Հավանաբար չենք հանդիպի այնպիսի մարդկանց, ովքեր հետաքրքրված չլինեն ուղեղի աշխատանքով, նրա կարողություններով եւ ունիկալ հատկանիշներով:Այսօր մենք ներկայացնում ենք մարդկային ուղեղի աշխատանքի մասին տարածված միֆերը եւ մասնագետների կողմից հաստատված փաստերը:
ՓԱՍՏԵՐ
Նկարներ ուսումնասիրելն ավելի դժվար է, քան շախմատ խաղալը: Բանն այն է, որ հաճախ մարդու համար բավականին դժվար է բացահայտել վիզուալ օբյեկտները: Նկատված փոքրիկ օբյեկտը հեշտությամբ կարելի է շփոտել մեկ այլ բանի հետ: Օրինակ՝ չլուսավորված փողոցում կանգնած մարդը կարող է ճանապարհային որեւէ նշան թվալ:
Հորանջելն օգնում է ուղեղին արթնանալ: Այն հիմնականում ասոցացվում է չբավարարված քնի եւ ձանձրույթի հետ, բայց, իրականում այն օգնում է մարդուն արթնանալ: Հորանջելու ժամանակ լայնանում է շնչափողը, որը թույլ է տալիս հեշտությամբ ստանալ ավելի շատ թթվածին, որը հետո խառնվում է արյանը, ինչն էլ մեզ դարձնում է ավելի կենսուրախ:
Համակարգչային խաղերը սովորեցնում են կատարել մի քանի աշխատանք միաժամանակ: Մի քանի խնդիրներ միաժամանակ լուծելու համար մարզումների լավագույն աղբյուրը համարվում են համակարգչային խաղերը: Օրինակ՝ երբ ինչ-որ մի խաղում անհրաժեշտ է կրակել տարբեր կողմերից հայտնվող հնարավորինս շատ թշնամիների: Խաղերը ստիպում են մարդկանց կենտրոնացնել ուշադրությունը եւ արագ արձագանքել տեղի ունեցող փոփոխություններին:
Մարդու ուղեղն օգտագործում է ավելի քիչ էներգիա, քան սառնարանի էլեկտրական լամպը: Ուղեղում բջիջների միջեւ հաղորդագրությունը փոխանցվում է էլեկտրական ազդանշանների միջոցով: Արդյունքում օգտագործվում է 12 վատտ էներգիա, որն ավելի քիչ է սառնարանի էլեկտրական լամպի աշխատանքից:
Հիմար երգը շատ դժվար է մոռանալ: Ուղեղը հիշում է մարդու օրվա ամբողջ դասավորվածությունը՝ սկսած սուրճի պատրաստումից եւ վերջացրած այն ճանապարհից, որով մարդը մետք է անցնի, որպեսզի հասնի տուն: Ամբողջ այս հերթականությունը հիշելու կարողությունը հնարավոր է դարձնում մարդկային ամենօրյա կյանքը: Հաճախ ուղեղը մեխանիկորեն միացնում է այդ ալգորիթմի ժամանակ լսված երաժշտությունը եւ պարբերաբար հիշեցնում է այն մարդուն:
ՄԻՖԵՐ
Մարդը կարող է իր ուղեղի միայն 10%-ն օգնագործել: Չնայած այս տեսակետին՝ իրականում մարդն ամեն օր օգտագործում է իր ուղեղի ամբողջական ներուժը: Տարբեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նույնիսկ պարզ առաջադրանքներ կատարելիս ակտիվանում են գլխուղեղի գրեթե բոլոր կողմերը:
Կույրերն ավելի լավ են լսում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կույրերը թույլ հնչյունները չեն լսում ավելի լավ, քան մյուսները: Սակայն, կույրերի մոտ տեսողական հիշողությունն ավելի լավ է զարգացած: Շատերի համոզմամբ օտար լեզվով նախադասության իմաստը նրանք ավելի արագ են հասկանում, ինչպես նաեւ ավելի լավ են որոշում ձայնի աղբյուրը:
Ինչքան մեծ է ուղեղը, այնքան մեծ է մարդու գաղափարը: Ուղեղի չափսերը չի ազդում մարդու ինտելեկտուալ կարողությունների վրա: Բացի այդ, ըստ գիտնականների, միտքը, գաղափարը կախված է սինապսների եւ նեյրոնների միջեւ կապից: Սինապսների թվաքանակն աճում է մարդու կյանքի մանկության եւ երիտասարդության շրջանում ու ազդում է ինտելեկտի վրա:
Մոցարտի երաժշտությունը երեխաներին դարձնում է ավելի խելացի: Այս միֆն առաջացավ 1993թ-ին, երբ «Nature» ամսագրում հրապարակվեց մի հետաքննություն, որի համաձայն 10 րոպե Մոցարտի երաժշտության ունկնդրումը բարձրացրել էր քոլեջի ուսանողների ստուգողական աշխատանքների որակը: Այս լուրն անմիջապես տարածվեց լրատվամիջոցների կողմից, որոնք «ուսանողներին» փոխարինեցին «փոքրիկ երեխաների»: Միաժամանակ դրանից հետո չի արձանագրվել ոչ մի ապացույց, ըստ որի հաստատվեր, որ դասական երաժշտությունն ազդում է մարդու ինտելեկտուալ կարողությունների վրա: