ՈՉ ԹԵ ՊԱՀԱՆՋ, ԱՅԼ ՈՒԼՏԻՄԱՏՈՒՄ

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանն ու Հրանտ Բագրատյանը հայտարարել են իրենց պահանջները իշխանություններին, որ վերջիններս կեղծիքների մեթոդներ չօգտագործեն՝ հրապարակեն դրսում գտնվող քաղաքացիների ցուցակները և վարչական ռեսուրսներ չօգտագործեն։ Միանգամայն արդարացի պահանջներ են, բայց սա ընդամենը մի անատամ և ինքնանպատակ հայտարարություն է։ Ինչի՞ վրա են հույսերը դնում։

Իշխանությունները շատ լավ գիտեն, որ լայնամասշտաբ կեղծիքներ հնարավոր է անել միայն ուռճացված ցուցակների դեպքում, գողանալով դրսում ապրող միլիոնի հասնող ՀՀ քաղաքացիների ձայները։ Նրանց ցուցակները հրապարակելը նշանակում է կասկածի դակ դնել վերարտադրման շանսերը։ Իսկ վարչական ռեսուրսների օգտագործումը ևս մեկ խիստ անհրաժեշտ գործիք է հաղթելու համար։ Հենց դրա համար էլ ցուցակները չեն հրապարակի և ոչ մի պահանջ էլ չեն կատարի, քանի որ դա ուղղակի նշանակում է Սերժը չի անցնելու։ Եթե քաղաքական գործիչը այսքան բան չի գիտակցում նա իրավունք չունի նախագահ դառնալու հայտ ներկայացնել։

Անատամ հայտարարության փոխարեն հարկավոր է բացարձակ ուլտիմատում ներկայացնել իշխանություններին՝ կամ կատարում եք մեր պահանջները ու ձեր անարդար խաղի կանոնները փոխում եք, կամ բոլորս միասնաբար բոյկոտում ենք ու դուք ձեր «ընտրություններում» մնում եք մեն մենակ (միգուցե էպոսագետի հետ միասին)։

Մեզ հիմա այսպիսի քայլեր են անհրաժեշտ, այլ ոչ թե պահանջել մի բան որ ինքդ էլ չես հավատում։ Պահանջում ես, որ հասարակությանը պարզապես ցույց տաս որ տեսեք, մենք պահանջեցինք ու չար իշխանությունները չկատարեցին։ Փոխարենը հարկավոր է մի քիչ խիզախություն ունենալ և զոհաբերել երկրորդ կամ երրորդ տեղի էժանագին հրապուրանքը հանուն ազատ և արդար ընտրությունների։