Հայաստանի Հանրապետության
Կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ
պարոն Տիգրան Մուկուչյանին,

ՀՀ նախագահի ընտրությունների
դիտարկումն իրականացնող
դիտորդական առաքելություններին

06.02.2013 ք. Երևան

Հարգելի պարոն Մուկուչյան, ՀՀ նախագահի ընտրությունների դիտարկումն իրականացնող դիտորդական առաքելությունների հարգելի ղեկավարներ և անդամներ
Արդեն առիթն ունեցել եմ մեկ անգամ դիմելու ՀՀ ԿԸՀ-ին և մտահոգությունս արտահայտելու առաջիկա նախագահական ընտրությունների օրինականությունը վտանգված լինելու կապակցությամբ: Ստիպված եմ, վերստին, հրավիրել Ձեր ուշադրությունն այն հանգամանքի վրա, որ անկախացումից ի վեր Հայաստանից հեռացած' քվեարկելու իրավունք ունեցող առնվազն մեկ միլիոն քաղաքացիների ձայները կարող են նախկինի պես օգտագործվել ընտրությունների վերջնարդյունքը կեղծելու համար: Մեր համոզմամբ, նախկին համապետական ընտրությունները կեղծվել են և առնվազն կես միլիոն քվեներ հավելագրվել են հօգուտ իշխանության թեկնածուի, ինչը հաստատվում է ամենապարզ հաշվարկի միջոցով: ՀՀ ԿԸՀ-ին հասցեգրված իմ նախորդ նամակով (15.01.2013թ. թվագրված) ես հորդորում էի ՀՀ ԿԸՀ-ին, որը ՀՀ “Ընտրական օրենսգրքի” տասներորդ հոդվածի համաձայն ընտրությունները կազմակերպող և ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մշտական հիմունքներով գործող պետական մարմինն է, կանխել հնարավոր զանգվածային ընտրակեղծարարությունը Հայաստանից հեռացած' քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների վերաբերյալ հավաստի թվային տվյալներ հրապարակելու միջոցով: ԿԸՀ-ն իր որոշմամբ իմ առաջարկը դիտարկեց ոչ թե որպես ընտրակեղծարարությունը կանխող միջոց, այլ տեղեկատվություն տրամադրելու պահանջ, որը և մերժեց, մերժումը հիմնավորելով նրանով, որ նման տեղեկատվություն տրամադրելը չի մտնում ԿԸՀ-ի լիազորությունների մեջ: Ելնելով վերը ասվածից' ստիպված եմ վերահաստատել պահանջս և հատուկ ընդգծել, որ ես ոչ թե տեղեկատվություն տրամադրելու պահանջ եմ ներկայացնում, այլ պահանջում եմ, որպեսզի ԿԸՀ-ն' վերը մեջբերված իր լիազորությունների և պարտականությունների բերումով կանխի ընտրակեղծարարությունը' ՀՀ-ից հեռացած ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների վերաբերյալ արժանահավատ թվային տվյալները հանրությանը հասանելի դարձնելու միջոցով:
Պետք է հավելեմ նաև, որ մենք հետևում ենք նախընտրական գործընթացներին և արձանագրում ենք ընտրողների վրա գործադրվող զանգվածային ճնշման դրսևորումներ: Մեր աղբյուրները հաղորդում են, որ եղել են ընտրակաշառք առաջարկելու դեպքեր, իսկ բնակելի շենքերի լիազորներին վարչական շրջանների պաշտոնական ներկայացուցիչները' այսինքն պետական ծառայության մեջ գտնվող անձինք հրահանգել են հավաքագրել իրենց շենքերում գրանցված և Հայաստանից հեռացած կամ առկա ընտրողների վերաբերյալ թվային տվյալներ և այս աշխատանքները հիմնականում արդեն ավարտված են: Այդ նպատակով օգտագործվում են հատուկ ձևաթղթեր (նմուշը կցվում է), որի վերջին տողը պետք է տվյալներ պարունակի պարոն Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու պատրաստակամություն արտահայտած ընտրողների թվի վերաբերյալ: Մենք ընտրողների նկատմամբ զանգվածային ճնշման դրսևորում ենք գնահատում պետական ծառայության մեջ գտնվող անձանց կողմից գործող իշխանության ղեկավարի թեկնածուական շահերի հանդեպ ցուցաբերած հատուկ հետաքրքրությունը: Մյուս կողմից արդեն պարզ է, որ Հայաստանից հեռացած' ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների վերաբերյալ թվային տվյալներն արդեն հավաքագրվել են և իշխանության պարտականությունն է դրանք հրապարակել առնվազն մինչև փետրվարի տասներեքը:
Կարծում եմ, որ ՀՀ ԿԸՀ-ն և գրանցված դիտորդական առաքելությունները պետք է անհրաժեշտ քայլերը կատարեն զանգվածային օրինախախտումները կասեցնելու և կանխելու համար, որոնցից առաջինն ու կարևորագույնը պետք է լինի Հայաստանից բացակա ընտրողների վերաբերյալ արժանահավատ թվային տվյալների հրապարակայնացումը: Մենք շարունակում ենք նաև Հայաստանից հեռացած ընտրողների ընդհանուր թվաքանակի ճշգրտումը և արդեն հիմա կարող ենք ասել, որ այդ թիվը կարող է նկատելիորեն գերազանցել մեր կողմից նախապես նշված մեկ միլիոնը: Այժմ այս ուղղությամբ հատուկ հետազոտություն է իրականացվում, որը կհրապարակվի մոտ օրերս: Արդյունավետ համագործակցության ակնկալիքով և լավագույն մաղթանքներով,
ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյան