Նարէ Աթոյան

Չգիտեմ, վեճերն իրոք ավելացե՞լ են, թե ինձ է թվում…

Վերջին մի քանի օրում անկախ իմ կամքից չափազանց շատ վեճերի եմ ականատես եղել ու լսել…
Մայրն ասում է ամենավերջին խոսքերն աղջկան, աղջիկը՝ հորը, հայրն՝ իր հորը… որդին՝ մորը… տատը՝ թոռանը… ամուսինը կնոջն է հայհոյում… ու վիճող կողմերից որևէ մեկը չի ուզում զիջել, զիջել ու լռել…

Գիտեմ, առհասարակ գեղեցիկ չի, երբ ականջ ես դնում այլ ընտանիքներում կատարվող իրավիճակներից ծնված վեճերին, բայց վերջին ժամանակներս ականջ դնելու հարկ չի լինում… այդ աղմուկն ինքն է գալիս ու լցվում քո բնակարան, քո աշխատասենյակ, քո տարածք…

Ինչպե՞ս հասկանալ, այս ագրեսիան որտեղի՞ց է գալիս…

Կարծում եմ, չափազանց կարևոր դեր է կատարում հեռուստաեթերը… այո, տարիներ առաջ, երբ չկար այսքան շատ հեռուստաալիք, նույնիսկ կային ընտանիքներ, որտեղ չկար հեռուստացույց, մարդիկ գիրք էին կարդում, ու մարդիկ համեմատաբար ավելի բարի էին…Ասեմ ինչու… գիրքը մեզ չի տալիս պատկերը պատրաստ վիճակում, այլ հնարավորություն է տալիս, որ յուրաքանչյուրս ինքներս ստեղծենք բառերի տակ թաքնված պատկերները… ու ամեն մեկս դա յուրովի ենք տեսնում… այնինչ հեռուստաեթերը գալիս ու ենթադրում, մտածում, գործում է մեր երևակայության փոխարեն… նա տալիս է ագրեսիան արդեն պատրաստ վիճակում՝ ի՞նչ անել, ի՞նչու անել, ի՞նչպես անել… ու այդ ամենը փոքր երեխան նույնիսկ շատ արագ ընկալում է և, հետագայում հայտնվելով նմանատիպ իրավիճակում՝ փորձում է իրագործել…

Գիտակից մարդիկ գիտեն ինչ դիտել, ցավալին այն է, որ եթերը մշտապես ղեկավարում է անգիտակից մարդկանց խմբերին…

Իհարկե, համամիտ եմ, որ անհնար է ապրել առանց վեճերի, բայց եթե տարիներ առաջ ամուսինը կնոջն ասում էր՝ սուս, դա քո գործը չի, կինը լռում էր… կինը լռում էր գոնե մի որոշ ժամանակով… լռում էր, քանի որ նա չգիտեր, որ կարելի է նաև պատասխանել ամուսնուն ընկերների կամ հարազատների ներկայությամբ… կինը լռում էր, քանի որ երիտասարդ տարիքում հայրական օջախում չէր տեսել, որ իր մայրը պատասխաներ իր հորը, այն էլ հյուրերի ներկայությամբ… կինը լռում էր, ու այդ լռությամբ նա ավելին էր անում՝ նա չէր թողնում, որ իր ամուսինը հասնի կատաղության այն աստիճանին, որից հետո այլևս անկարող էր լինելու զսպվածություն ձեռք բերել, ու հարվածելու էր իրեն՝ երեխաների ու մարդկանց ներկայությամբ… կինը հասկանում էր, որ երեխան տեսնում ու սովորում է և որ իր լռությամբ նա դաստիարակում է նաև իր որդիներին ու դուստրերին…

կինը խելացի էր…

Ներկայումս կինը կույր է…

Կինը ցանկանում է սիրահարվել նույնիսկ ամուսնացած ժամանակ, բայց ոչ իր ամուսնուն, այլ մեկ ուրիշի… կինը ցանկանում է ազատ ապրել՝ անժառանգ ու առանց որևէ պատասխանատվության, այնինչ նա աշխարհ է եկել նաև մայր լինելու համար, կինը տարվում է ամեն տեսակի մոլորություններով՝ մոռանալով, որ ինքը մայր է, երեխաներ ունի, որոնք իրենն են ու իր խորհրդի ու սիրո կարիքն ունեն… կինն ուզում է լինել առնական, և մերժում է տղամարդու ներկայությունը, քանի որ գիտի՝ տղամարդն ստիպելու է, որ ինքն իրեն կին զգա ու լինի կանացի… կինը չի ուզում լռել ու հետևել տղամարդուն, նա ուզում է լինել ազատ, ինչպես տղամարդը, երբ նրա կողքը կին չկա…

Երբ ընտանիքում ծնվում է ագրեսիա, պետք է լինի նաև զսպվածություն, այլապես այդ ընտանիքը կքայքայվի… տղամարդը երբեք չի կարող լինել այդ զսպվածության ակունքը, եթե նա կարողանար զսպել իր մեջ զայրույթը, նա չէր լինի առնական, չէր լինի պաշտպան, չէր լինի հերոս… ու պատերազմից նա երբևէ հաղթական չէր վերադառնա տուն…

Սրանից հետևություն, որ ագրեսիայի միակ ստեղծողն ու նրան ոչնչացնողը դարձյալ կինն է…

Սակայն կինն այսօր այնքան անխելք է, որ դիտում է հեռուստասերիալ՝ փորձելով սովորել ու ապրել այդ հերոսուհի կանանց կյանքով… Ու նրան այնքան են կուրացնում այն պահերը, երբ կինը միայնակ հասնում է կատարյալ հաջողության, որ նա իրական կյանքում կորցնում է իր կանացիությունը, կորցնում է ամուսնու և երեխաների նկատմամբ իր հարգանքը, սպանում է իր մեջ կանացի զսպվածությունն ու նետվում է դեպի ազատություն՝ փորձելով ապացուցել շրջապատին, որ նա նույնպես կարող է լինել առնական, լինել խիզախ, լինել… տղամարդ…

Եվ կինն իր կին լինելը գիտակցում է այն ժամանակ, երբ ձեռք բերած ազատությունը դառնում է անիմաստ, քանի որ նա արդեն չի սիրվում ու միայնակ է …
ԱՂՋԻԿՆԵՐ, ԽԵԼԱՑԻ ԵՂԵՔ՝ ԸՆՏԱՆԻՔ ԿԱԶՄԵՔ ու ԳԻՐՔ ԿԱՐԴԱՑԵՔ՝ ՄԻ ՉԱՐԱՑԵՔ...