Նայեցի վերջին գրառումս ու հասկացա, որ այս ամիս բան չեմ գրել: Բայց գոնե սեպտեմբերի ամենակարեւոր թեմային անդրադառնալն անհրաժեշտ է: Սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միությանը միանալու որոշման մասին։

Չեմ կարծում, որ կարող եմ Մաքսային միության կողմ կամ դեմ ինչ-որ նոր միտք արտահայտել: Այս ամսվա ընթացքում հնարավոր ամեն ինչ ասվել է: Ավելացնելու բան այլեւս չի մնացել:

Ընդամենը զարմանքս հայտնեմ, որ կային մարդիկ, ովքեր լուրջ քննարկում էին Ռուսաստան թե Եվրոպա երկընտրանքում /եթե նմանը իրականության մեջ կար/, վերջինիս օգտին որոշում կայացվելու հավանականությունը: Իմ համար նման հարց ի սկզբանե չի եղել: Այ, եթե ընտրության տարբերակներ դրվեր, ասենք, ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի միջեւ, միգուցե քննարկելու թեմա լիներ: Ինչպես էլ մենք չվերաբերվենք Ռուսաստանին, ինչպիսի վատ պատմական փորձ էլ չունենանք, կապված նրա դավաճանությունների հետ, Մոսկվան գոնե իրավաբանորեն եւ փաստացի մեր անվտանգության մի կարեւոր հատվածի երաշխավորն է, իսկ Եվրոպան երբեւիցե նման բան նույնիսկ չի էլ խոստացել: Եվ ընդհանրապես եվրոպական անվտանգության երաշխիքների կամ ռազմական օգնության մասին խոսելիս առաջինը ինչ գալիս է իմ մտքին, դա Առաջին հանրապետությանը անգլիական զենքի տրամադրման պատմությունն է:

… 1919 թվականն էր: Երիտասարդ Հայկական հանրապետությունը զենքի մեծ կարիք ուներ: Տարածաշրջանում միայն հայերը չունեյին բավարար զինամթերք սեփական ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար: Թուրքերը, խախտելով Մուդրոսի զինադադարը, թեթեւ եւ ծանր զենքերի բազմաթիվ պահոցներ էին կազմակերպել եւ այդ զենքն օգտագործվում էր ՀՀ-ում իրավիճակն ապակայունացնելու համար: Վրաստանը եւ Ադրբեջանը տիրացել էին Կովկասում նախկին կայսերական բանակի զինանոցներին, ինչպես նաեւ զինաթափում էին նահանջող Սպիտակ բանակի զինվորներին:

Գեներալ Գաբրիել Ղորղանյանը 1919 թ. երկրորդ կեսին Լոնդոնում 6 շաբաթ շարունակ փորձում էր ստանալ բրիտանական օգնություն Հայկական բանակը զինելու եւ արդիականացնելու համար: Ամեն ինչ սահմանափակվում է հայերին բրիտանական կառավարության եւ ժողովրդի համակրանքի ու աջակցության խոսքերով:

Միայն, երբ Դենիկինյան Սպիտակ բանակը փլուզվեց բոլշեւիկների հարվածների տակ, Դաշնակիցների Գերագույն խորհուրդը 1920 թ. հունվարի 19-ին ընդունեց որոշում զենք տրամադրել Հայաստանին, Վրաստանին եւ Ադրբեջանին:

Մարտին այս հարցը դառնում է Անգլիայի Արտաքին գործերի եւ Պաշտպանության նախարարությունների միջեւ բանավեճի առարկա: Զինվորականները համարում էին զենքի փոխանցումը անարդյոնավետ, սակայն Քերզոնը պնդում է, որ Անգլիան հայերի նկատմամբ ունի բարոյական պարտք եւ պետք է տրամադրել հայերին զենք ինքնապաշտպանվելու համար: Վերջապես, մարտի 18-ին ռազմական նախարարությունը համաձայնվում է փոխանցել Հայաստանին որոշ քանակությամբ զենք:

Հաջորդ օրը Գանձապետարանը հայտարարում է, որ չի առարկում, սակայն պնդում, որ միջոցներ չունի այդ գործարքը ֆինանսավորելու համար: Միաժամանակ միջոցների բացակայության մասին հայտարարեց նաեւ Անգլիական Բանակը:

Բանացկությունների ժամանակ պարզ է դառնում, որ Բրիտանական կառավարությունը ցանկանում է ավելի շուտ վաճառել եւ ոչ թե փոխանցել Հայաստանին զինամթերքի ավելցուքը, որը կուտակվել էր Դենիկինի բանակի պարտությունից հետո: Ավելին, պահանջում էր կանխավճար կատարել:

