս անում։ Մի անգամ տատիկի ծնունդին պապիկը բոլորիս մոտ տատիկի թուշը պաչեց, բաբոն կարմրեց, սեղանից գնաց, մի շաբաթ պապիկի հետ չէր խոսում։
Ու տատիկից էլ երբեք չեմ լսել, որ պապիկին սեր խոստովանի։ Բայց ինքը մսակեր լինելով հանդերձ՝ ճաշի մի քանի փոքր կտոր մսի իր բաժինը պապիկի համար էր պահում, ու ցուրտ օրերին պապիկի ոտքերն ամեն երեկո խնամքով փաթաթում էր վիրակապով, որովհետև ցրտահարված էին, ցավում էին։ Պապիկը լվանում էր տատիկի ոտքերը, երբ տատիկի մոտ սեզոնային հոդացավեր էին սկսում։ Տատիկը լվանում էր պապիկի ոտքերը, երբ պապիկը ճնշում ուներ։ Երբ պապիկը մահացավ, տատիկի ձայնը օրերով կորել էր։ Հետո սկսեց հազալ, ամիսներ շարունակ։
Ես տեսել եմ իրենց, ու գիտեմ, որ սիրո մասին բառերով չեն փաստում։ Շատ հեշտ է կենաց խմել ու երկնքից աստղեր խոստանալ։ Շատ ավելի բարդ է ցերեկն ընթրիք պատրաստել ու ամեն երեկո անտրտունջ ոտքեր վիրակապել։ Ընտրում են ոչ թե բառերով, այլ՝ արարքներով։ Երբ սխալ է՝ քոնն է, ճիշտ է՝ քոնն է։ Ցավեցրեց՝ ցավում է, բայց քեզնից չես կտրում։ Անգամ երկար ժամանակով էլ կողքիցդ գնա՝ միտքդ հետն է։ Քոնն է, քո ընտրածն է, քո դադարն ու շարունակությունն է, դրա համար միշտ պատրաստ ես հոգ տանել, հետը հազար անգամ կորցնել ամեն ինչ ու սկսել զրոյից, ներել, լսել, տեսնել ու օգնել։ Եվ անգամ ավլել հատակն ու մանկավարժ լինելով հանդերձ սկսել առևտրով զբաղվել, որովհետև պատասխաանտու ես իր համար, իր խնդիրներն իրենից առաջ ես ուզում լուծել։ Որովհետև՝ ուղղակի, սիրում ես, սիրում ես ու վերջ»։