Քաոսից խուսափելու հրամայականը

Հարգելի գործընկերներ,

Այս հղմամբ հասանելի է մեր վերլուծությունը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի և կից ներկայացված նախագծերի փաթեթի վերաբերյալ: Վերլուծությունում դրույթ առ դրույթ ներկայացված են օրենքների նախագծերի փաթեթի այն կետերը, որոնք վիճահարույց են և հետագայում կարող են առաջացնել խնդիրներ: Ես չեմ խորշում ևս մեկ անգամ ընդգծել, որ ներդրվող ինստիտուտը ի տարբերություն քրեական վարույթի, որը մեղադրյալի համար սահմանում է բազմաթիվ երաշխիքներ և պաշտպանության ավելի լայն հնարավորություններ է ընձեռնում, էականորեն ավելի բարենպաստ պայմաններ է սահմանում վարույթն իրականացնող մարմնի` դատախազության համար: Ուստի նախագիծը այս տեքստով, այս լուծումներով ոչ միայն խնդիրներ է ստեղծելու ՀՀ քաղաքացների համար` ոտնձգելով նրանց սեփականության իրավունքին, անմեղության կանխավարկածին, մի շարք այլ իրավունքներին և երաշխիքներին, այլ հետագայում մեջքով է շրջվելու հենց պետության նկատմամբ:
Նախագծի հեղինակներին հորդորում եմ յոթ անգամ չափել, մեկ անգամ կտրել: Եթե անգամ դուք, կամ ես խորացել ենք ու գիտենք այս ինստիտուտի նրբությունները, օրենքում գրված ամեն դրույթի տրամաբանությունը, դա ամենևին այդպես չէ կիրառող մարմնի ամեն աշխատակցի դեպքում: Հատկապես քաղաքական ցուցումի դեպքում իրենց վատ իմացությամբ նրանք կարճաժամկետ վնասելու են քաղաքացուն, միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով` պետությանը:

Դատախազությանն էլ կոչ եմ անում զգոն և ուշադիր լինել, հատկապես այս դեպքում չտրվել գայթակղությանը, այս դեպքում մարդկանց գույքի, սեփականության հետ եք գործ ունենալու, ու ամեն մի սխալը դառնալու է անձամբ ձեր, հետո` քաղաքական պատվիրատուի ու պետության խնդիրը: Եթե ամեն ինչ անեք օրինական, ապա բոլորս կշահենք։
Մեր դիտարկումները ուղարկվել են նաև ՀՀ ԱԺ նախագահին, ՀՀ ԱԺ խմբակցություններ, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով և ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:
Հ.Գ. Ազգային ժողովում նախագծի քննարկման ժամանակ արդարադատության նախարարը, անդրադառնալով բռնագանձման ենթակա գույքի համար սահմանված 25 միլիոն դրամի շեմին, նշել էր. «Նախապես նույնիսկ հիսուն միլիոն էր դրված, սակայն միջազգային փորձաքննություններից հետո վերանայեցինք:»
Այս կապակցությամբ մեր կազմակերպությունը դիմել էր նախարարին` խնդրելով տրամադրել միջազգային փորձագետների կարծիքների պատճենները կամ գոնե նշված կարծիքներից քաղվածքները, որոնցով առաջարկում է նվազեցել շեմը: Երեկ նախարարությունից մեզ տրամադրեցին պատասխան, որ լրացուցիչ աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն կա, և հարցման պատասխանը կտրամադրվի, ոչ թե հինգօրյա այլ, երեսունօրյա ժամկետով: Եթե այդ եզրակացությունները իրոք առկա են, ապա կասեք ինչի՞ համար է ձեզ անհրաժեշտ երեսուն օրը: Տպելու, թե ՞ պատճենելու համար: Հինգ օրում գոնե քաղվածքը կարո՞ղ էիք տպել կամ պատճենել: Թե՞ չունեք ու հիմա եք խնդրել ձեզ տան: