Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատանը ունեցա շատ կարևոր հանդիպում Արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յուն Ֆանի հետ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
«Դեսպանին տրամադրեցի փաստահեն տեղեկություն Ադրբեջանի' 2022 թվականի սեպտեմբերի ռազմական ագրեսիայի հետևանքով իմ ծննդավայր Վարդենիսի տարածաշրջանի սահմանամերձ բնակավայրերում տեղի բնակիչների կորուստների վերաբերյալ։
Դեսպանը, անդրադառնալով Հայաստանի և Չինաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Չինաստանի տրամադրած օժանդակությանը, վերահաստատեց իր պատրաստակամությունը' աջակցել հայ ժողովրդին։
Քննարկեցինք նաև փոխադարձ հետաքրքրության այլ հարցեր և շեշտադրեցինք, որ մեր երկու բարեկամ ժողովուրդների միջև առկա հարաբերություններն ամուր հիմք են' համագործակցության զարգացման և նոր ծրագրերի իրականացման համար», - գրել է պատգամավորը։