Վրաստանի վարչապետ Ի. Ղարիբաշվիլին հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ՝ ասելով, որ երկրում իրավիճակի ապակայունացման հիմնական նպատակը Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելն է։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է. «Երկիրը կարող էր վերածվել «պոլիգոնի, երկրորդ Մարիուպոլի»,- ասել է նա։ Վրաստանը դեռ դիմադրում է, հուսանք, որ վրաց հասարակությունը պինդ կգտնվի։

Ծանոթ իրավիճակ չէ՞։ Առնվազն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից Հայաստանը գնում է նույն ուղղությամբ. քանի՞ անգամ ենք հարցազրույցների, հոդվածների միջոցով զգուշացրել՝ նույն բառերով, որ Պրահայից հետո այս իշխանությունը լրիվ ուրիշ խաղ է խաղում։ ՀԱՊԿ-ի հանդեպ դեմարշները, ռուսական ներկայությունը Հայաստանում որպես մեր «անվտանգությանը սպառնացող գործոն» ձևակերպելը, Արևմուտքից դիտորդական տուրիստներ ներգրավելը, և այլն և այլն, նույն սցենարն է։

Հայաստանը գնում է տարածաշրջանային «Բախմուտ» դառնալու ճանապարհով, որովհետև ոմանք այդպես են տեսնում իշխանությունը պահելու ուղին։

Վրաստանում վիճակն այլ է, այնտեղ դեռ կա ադեկվատ իշխանություն, որը մշտական երկխոսության մեջ է սեփական հասարակության հետ։ Որքան էլ դժվար լինի՝ ատամներով պահելու են իրենց ճիշտ գիծը, որ պետությունը զերծ պահեն աղետից։

Հայաստանում, ցավոք, հենց իշխանությունն է տանում «բախմուտյան սցենարը»։

Այլընտրանք ստեղծելու, իրավիճակն ու կարծիքները բալանսավորելու ողջ բեռն այս պահին ընկած է հանրային մի քանի տասնյակ գործիչների վրա՝ մարդկանց այն խումբը, որ մի կողմ է դրել անձնական ամբիցիաները, զանգվածներին սիրաշահելու էժան ցանկությունն ու ամենօրյա ռեժիմով փորձում է խափանել աղետը։

Ղարիբաշվիլին, իրենից անկախ, նաև հայկական իրականությունը բաժանեց մի քանի մասի.

- նրանց, ովքեր պատրաստ են կասեցնել աղետը,

- նրանց, ովքեր թամաշայի մեջ են՝ սպասելով աղետին,

- և նրանց, ովքեր հենց իրենք էլ բերում են այդ աղետը մեր երկիր։

Հակասական վիճակում ենք. մի կողմից ակնհայտ է, որ առաջին խմբի ռեսուրսը փոքր է իշխանության գործունեության և հակընդդեմ դաշտի պասիվության պայմաններում, իսկ մյուս կողմից այդ խմբի մարդկային որակը հուշում է, որ կա զգալի պոտենցիալ՝ վիճակը փոխելու։ Բացասական մյուս գործոնը ժամանակն է, որն ակնհայտորեն քիչ է»։