Ապրիլի 17-ին պարզաբանում է մտցվում զինամթերքի չափի մեջ՝ 48 դաշտային հրանոթ, 400 գնդացիր, 25000 հրացան իրենց փամփուշտներով, 40 000 հանազգեստ եւ այլ պարագաներ 160 000 ֆունտ ստերլինգ արժողությամբ: Սակայն սա էլ դեռ վերջը չէր: Գանձապետարանը պահանջում էր 25000-ը վճարել կամխիք գումարով եւ անմիջապես, իսկ Ծովային նախարարությունը չէր վավերացնում համաձայնությունը մինչեւ չստանա փաստաթղթեր բեռի բնույթի եւ չափերի մասին, ինչպես նաեւ այն նավահանգստի հստակ մատնանշումը, որտեղից այս բեռը պետք է ուղեւորվեր դեպի Հայաստան:

Մայիսի 1-ին Հայաստանին զենք տրամադրելու որոշումից մոտ 4 ամիս հետո, Բրիտանական ԱԳՆ-ն նորից ստիպված էր զբաղվել թղթաբանությամբ, այս անգամ արդեն Ծովային փոխադրումների նախարարության հետ:

Մայիսյան ապստամբությունը բրիտանական կառավարության համար դարձավ եւս մեկ առիթ Հայաստան զենք ուղարկելու գործընթացը ձգձգելու համար, սակայն տեղափոխման ժամկետն ի վերջո նշանակվում է՝ մայիսի 29-ը: «Ս.Ս.Հորմսի» նավը կանգնած էր բեռնատար նավամատույցում, երբ պարզվեց, որ այն որոշակի վերանորոգման կարիք ունի եւ բացի այդ ռազմական նախարարությունը դժվարանում է գտնել բավարար քանակությամբ բեռնակիրներ այն բեռնելու համար: Միայն հունիսի 4-ին այդ հարցերը լուծվեցին եւ նավը բարձրացրեց իր խարիսխը ու ճանապարհ ընկավ դեպի Սեւ ծով:

Երբ հուլիսի սկզբին նավը կանգնեց Փոթիի նավահանգստում, Փարիզում հայկական պատվիրակության ղեկավարներ Պողոս Նուբարին եւ Ա. Ահարոնյանին ստիպեցին ստորագրել զենքի դիմաց 13 գանձապետական մուրհակներ… 829 634 ֆունտ արժողությամբ:

Վրացական կառավարությունն իր հերթին պահանջեց իրեն բաժին հանել այս զենքից իր տարածքով դեպի Հայաստան տեղափոխությունը կատարելու համար: Այս քայլը ստանում է անգլիացիների անվերապահ աջակցությունը, եւ Լոնդոնում հայկական ներկայացուցիչները համաձայնվում են փոխանցել Վրաստանին ապրանքի 27 տոկոսը: Այսպես որոշման ընդունումից 6 ամիս հետո, հուլիսին անգլիական զենքով բեռնված գնացքները հատեցին Սանահինի կայարանը եւ մտան Հայաստան:

Հազարավոր հրացանները ու հանդերձանքը պետք է, որ մեծ օժանդակություն լինեին Հայկական բանակի համար, սակայն շուտով պարզ դարձավ, որ… դրանց հետ լուրջ խնդիրներ կան: Հրացաններն էականօրեն տարբերվում են Մոսինի, Լեբելի եւ այլ մակնիշներից, որոնք օգտագործվում էին հայկական բանակում: Երեւանում այդ օրերին գտնվող Լորդ-քաղաքագլխի հիմնադրամի ներկայացոիցիչ Հարքուրդը հետագայում մեղադրեց սեփական կառավարությանը, որ այն հայերին էր փոխանցեց բոլորովին անպետք հրացանները, ավելին դրա համար գումար ստանալով: «… ռազմական նախարարությունը օգտագործեց այս հնարավորությունը, որպեսզի հայերին ուղարկի… կանադական «Ռոսս» հրացանները՝ դիպուկահարների հրացաններ, որոնք Ֆրանսիայում փորձարկվելով ցույց տվել ընդհանուր դաշտային ծառայության համար իրենց ոչ պիտանիությունը: Այն ծանր հրացան է, որի հետ շատ դժվար է գործ ունենալ, եւ որի չափազանց բարդ մեխանիզմը շատ հեշտությամբ է շարքից դուրս գալիս: Ավելին, Հայաստան ուղարկված զենքի հետ չի ուղարկվել ոչ մի գոտի դրանք կրելու համար, այս հրացանները ունեն նաեւ գրեթե անօգուտ սվիններ, որոնք իմ կողմից Երեւանում զննված բոլոր օրինակներում չէին տեղադրվում ինչպես հարկն է, այլ ճոճվում էին: Դժվար է սպասել, որ զենքը, որը ցույց է տվել իր անօգտակարությունը բրիտանական զորքերի համար, կարող է էական կերպով ծառայել Հայաստանի անկիրթ գյուղացիներին»**:

_________________

* նկարը թեմային հետ առնչվում է այնքանով, որ հայեր են Բաքվում, անգլիական զենքով զինված:

** նյութը գրելուց հիմնականում օգտվել եմ Richard G. Hovannisian, The Republic of Armenia, Vol. III: From London to Sèvres, February-August 1920 Berkeley, Los Angeles, London: University of California Press, 1996