Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից.
«Հարևան պետություններում ծավալվող իրադարձությունների համատեքստում հարկ է կրկին' ևս մեկ անգամ, նշել հետևյալը:
Պետությունը մեխանիզմ է, որի հիմքը անվտանգային համակարգն է: Երբ պետությունը պատերազմում պարտություն է կրում, նշանակում է մեխանիզմը կոտրվել է' մեկ այլ մեխանիզմի բախվելով: Երբ պարտությամբ հանդերձ տվյալ պետության անվտանգությունը սկսում է ապահովել մեկ այլ պետություն, նշանակում է մեխանիզմը կոտրվելուց զատ, չի կարողանում ինքն իրեն վերականգնել և դադար է առել:
Սրա միակ պատասխանատուն օրվա կառավարիչներն են և ինչքան էլ մեղադրեն նախորդներին, նրանց պատասխանատավությունը չի նվազելու, իսկ մեխանիզմը կոտրելուց հետո հերթական անգամ դրա համար պատասխանատվություն ստանձնելով, սակայն անվտանգային համակարգ չստեղծելով' նրանք զոհասեղանին են դնում ոչ միայն իրենց անպետք գլուխը, այլ նաև ամբողջ ազգինը:
Պետք է մեկընդմիշտ հասկանալ, որ պատերազմներում անհատները չեն պարտվում, պատերազմներում պարտվում են մեխանիզմները' համակարգերը: Հայաստանը մնացել է առանց անվտանգային համակարգ, առանց մեխանիզմ: Անհատական ջանքերը անօգուտ են լինելու քանի դեռ մեխանիզմը չի վերականգնվել. Այլ պետության կցորդ դառնալն էլ մեզ չի փրկելու տարածաշրջանում ահագնացող վտանգներից:
Անհատական ջանքերը անօգուտ են և այդպիսին մնալու են, քանի չկա մեխանիզմ: Քանզի միայն մեխանիզմն է ունակ միակցելու անհատական ջանքերը և դարձնելու մեծ ուժ, որ կարող է դիմակայել մեկ այլ մեխանզմի (պետության) հարձակումների:
Կեղծ են խաղաղության դարաշրջան կոչվող եզրույթները. Խաղաղության դարաշրջանը փակվել է, մարդկությունը բավականին երկար է եղել դրա մեջ, եկել է պատերազմների ժամանակահատված' խաղաղության մեջ նորաստեղծ մեխանիզմների ուժի ցուցադրման շրջան, ռեսուրսների վրա ազդեցության գոտիների վերաբաշխման շրջան: Եվ սա տեղի է ունենալու նաև մեր տարածքների վրա և մենք այս ամենում ռեսուրս ենք դիտարկվում, քանզի չունենք սեփական տոկուն և կենսունակ մեխանիզմը:
Այս վիճակը միակ լուծումը ունի, ստեղծել մեխանիզմ, ստեղծել անվտանգային համակարգ: Իսկ սա անելու համար պարտադիր չէ լինել պետական որևէ կառույցի մաս, պետք է ունենալ բավարար գիտակցություն և կամք' առաջ բերելու պետության վերաստեղծման գաղափար, հավաքվել դրա շուրջ, ստեղծել մեխանիզմ և բերել այդ մեխանիզմը արդեն դե ֆակտո պետության կառավարման: Սա կարող է տևել տարիներ, սակայն սրան այլընտրանք չկա, այլընտրանքը ներկան է, որ վստահաբար տանում է չգոյության, կամ էլ թե այլ պետության մեջ ձուլվելուն, ինչը նույնական է չգոյության հետ»: