Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածով երթևեկության սահմանված արագությունը 11-20կմ/ժ արագությամբ գերազանցելու համար սահմանված է վարչական պատասխանատվություն' տուգանքի նշանակում' նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով (10.000 ՀՀ դրամ): Այսինքն, եթե թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է, տվյալ դեպքում վարչական իրավախախտում է համարվում և արագաչափ սարքերի միջոցով ամրագրվում է 71 կմ/ժ արագությունից սկսած (օրինակ, 71 կմ/ժ արագությամբ երթևեկելու դեպքում վարչական պատասխանատվության ենթարկելու որոշման մեջ նշվում է 71 կմ/ժ' գերազանցելով 11 կմ/ժ):
Ըստ էության, օրենսդիրը ի սկզբանե արագության գերազանցման հաշվարկը սկսելով 11 կմ/ժ-ից, հաշվի է առել խախտումը արձանագրող արագաչափ սարքերի հնարավոր տեխնիկական անճշտությունը, ինչը, բնականաբար, գործում է հօգուտ վարորդների: Շատ դեպքերում որոշ վարորդների կողմից արվում են անտեղի մեկնաբանություններ, թե իբր «օրենքը մեզ 10 կմ/ժ արագության գերազանցման չափով նվեր է տվել», ուստի երբեմն մոռանալով սահմանված նորմերի մասին և շարժվելով ձևավորված ստերեոտիպով, հաճախ մոռացության են տալիս իրենց իսկ խոսքերով ասված' «օրենքով տրված նվերի մասին»' թույլ տալով խախտումներ, ինչը, ցավոք, բերում է անդառնալի հետևանքների:
Կատարվող փոփոխությունը նպատակ է հետապնդում իրավական ակտում ճիշտ արտացոլել գործող նորմերը և կարգավորվող հարաբերությունները օրենքով ձևակերպել այնպիսի խմագրությամբ, ինչ նպատակի այն իսկզբանե ծառայել է:
Թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ սահմանված լինելու դեպքում արագության գերազանցման սահմանագիծը վարորդի համար կրկին սկսվելու է 71 կմ/ժ-ից: Տարբերությունը կայանում է նրանում, որ 10 կմ/ժ-ը, որպես խախտումը արձանագրող արագաչափ սարքերի հնարավոր սխալանքի չափ, հստակ նշվելու է օրենքով: Օրինակ, երթևեկելով 71 կմ/ժ արագությամբ, օրենքի նոր խմբագրության համաձայն 71 կմ/ժ-ից հանելով 10կմ/ժ-ը կստացվի 61 կմ/ժ արագություն, այսինքն, 60+1: Բովանդակային առումով որևէ փոփոխություն չկրելով ուղղակի փոփոխվելու է նաև արագության ամրագրման ձևը: Եթե այժմ 71 կմ/ժ արագությամբ երթևեկելիս որոշման մեջ նշվում է 11 կմ/ժ-ի գերազանցում, իսկ փոփոխությունից հետո 71 կմ/ժ երեթևեկելիս որոշման մեջ նշվելու է 1 կմ/ժ-ի գերազանցում' ընդհանուր թվից բնականաբար հանելով 10կմ/ժ-ը:
Նույն օրինակները կարելի է բերել արագության գերազանցման մյուս չափերի կապակցությամբ:
Այսինքն, իրավական ակտով կարգավորվող հարաբերությունը առավել մատչելի և պարզ նորմատիվ կարգավորման ձևակերպումով, այն ավելի հստակ և ընթեռնելի է դարձնում հասարակության համար:
Օրենքի նախագծով դիսպոզիցիայի և տուգանքների չափերի փոփոխություններ չեն նախատեսվում: