Տարիներ առաջ էր, Նովոսիբիրսկում: “Где замерз бы супермен”, ինչպես ասվում է հայտնի երգում:
Ես սիրում եմ այդ քաղաքը: Բայց այն փոքրիկ պատմության հետ, որը պետք է պատմեմ հիմա, դա բնավ կապ չունի:
Սառնամանիք՝ 31 աստիճան, և սառցակալած օդը դժվար էր ներս գնում, համառորեն դժվար էր հալչում թոքերում. շնչելն անգամ դժվար էր ինձ՝ հարավի մարդու համար, որ իր ունեցած բոլոր տաք շորերը հագին, մի շորակույտ դարձած՝ գերմարդկային ճիգերով ջանում էր րոպե առաջ տուն հասնել և կպչել բուխարու փրկարար ջերմությանը:
Եվ երբ իմ մտքում միայն բուխարին էր ու տաք թեյն՝ իրենց կենարար ջերմությամբ, հանկարծ ականջ ծակեց կանացի մի սուր, աղեկտուր ճչոց: Կողքիս, մոտ երկու մետր ինձնից աջ, ուղիղ վառվռուն ցուցափեղկերով խանութի մուտքի դիմաց, շատ անբռնազբոսիկ դիրքով գետնին էր փռված մի երիտասարդ կին, իսկ նրա շուրջ անկանոն վազվզում և ծղրտան ձայնով անընդհատ ճվճվում էր մի նիհարիկ, սփրթնած շիկահեր աղջիկ:

(Եթե ես վիպասան լինեի, այստեղ մանրամասն կնկարագրեի նրա հագուկապը՝ անդուր և ընդհանրապես չսազող մուշտակը, գունդուկծիկ եղած սպիտակ շարֆը, ապա կանցնեի փողոցի լապտերների սառն ու այդ ամենին անհաղորդ լուսացոլանքին՝ վայր ընկածի գրեթե անշունչ դեմքի վրա, և այլն, և այլն… Բայց ես վիպասան չեմ և իրավունք չունեմ ինձ թույլ տալ՝ մտնել այդպիսի մանրամասների մեջ):

Իհարկե, առաջին օգնության ցուցաբերման ժամանակ այդ նիհարիկ շիկահերն անընդհատ խանգարում էր՝ ինչով կարող էր. է՛լ մազերիցս էր քաշում, որ վեր կենամ “իր ընկերուու վրայից”' “слезь с нее, урод” տիպի գեղեցկագույն արտահայտություններով, է՛լ օգնության էր կանչում անտարբեր ու ոչ այնքան անտարբեր անցորդներին, որ ինձ կարգի հրավիրեն, էլ հայհոյում էր ու քացով խփում՝ այդպիսի անմարդկային ճիգերով փորձելով ինձ հեռու պահել իր ուշաթափ ընկերուհուց….

Երբ շտապօգնության բրիգադը եկավ, ես արդեն ուշքի էի բերել նվաղած կնոջը, նստեցրել էի այդպիսի դեպքերի համար անհրաժեշտ դիրքում, չափել էի պուլսն ու ստուգել շնչառական ֆունկցիան, դեղ էի տվել, ու իմացել էի, որ նա “մի քիչ հղի է”՝ իր ասելով: Շտապօգնության բրիգադի բժշկին և անհասկանալի պատճառով այդտեղ մեխի գլխի պես տնկված ոստիկանին տվեցի իմ ինիցիալներն ու հեռախոսահամարը և, մի լավ բան արած, բայց զուգահեռաբար լաչառ աղջկա քացու տակ ընկած մարդուն բնորոշ հոգեվիճակով, գնացի տուն: Համենայնդպես, մի քիչ տաքացել էի այդ ընթացքում և էլ չէի մրսում….

Հաջորդ օրը զանգահարեց այն “մի քիչ հղի” կինը (համարս վերցրել էր շտապօգնության բժշկից) և “Առաջին ալիքի” լրատվականի հաղորդավարուհուն հատուկ, որևէ էմոցիայից զուրկ ձայնով ու պաշտոնական տեքստով շնորհակալություն հայտնեց: Ես էլ պաշտոնական տեքստով, չգնահատված մարդուն հատուկ նեղացկոտ տոնով ասացի՝ խնդրեմ, տիկին, ես միշտ պատրաստ եմ օգնել փողոցում վայր ընկած կանանց, և խնդրում եմ՝ ասեք Ձեր ընկերուհուն, որ եթե, Աստված մի արասցե, Ձեզ հետ էլի նման բան պատահի, ապա նա քացիներով չծեծի Ձեզ օգնություն ցուցբերող մարդուն….

(Եթե ես էսսեիստ լինեի, այստեղ մանրամասն կնկարագրեի այն դատարկության զգացումը, որով արտասանում էի պատասխան խոսքերը և ենթադրություններ կգրեի այն մասին, թե ինչ մտածեց այդ կինն իմ մասին, ինչ հակասական զգացումներ եկան ու բախվեցին իրար, և այլն… )

Հանկարծ հեռախոսը վերցրեց այն լաչառ, նիհարիկ, անզուսպ աղջիկը, և միանգամից ասաց, որ իր անունը Յուլիա է:
“Է, հետո ինչ?”, - միանգամից անցավ մտքովս, բայց բարձրաձայն ասացի, որ իմ անունն էլ պարոն Միքայելյան է, բայց քանզի ինքը դժվար թե կարողանա այդ անունը ճիշտ արտասանել, կարող է ուղղակի Սաքո ասել: Ու նա հանկարծ… ներողություն խնդրեց իր պահվածքի համար և, որ ավելի անսպասելի էր, անկեղծ ցանկություն հայտնեց՝ ինձ տեսնելու:
Ես, հարկավ, կրկին ճվճվոց, հայհոյանք լսելու ու քացիներ ուտելու ոչ մի ցանկություն չունեի, և շատ քաղաքավարի պատասխանեցի, որ կլինիկայում եմ, շատ խառն եմ, երկու օրից էլ գնում եմ Մոսկվա, ապա՝ Հայաստան (խոսքի մեջ նաև հուշեցի նրան, թե Հայաստանը որտեղ է գտնվում. մարդ ես, էլի, լիովին կարող էր դպրոց գնացած չլինել) և քաղաքավարի մերժեցի:
Ինձ համար անսպասելիորեն, նա պնդեց իր՝ հանդիպելու առաջարկը:
Դե, ես էլ ասացի, որ կարող է գալ թիվ 2 հոգենյարդաբանական կլինինիկա երկրորդ հարկ, եթե ուզում է ինձ տեսնել, ես դեռ մի 3-4 ժամ այստեղ եմ:
Նա միանգամից, թե՝ “Սեքսի համար չեմ ուզում Ձեզ տեսնել, ուղղակի ուզում եմ ծանոթանալ, հետաքրքիր մարդ եք երևում: Իսկ որ կլինիկա գամ, այդտեղ չենք կարող մարդավարի նստել, խոսել, շատ-շատ ինձ Ձեր կաբինետում “շինեք ու ճամփեք”, իսկ հիմա դա չէ ինձ պետք”….

Դե, ինչ անեի? Բնավ ցանկություն չունենալով նեղացնել այդպիսի անկեղծ ու անմիջական արարածի՝ ասացի՝ արի, կգնանք դիմացի սրճարանը:

Եկավ: Այն նույն հղի ընկերուհու հետ: Մի քիչ խոսեցինք դեսից-դենից, նա, ի զարմանս ինձ և ի անզուսպ հրճվանք իր ընկերուհու՝ կրկին ներողություն խնդրեց իրեն անտաշ ու բռի պահելու համար, ասաց, որ շոկի մեջ էր, և այլն: Հետո իջանք ներքևի սրճարանը, որտեղ էլ նա իր ընկերուհուն պարզ ասաց, որ վերջինս մեզ մենակ թողնի. “Տոմա, դու չես գնում տուն? Ես ուզում եմ այս տղամարդու հետ մենակ նստել, խոսել…”?

