Երևանի ավագանին հոկտեմբերի 31-ին գումարված նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել քաղաքական, հասարակական գործիչ Ֆրունզե Խառատյանի, արձակագիր Զորայր Խալափյանի և Հայաստանի առաջին կին օդաչու Նինել Ղարաջյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու որոշումների մասին առաջարկներին:
Ավագանին հավանություն է տվել նաև Երևան քաղաքի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Հ.Թոքմաջյանի' Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի և Ջրաշխարհի հարևանությամբ տեղակայված զբոսայգու 5.637 հա մակերեսով մասը բարեկարգելու,կանաչապատելու և հանգստի գոտու վերածելու վերաբերյալ առաջարկությանը։ Հ.Թոքմաջյանի առաջարկության համաձայն՝ մշակվող բարեկարգման և կանաչապատման նախագծա-նախահաշվային փաստաթղթերն ավագանու որոշմամբ ընդունվել է որպես նվեր:
Ավագանու միաձայն հավանությանն են արժանացել նաև Երևան համայնքի սեփականություն համարվող մի շարք բնակարաններ անհատույց օտարելու, հողամասի նպատակային նշանակությունը փոխելու, ինչպես նաև «Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով գույքեր ամրացնելու մասին որոշումների նախագծերը:
Ավագանու որոշմամբ՝ Երևանի ավագանու հաջորդ նիստը կգումարվի նոյեմբերի 25-ին:
Երևան քաղաքի ավագանու այսօրվա հարցուպատասխանի մանրամասներին կարող եք ծանոթանալ, այցելելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայք www.yerevan.am։