Ռոմանտիկան ինքնին առեղծվածային է, իր մեջ պարունակում է որոշակի գունային թեթևամտություն և գրավչություն: Մեր խենթ կյանքի ողջ ընթացքը մենք անընդհատ փորձում ենք լցնել ռոմանտիկ կաթիլներով, որպեսզի զգանք նրա աննկարագրելի համը: Բայց թե ինչու է ռոմանտիկ պահեր կազմակերպելու ողջ բեռն ընկել տղաների ուսերին, ոչ ոք չի կարող սպառիչ պատասխան տալ: Սակայն մի բան պարզ է, որ տղաներին նույնպես դուր է գալիս, երբ իրենց համար ինչ որ անակնկալ է պատրաստվում: Ուղղակի ուժեղ սեռը դա երբեք ցույց չի տալիս: Իսկ դուք, սիրելի աղջիկներ, երբևէ մտածել եք, ձեր սիրելիի համար որևէ ռոմանտիկ միջավայր ստեղծելու կամ նվեր մատուցել մասին: Չէ որ ռոմանտիկան դա ոչ միայն քաղցրավենիքն է, սիրային ֆիլմերի դիտումները, անթիվ ծաղիկները, ընթրիքները մոմի լույսի ներքո … և այլն և այլն…

Ռոմանտիկան նախ և առաջ այն տաք պատառն է, այն անսպասելի ու ինտրիգային հանդիպումները, որոնք հիշվում են ողջ կյանքի ընթացքում: Կազմակերպելը դժվար չէ: Անակնկալն անկասկած նոր կրակ կարթնացնի յուրաքանչյուրի մոտ ու հաճելի պահեր կպարգևի, որոնք կպարտադրեն սրտին աշխատել ավելի արագ և ներսում ամեն ինչ տակն ու վրա անել: Օրինակ սիրելի տղային շատ դուր կգա, եթե աղջիկը ռոմանտիկ մթնոլորտում առաջինը սեր խոստովանի: Բայց պետք չէ արտահայտվել բառերով: Այդ մասին կարելի է գրել նրա սիգարետի տուփի վրա, կամ նախապես նախշազարդել պարանոցին, որը կարելի է թաքցնել վարսերի կամ շարֆի տակ: Իմ ծանոթ աղջիկներից մի խենթուկ, գնել էր կինդեր շոկոլադե ձվիկ, զգուշորեն հանել էր ներսի խաղալիքն ու փոխարենը տեղադրել էր փոքրիկ սրտիկ: Տղայի համար ցնցող անակնկալ կլինի նաև, եթե նա աշխատանքի գնալու ճանապարհին մեծ պաստառի վրա կարդա իր անունն ու սիրելի աղջկա կողմից արված սիրո խոստովանությունը: Ասեմ ևս մեկ գաղտնիք, յուրաքանչյուր անակնկալ էլ տղաներին մեծ ուրախություն է պարգրևում, ինչից նրանք կարող են երեխայի նման երջանկանալ:
Իսկ ահա տղաների համար մի փոքր բարդ է աղջիկներին զարմացնելը, քանի որ նրանք սիրում են խորհրդավորություն պարունակող երևույթներ: Բայց դե եթե կա սեր և սիրելիին որևէ հաճելի բան պարգևելու ցանկություն, մտքերն ինքնին կգան:
Կարելի է որևէ ընկերոջ օգնությամբ գեղեցիկ անակնկալ մատուցել սիրելի աղջկան: Նախապես որևէ վայր եք որոշում ձեր ընկերոջ հետ, ու ժամադրության ժամանակ սիրելի աղջկա հետ գալիս եք հենց այդ վայրը, որտեղ էլ համբուրում եք նրան: Այդ ընթացքում ձեր ընկերը պարզապես անցնում է ձեր կողքով ու աննկատ ձեզ է տալի մի գեղեցիկ կարմիր վարդ: Տաք համբույրից հետո հայտնված վարդը սիրելիին մեծ զարմանք ու աներևակայելի ուրախություն կպարգևի:
Ամենակարևորը հիշել, որ ռոմանտիկան դա այն է, ինչը չի կարող կրկնվել, աննկարագրելի է և յուրահատուկ:
Ցավալին է սակայն այն փաստը, որ ամենօրյա կյանքում ռոմանտիկ երևույթները հեռանում են մեզանից և մեր օրերն սկսում են նմանվել մեկմեկու: Իսկ ով կարող է փոխել ու ավելի գունավոր դարձնել մեր առօրյան: Իհարկե մենք ինքներս: Համոզված եղեք, որ յուրաքանչյուր սիրող անհատ իր կեսին ուրախ պահեր պարգևելով նախ և առաջ ինքն է մեծ բավականություն ստանում դրանից:
Չեմ կարող շրջանցել տղաների կողմից հաճախակի կազմակերպվող և աղջիկներին դուր եկող ռոմանտիկ ընթրիք-երեկոներին, չնայած որ դրանք արդեն իսկ շատ տարածված են: Երեկոյի համար կարելի է ինչ որ բովանդակություն որոշել, կամ բնակարանը զարդարել յուրովի, օրինակ արևելյան ոճով, կամ որևէ դարաշրջանին համապատասխան: Սեղանը կարելի է զարդարել գունային երանգներ ունեցող սպասքով, որն ավելի ներդաշնակ է ձեր զույգին: Որևէ գողտրիկ անկյունում կարելի է թաքցնել գեղեցիկ նվեր: Դե իսկ մոմերի ընտրության հարցում ձեզ կարող է խորհուրդ տալ ձեր իսկ սիրելին. ընտրեք նրա սիրելի կենդանու ձևով, կամ ծաղկի, ավելի սեքսուալ կլինի, եթե մոմն ունենա շուրթերի տեսք: Տեսականին մեծ է, այնպես որ միայն պետք է ձեր երևակայությանը մի քիչ ստիպեք ավելի աշխույժ աշխատել: Մեր օրերում մոմերը կարելի է ընտրել տարբեր ձևերի ու գույների: Մի խոսքով, ձեր կեսին ճանաչելով' կարող եք երեկոյան ընթրիքը դարձնել նրա համար անմոռանալի:
Ձեզ բարի ժամանց, բայց չմոռանաք ևս մեկ հանգամանք. ռոմանտիկ ընթրիքը պետք է կազմակերպել ուրբաթ երեկոյան, որպեսզի առավոտյան ստիպված չլինեք վաղ արթնանալ ու գնալ աշխատանքի:

by Nare