Երեկոյան, երբ սահմանին հասան:Նենա Դակոնտեն նկատեց, որ մատը, որի վրա հարսանեկան մատանին էր, շարունակում է արյունել: Լաքե եռեզր գլխարկին կոպիտ բրդյա ծածկոց գցած պարեկը կարբիդե լապտերի լույսի տակ ստուգեց անձնագրերը՝ մեծ ջանք թափելով, որպեսզի Պիրենեյներից փչող կատաղի քամին ցած չգլորեր իրեն: Չնայած երկու դիվանագիտական անձնագրերն էլ կարգին էին՝ պարեկը բարձրացրեց լապտերը, որպեսզի համոզվեր, որ լուսանկարները նման էին դեմքերին: Նենա Դակոնտեն գրեթե աղջնակ էր՝ երջանիկ

թռչնակի աչքերով, մեղրագույն մաշկով, որից դեռևս Կարիբյան ծովի կիզիչ արև էր ճառագում հունվարյան մռայլ աղջամուղջի մեջ: Նա մինչև վիզը

փաթաթվել էր ջրաքիսե այնպիսի մի մուշտակի մեջ, որ հնարավոր չէր գնել ամբողջ սահմանապահ կայազորի մեկ տարվա աշխատավարձով: Նրա ամուսինը՝ Բիլլի Սանչես Ավիլան, ով վարում էր ավտոմեքենան, մի տարով փոքր էր նրանից և գրեթե նույնքան գեղեցիկ: Նա շոտլանդական վանդակավոր բաճկոնով էր և բեյսբոլիստի գլխա

րկով: Ի տարբերություն կնոջը՝ նա բարձրահասակ էր, ատլետիկ կազմվածքով և երկչոտ կռվասերի երկաթյա կզակով:Սակայն այդ զույգի սոցիալական դիրքն ամենալավը երևան էր հանում պլատինագույն ավտոմեքենան, որի ներսը տաքարյուն գազանի այնպիսի շունչ էր արձակում, որի նմանը չէին տեսել այդ թշվառ սահմանում: Ետևի նստատեղերը լեփ-լեցուն էին բոլորովին նոր ճամպրուկներով և նվերների բազմաթիվ տուփերով, որոնք դեռչէին բացվել: Այնտեղ էր նաև տենոր սաքսոֆոնը, որը Նենա Դ՛ակոնտեի կյանքում ամենամեծ կիրքն էր մինչև առողջարանային իր քնքուշ խուլիգանի հակասական սիրուն անձնատուր լինելը:

Երբ պարեկը վերադարձրեց կնքված անձնագրերը, Բիլլի Սանչեսը հարցրեց, թե որտեղ կարող էին դեղատուն գտնել կնոջ մատին սպեղանի դնելու համար, պարեկը քամուն հանդիման գոռաց, որ Հենդայայում հարցնեն, ֆրանսիական կողմում: Սակայն Հենդայայի պարեկներին, որոնք ապակյա տաք և լավ լուսավորված պահակակետում առանց պիջակի, միայն վերնաշապիկով նստած էին սեղանի շուրջ և գինու թասի մեջ թրջած հաց ուտելով թուղթ էին խաղում, բավական եղավ տեսնել ավտոմեքենայի կարգն ու չափերը, որպեսզի նշեին մի հասցե, որ Ֆրանսիայի խորքերում էր գտնվում: Բիլլի Սանչեսը մի քանի անգամ ազդանշան տվեց, սակայն պարեկները չհասկացան, որ իրենց են կանչում, նրանցից մեկը բաց արեց պատուհանը և ավելի կատաղի, քան քամին էր, բղավեց.- Merde! Allez-vous-en!1
Այդ ժամանակ Նենա Դակոնտեն, մինչև ականջները մուշտակի մեջ փաթաթված, դուրս եկավ մեքենայից և անթերի ֆրանսերենով հարցրեց պարեկին, թե որտեղ դեղատուն կա: Սովորության համաձայն լիքը բերանով՝ պարեկը պատասխանեց, որ դա իր գործը չի, առավել ևս՝ նման փոթորկի ժամանակ, և փակեց պատուհանիկը: Իսկ հետո ուշադիր նայեց ջրաքիսի բնական մորթու ցոլքերի մեջ պարուրված, վիրավոր մատը ծծող աղջկան և հավանաբար շփոթեց նրան այդ սարսափելի երեկոյի մեջ հայտնված հրաշք տեսիլքի հետ, որովհետև մի պահ անց փոխվեց նրա տրամադրությունը: Բացատրեց, որ ամենամոտ քաղաքը Բիարիցն է, բայց ձմեռվա կեսին, այն էլ այդպիսի սատանայական քամու պայմաններում թերևս ոչ մի դեղատուն բաց չլինի մինչև Բայոնա, մի քիչ ավելի հեռու:
- Լու՞րջ բան է, - հարցրեց նա:- Չէ, դատարկ բան է, - ժպտաց Նենա Դակոնտեն՝ ցույց տալով ադամանդներով մատանիով մատը, որի ներսի փափուկ մասում հազիվ էր նկատվում վարդի փշի ծակած տեղը, - մի փոքր ծակոց:Մինչև Բայոնա հասնելը կրկին ձյուն տեղաց: Ժամը յոթն անց չէր լինի, սակայն փողոցներն ամայի էին, և տները փակ՝ կատաղի փոթորկի պատճառով, և երկար պտտվելուց հետո առանց դեղատուն գտնելու՝ որոշեցին շարունակել ճանապարհը: Բիլլի Սանչեսին ուրախացրեց այդ որոշումը: Նա անհագ կիրք ուներ հազվագյուտ ավտոմեքենաների հանդեպ և մի հայր, որ մեղքի չափազանց մեծ զգացում ուներ և գերառատ միջոցներ՝ նրան հաճոյանալու համար, և հարսանեկան նվեր դարձած այդ Բենթլիի նման բան երբեք չէր վարել: Նա այնպիսի ինքնամոռացման մեջ էր ղեկի վրա, որ ինչքան գնում էր, այնքան ավելի քիչ էր հոգնածություն զգում: Մտադիր էր այդ գիշեր Բորդո հասնել, որտեղ հարսանեկան լյուքս հ

ամար ունեին պատվիրած «Սպլենդիդ» հյուրանոցում, և ո՛չ հանդիպակաց քամիներ էին լինելու, ո՛չ էլ առատ ձյուն երկնքում, որ խոչընդոտեին նրան: Նենա Դակոնտեն, ընդհակառակը, ուժասպառ էր, հատկապես Մադրիդից սկսվող մայրուղու վերջին հատվածի պատճառով, որն այծերի կարկտահար մի դարևանդ էր: Այնպես որ, Բայոնան անցնելուց հետո, մի թաշկինակ փաթաթեց մատնեմատին, լավ սեղմելով այն, որպեսզի կան

գնեցներ արյունը, որը շարունակում էր հոսել ու հոսել, և խոր քուն մտավ: Բիլլի Սանչեսը դա նկատեց միայն կեսգիշերին մոտ, երբ ձյունը կտրվեց, և քամին դադար առավ սոճիների արանքում, և ամայի երկնքը լցվեց պաղ աստղերով: Անցել էր Բորդոյի ննջող լույսերի առջևից, կանգ էր առել միայն մայրուղու մի լցակայանում՝ վառելիքի բաքը լցնելու, և դեռ ուժ մնացել էր առանց շունչ քաշելու Փարիզ հասնելու համար: Նա այնքան երջանիկ էր իր 25.000 ֆունտ ստերլինգ արժողությամբ մեծ խաղալիքով, որ նույնիսկ ինքն իրեն հարց չէր տալիս, թե արդյոք երջանի՞կ է նաև այդ ճառագող արարածը, որ քնած է իր կողքին՝ արյան մեջ թաթախված վիրակապը մատնեմատին, որի պատանեկան երազն առաջին անգամ խոցվել էր անորոշության բռնկումներից:Երեք օր առաջ էին ամուսնացել նրանք, երեք հազար կիլոմետր հեռու այդտեղից՝ Կարտախենա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Շարունակությունն՝ այստեղ