Տոման, բնականաբար, չկոտրեց ընկերուհու սիրտը, ես էլ, բնականաբար, սրեցի բոլոր զգայարաններս:

Երկու ժամվա ընթացքում Յուլիան իր ամբողջ կյանքը պատմեց: Այդ թվում նաև այն, որ ինքը չնայած երաժշտական կրթություն ունի և կարող է դաշնամուրի դասատու աշխատել, բայց պոռնիկ է և զբաղվում է մարմնավաճառությամբ:
Ես այդ սրտաճմլիկ լուրն ընդունեցի՝ առանց կես գրամ իսկ միմիկայի, և նա, զարմացած իր՝ պոռնիկ լինելու հանգամանքին իմ լիակատար անտարբերությունից, ասաց, որ չի ուզում ինձ “կպցնել”, հանկարծ այդպես չմտածեմ. ինքը շատ կլիենտներ ունի և իմ կարիքը չունի:

Երբ ես նրան տուն էի ճանապարհում, նա լուռ էր արդեն, իսկ ես քթիս տակ ինչ-որ բաներ էի բացատրում, թե ինչ անել, երբ փողոցում մարդ է վատանում (դե, կարող է իրեն պետք գար):

Շքամուտքի մոտ նա առանց այլևայլության առաջարկեց բարձրանալ տուն և իր հետ քնել:
Եվ անմիջապես հստակեցրեց. “Ոչ որպես հաճախորդ! Ֆիրմայի հաշվին, այսպես ասած: Ուղղակի ուզում եմ քեզ”: Իմ անհասկանալի, հանկարծակիի եկած մարդու լռությունը սխալ մեկնաբանելով՝ ավելացրեց. “Լրիվ ձրի: Դե, ես եմ ուզում՝ ինչպես կին: Ուզում ես՝ ես քեզ կվճարեմ?”:

Ինձ երկար համոզելու հարկ չեղավ, իհարկե: Իհարկե, ոչ ես, ոչ էլ նա չվճարեցինք այդ սեքսի համար, որը, գիտեք, տարօրինակաբար ռոմանտիկ եղավ….
Եվ առավոտյան, աշխատասենյակում արդեն, ես վերհիշելով նրան ու մեր երեկոն, կասկածում էի, որ կամաց-կամաց սիրահարվում եմ….

Երեկոյան կողմ զանգեցի, խնդրեցի հանդիպել:
Նա, ծիծաղելով, ասաց. “Я недоебанной не осталась! А ты?” , բայց, իհարկե, չմերժեց, և մենք մի երկու ժամ ինչ-որ անիմաստ թատրոն մի կերպ նայել-վերջացնելուց հետո դեռ թափառեցինք սառցակալած փողոցներով (բայց ես չէի մրսում, իսկ նա ուղղակի սովոր էր), ապա գնացինք առաջին իսկ պատահած կաֆեն, մի քիչ պարեցինք անգամ՝ ի տես և ի զարմանս բոլոր այցելուների, քանզի այդ սրճարանում պարահրապարկ չկար ու դա պարելու տեղ չէ.... Երբ ես կրկին նրան ճանապարհում էի տուն, նա էլի լռում էր, ես էլի ինչ-որ լեկցիա էի կարդում քթիս տակ…. Հասանք իրենց բազմահարկին: Բայց շքամուտքի մոտ նա ինձ ասաց, որ… արդեն վճարովի է!
Ես էլ, բնականաբար, վճարեցի, և էլի քնեցինք զմիմենաս հետ:

…. Հաջորդ առավոտյան վերադարձրի Նովոսիբիրսկ-Մոսկվա տոմսը...
Վճռեցի դեռ մնալ, դեռ մերձենալ, դեռ ճանաչել մարդու այս տեսակին՝ անկաշկանդ, միանգամա՛յն պարզ ու մանկամտության աստիճանի անկե՛ղծ, մտավոր ունակություններով՝ անօգուտ մի բույս, իսկ արտաքինով՝ մի չքնաղ չինական վարդ…. Եվ սեքսում՝ ուղղակի “ведьма”:

Երեկոյան կողմ գնացի իրենց տուն: Ասացի, որ տոմսս հետ եմ տվել ու դեռ չեմ գնում, դեռ գործեր ունեմ այս քաղաքում: Նա, մի տեսակ հուզված,սեղան էր գցում՝ “թանկագին հայ հյուրի համար”, երբ ես բռեցի իր թաթիկը, քաշեցի դեպի ինձ ու ասացի մոտավորապես այն, որ սիրահարվել եմ իրեն, և որ ուզում եմ՝ ինքն իմ ընկերուհին լինի, բայց մի պայմանով. պետք է էլ պոռնկություն չանի: Ես իրեն կտեղավորեմ հարմար աշխատանքի, նա նորմալ կաշխատի ու խելոք կմնա:

Մարդը բռնեց ու համաձայնեց՝ բայց առաջ քաշելով ի՛ր պայմանները. նա պոռնկություն չի անում, բայց ես էլ իրեն չեմ դավաճանում (“թե չէ Կովկասից գալիս եք այստեղ, ում տեսնում եք՝ թռնում եք վրան”), իրեն չխաբեմ, ու եթե կուզեմ “Լևի” գնալ, իրեն ասեմ, “она сама приведет своих подруг”, բայց միայն իրեն չխաբեմ:
Պայմանավորվեցինք:

Հաջորդ առավոտ նա, սեփական նախաձեռնությամբ, իմ աչքի առաջ զանգեց իր նախկին ընկերուհիներին և ինչ-որ սուտենյոր Դիմայի, հեռախոսազանգը դրեց բարձարախոսի վրա, ու բոլորին ասաց, որ "все, у меня есть любимый, я завязала, больше мне не звонить!":
Եվ, իրոք, դրանից հետո իրեն էլ չէին անհանգստացնում:

Մի որոշ ժամանակ անց ես արդեն մինչև ականջներս սիրահարվել էի 21 տարեկան այդ աղջկան...
Ես ամեն ինչ անում էի Յուլիայի համար, նա էլ պարտքի չէր մնում ու ամեն ինչ տալիս էր՝ և՛ կանացի հոգատարություն, և՛ սեր, և քնքշանք, և՛ ծայրահեղ անկեղծություն, ինչն ինձ համար միշտ ամենակարևորն էր:

Մեկ ամսից հետս բերեցի Մոսկվա:
Ծանոթացրեցի իմ բարեկամների հետ, որոնցից երկուսին նա հենց առաջին օրը քիչ էր մնում ցնցակաթվածի հասցներ, երբ “իսկ դու ինչով ես զբաղվում, բալիկ ջան” հարցին անվրդով պատասխանեց, որ “չնայած ունի երաժշտական կրթություն և կարող է դաշնամուրի դասատու աշխատել, բայց պոռնկությամբ է զբաղվել մեկ տարի, իսկ հիմա՝ ոչնչով, մինչև Սակօն իրեն գործ գտնի”….
Բժշկական գիտությունների դոտկոր, պրոֆեսոր բարեկամս, ով ավելի քան 20 տարի աշխատել էր Մոսկվայի դատաբժշկական փորձաքննությունների բյուրոյում և ահագին բան էր տեսել կյանքում, կաթվածից հաջող խուսափելուց հետո ինձ մի կողմ քաշեց ու ասաց. “Օրիգինալ աղջիկ է… նման շիտակություն ես չեմ տեսել… Ամուսնացի՛ր հետը…”:
Իսկ փիլիսոփա եղբայրս հաջորդ օրը մի լուրջ, ծավալուն ու քվազի-ակադեմիական լեկցիա կարդաց ՝ "Կնոջ ազնվության անփոխարինելի դերը տղամարդու համար և դրա զուգադրումը սեռական սանձարձակության հետ" թեմայով, իսկ վերջում, որպես էպիլոգ. "Ձեռիցդ բաց չթողնես, լրիվ ուրիշ պտուղ է":

Յուլիան շարունակում էր իր շիտակության և անկեղծության տարբեր դրսևորումներով իմ բոլոր ծանոթ-բարեկամներին ցնցկաթվածի եզրին հասցնելու պրակտիկան մոտ երկու ամիս, միաժամանակ շարունակում էր շարժել իմ ընկերներիս նախանձը իր արտասովոր գեղեցկությամբ, իսկ ես շարունակում էի իրեն հարմար գործ փնտրել, և ապրում էինք այդպես: Ես ամեն ինչ անում էի նրա համար, նա էլ պարտքի տակ չէր մնում....
Մոտ երկու ամսից նա, մի անիծյալ չքնաղ առավոտ, կանգնեց ու ինձ ասաց.
"Սակօ...ես ամբողջ կյանքս քեզ պարտական եմ, ու քեզ սիրում եմ մորիցս շատ, բայց քեզ հետ չեմ կարող մնալ, որովհետև դու ինձ չես արժանի, այլ ավելի լավ մարդու, համ էլ քեզ ավելի շատ որպես մարդ եմ սիրում, քան որպես տղամարդ, ու չեմ մնա քեզ հետ...”: Իսկ հետո ասաց.
" ... ու ես գնում եմ Դանիա՝ մոդել աշխատելու..." Ինչ-որ մոդելի աշխատանք էր գտել իր համար Դանիայում….
Վերջում խնդրեց, պաղատեց, որ … ինձնից երեխա ունենա, "чтобы сохранить твои гены для себя" ու երդվեց, որ ոչնչով չի անհանգստցանի երբեք! Հեռավորության վրա հայրանալու այդ առաջարկը ես մերժեցի, ու նա գնաց՝ առանց ինձնից երեխա ունենալու հույսի:

(Եթե ես ռոմանտիկ դրամաների դրամատուրգ լինեի, այստեղ կնկարագրեի, թե ինքչան սրտաշարժ էր մեր բաժանումը, օդանավակայանում մի քանի անգամ գնալ-ետ գալ, վազելով վիզս ընկնել ու նման բաներ կհորիների, ապա կնկարագրեի իմ հոգեբանական անկումը, նրա առաջին զանգը Դանիայից, և այլ, և այլն: Բայց ես դրամաներ գրող չեմ, և բան չեմ հորինի, ուղղակի կասեմ, որ նա գնաց, իսկ ես ընդամենը 2 շաբաթ անտիդեպրեսանտ էի խմում ու հանգստացնողներ: Եվ վերջ:)

Երկու շաբաթ հետո եկավ մի կին: Փոստատարն էր: բերել էր մի ծանրոց՝ Դանիայից:
Մեջը մի նամակ էր , ֆոտոսեսիայի մի քանի լուսանկար, և 3 հազար դոլար, ինչին ի բացատրություն՝ նա գրել էր, որ “ես իր վրա շատ եմ ծախսել, մինչդեռ երկու երեխա ունեմ, ինքն առաջին հոնորարն ուղարկում է ինձ, ու հետո էլի կուղարկի, որ իրեն վատ մարդ չզգա, ու ինքն իրեն չմտածի, թե ինձ..."քցել է" ..."

Նա էլի, մինչև վերջ, վերջից էլ հետո, առավելագույնս անկեղծ էր ու բնական էր՝ քոլից հենց նոր պոկված պոմիդորի պես բնական…. Ազնիվ, շիտակ կնոջ իմ Էտալոնը:

Միքայէլ Սարգիս, 30.10.13